|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նույն ջուրն ու նույն ջրաղացը11:59 Yerevan | 7:59 GMT | Thursday 10 April 2008Կարինե Հարությունյան Ինձ համար երեկվա քաղաքական օրն սկսվեց առավոտյան ժամը 9.30-ին, երբ երթուղայինով իջնում էի Մյասնիկյանի արձանի մոտերքը: Ձեռքները շփողների գլխին սառը ջուր պիտի լցնեմ. միտինգ կամ երթ կազմակերպելու, կոչեր անելու եւ, առավել եւս, ինքնակոչ նախագահի ինաուգուրացվելու արարողությունը, այսպես ասած, հարամելու մտադրություն չունեի: Գնում էի ընդամենը... աշխատանքի: Ու մինչ երթուղայինի վարորդը շրջանցում էր Երեւանի կենտրոնի արդեն իսկ ոստիկաններով ցանկապատված փողոցները, ուղեւորները ներսում «մինի» միտինգ էին անում. «Էս ինչ մարդիկ են, բա դրանք էսքան աննամուս ե՞ն, բոլոր փողոցները փակել են, ինչ է թե Սերժը երդում է ուտելու՞»: «Ու՞մ ա երդվում, ժողովրդի՞ն: Չէ, այ մարդ, դրանք իրար են երդվում, որ իրար հանկարծ դավաճանող չըլնի, ինչ ուզեն ժողովրդի գլխին սարքեն»: Ահա: Ահա եւ ձեզ միտինգ ու ելույթ: Ասենք թե ճամփեքը փակեցին, մարդկանց հոգիներն էլ հո փակել չի լինի: ...Ժամը 12-ին արդեն Մյասնիկյանի արձանի մոտ էին մի քանի ոստիկաններ՝ գլխավորությամբ Արաբկիրի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանի: Իսկ արձանը շրջափակված էր ժապավենով, կողքն էլ մի գրություն այն մասին, թե աշխատանքներ են իրականացվում: Էսպես որ գնա վարչախումբը կվերանորոգի բոլոր այն վայրերը, ուր ժողովուրդը կհավաքվի: Սրանից էլ լավ բա՞ն: Մի կրակոցով՝ երկու նապաստակ: Կարգին ժողովուրդ ենք` «վրաներս խաբար չկա»: Բոլոր երեւանցիների պես երեկ մի կերպ ես էլ փողոցից-փողոց անցա ու հասա... ցույցին: ԵԱՀԿ-ի գրասենյակի մոտ: Մի խումբ սեւազգեստ երիտասարդներ կարգախոսներով կանգնեցին գրասենյակի մոտ: Ահա կոչերից մի քանիսը. «Մեկ քայլ առաջ», «Եվրոպայի անտարբերության հավերժացման կազմակերպություն», «If those are your standards», «Then we dont accept them»: «Հույս» կազմակերպության անդամ Լալա Ասլիկյանին չթողեցին մտնել ԵԱՀԿ գրասենյակ: Իսկ գրասենյակից մի փոքր հեռու կանգնած հինգ-վեց ոստիկաններից մեկը մոտեցավ, թե՝ ի՞նչ եք անում: «Բողոքի ցույց ենք անում»: Ո՞վ է ձեր կազմակերպիչը. «Կազմակերպիչ չունենք, ցույցը ինքնաբուխ է»: Դուրս եկավ նաեւ ԵԱՀԿ-ի մամուլի խոսնակ Գոհար Ավագյանը: Ցույցի մասնակիցներից որեւէ բան չհարցրեց, գրառեց կոչերը ու գնաց: Իսկ ահա թե ինչ ասացին այդ ինքնաբուխ երիտասարդները: «ԵԱՀԿ-ն ինչ-որ չափով անտարբեր է եւ բավարար չափով չի արձագանքում նախագահական խայտառակ ընտրություններին: Բողոքում ենք դրա դեմ եւ էլի որոշ բաների դեմ: Ընտրակեղծիքները, սպանությունները, ձերբակալությունները, քաղաքական հետապնդումների փաստը ժողովրդին հանգիստ չի տալիս: Իսկ ո՞վ պիտի արձագանքի, եթե ոչ երիտասարդությունը: Գնալու ենք Մյասնիկյանի արձանի մոտ եւ մեր բողոքն արտահայտենք այն բանի դեմ, որ այսօր Մարտի 1-2-ի զոհերի քառասունքն է, բայց իրենք պատրաստվում են փուչիկ-մուչիկ թռցնել, երգել-պարել... Ոնց որ ձեռ առնեն հայ ժողովրդին»: «ԵԱՀԿ-ի տված ոչ անաչառ գնահատականների դեմ է մեր բողոքը: Երկակի ստանդարտներ են կիրառում մեր նկատմամբ»: «ԵԱՀԿ-ն իր զեկույցներով քարտ-բլանշ տվեց մեր երկրի իշխանություններին: Արդյունքում ունեցանք Մարտի1-2 եւ մինչեւ հիմա դրա շարունակության մեջ ենք: Այս ակցիայով ուզում ենք ասել, որ ԵԱՀԿ-ը իր պահվածքով ուղղակիորեն աջակցում է մեր գործող իշխանություններին եւ դա անում են իրենց հարկատուների փողերով: Փաստորեն ԵԱՀԿ-ը պետք է հաշվետու լինի իր հարկատուներին` այն բանի համար, որ աջակցում է բռնապետությանը»: Ժամը 16-ից հետո կրկին փողոց դուրս եկա քաղաքական մթնոլորտը հոտոտելու: Ոստիկանական ցանկապատներն արդեն չկային: Կար ժողովուրդ, որը շփոթի մեջ էր: Ահա մի քանիսի խոսքը: «Ինաուգուրացվեց՝ իբր: Ո՞վ: Չգիտե՞ք: Ինչ էլ անի, ինքը մեր նախագահը չի, մեզ հետ կապ չունեցող մեկն է: Էսքանը: Հերիք չի՞»: «Առավոտից փակել են ճանապարհները: Ձեռ են առնում մեզ, հերիք եղավ էլի: Ո՞նց պիտի ղեկավարեն: Ովքե՞ր: Սերժն ու Ռոբը: Գիտեք Ռոբը գնալու է՞: Դրանք երկուսն էլ մեկ են: Ժողովուրդն ասում ա. «Նույն ջուրն է, նույն՝ ջրաղացը»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |