|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մի բանդայի անդամի խոստովանական գրառումներից11:57 Yerevan | 7:57 GMT | Thursday 10 April 2008Մեսրոպ Հարությունյանmesropharut@rambler.ru Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:
Սկիզբը՝ նախորդ համարում
Օրագիր. 03.03. 2008 Կրծքիս մի սպիտակ թուղթ փակցրած լուռ ման եմ գալիս: Սա իմ բողոքն է պարտկոմի հրամանագրի դեմ: Սա էն թռուցիկն է, որի մասին անեկդոտ կա. «առանց այդ էլ ամեն ինչ ասված է»: Պարտկոմը գրաքննություն է մտցրել, թեպետ ԴԱ ԱՐԳԵԼՎԱԾ Է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով: Բոլոր խմբագրություններ են այցելել ԳէՊէՈՒ-ի (չէ, ես գիտեմ, որ դա հիմա ԱԱԾ է կոչվում, սակայն սրանք գործում են ճիշտ իբրեւ բոլշեւիկյան ԳէՊէՈՒ) գործակալները եւ նախազգուշացրել խմբագիրներին, թե պիտի տպագրեն միայն պաշտոնական հաղորդագրություններ: Որոշված է արդեն, որ լույս տեսնելուց առաջ տպարանում թերթերը գրաքննվելու են: 17 տարի է գրաքննություն չկա, եւ նույնիսկ սովետական վերջին տարիներին գլավլիտն արդեն մեղմացրել էր գրաքննությունը. գրաքննիչները ձեւացնում էին, թե նայում են համարները: Եվ միայն պարտկոմը կարող էր նման բան մոգոնել նորից: Բոլոր ինտերնետային կայքերն անջատված են, բայց տղերքը ձեւը գտել են. ինտերնետով լսում ենք «Ազատության» ձայնագրված ծրագիրը: Երեւի շուտով սրա առաջն էլ կառնեն: Հեռուստատեսություն չենք միացնում: Միացնենք՝ ի՞նչ անենք: Որ հիմա էլ հեռուստատեսությունի՞ց պարտկոմը, նորուզուրպատորը, աղվանը, մահտեսին հարձակվեն մեզ վրա, որ տեսնենք, թե թորոսիկը ո՞նց է հրճվում, հերթական անգամ լսենք ստրուկ-«լրագողերի՞ն»: Տեր իմ, Աստված, ստրուկ կար, որ գոնե ազատության ձգտում ուներ ու երբեմն-երբեմն ապստամբում էր: Սրանք ապստամբելու ցանկություն անգամ չունեն: Բայց չէ, բոլորին չասեմ. երկու հոգի ընդվզեց. Թաթուլը հեռացավ Հանրային ռադիոյից, իսկ Ծովիկը՝ «Հայաստանի Հանրապետություն»-ից: Երկու հոգի չուզեց ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՏԸ տարածողների կամ դրա տարածմանն ակամա նպաստողների մեջ լինել: Պետական սուտը շարունակում է ՔԱՂԱՔԱՑՈՒՆ տեռորիստ ներկայացնել: Իսկ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ շարունակում են հումոր անել: Ահա մի օրինակ, որ բերել է լրագրող ԱՐԿԱԴԻ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ (թարգմանությունը` ռուսերենից).
«Ոստիկանական բաժանմունքներից մեկում բերման ենթարկվածների թվում էին նախկին վարչապետն ու էկոնոմիկայի նախարարության նախկին աշխատակիցը: - Դուք ինչի՞ համար եք այստեղ հայտնվել, - հարցնում է աշխատակիցը նախկին ղեկավարին: - Առավոտյան հարձակվել եմ խաղաղ զբոսնող ոստիկանի վրա, - դառը հումորով ասում է վերջինս: - Իսկ դո՞ւ: - Դե, իսկ ես` շաբաթ օրերին, սովորաբար, մարզվում եմ` ծեծելով իշխանության ներկայացուցիչներին: Այս անգամ, ահա բռնեցին ու էստեղ բերեցին...»:
Օրագիր. 04. 03. 2008 Մի քանի թերթ լույս է տեսել. չեմ էլ ուզում անունները տալ. պարտկոմի հրամանով տպագրված մաղձ, թույն: Մամուլ՝ նվաստացված պարտկոմի կողմից: Մաղձ: Համարյա չեմ կարդում: Վերնագրերը բավական են. թույն է: Ու էդ թույնը հասնում է Ազգային ժողով: Ու վիշինսկու աշակերտ աղվանը միջնորդություն է ներկայացրել: Չորս պատգամավորի մեղադրանք առաջադրելու եւ կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելու մասին: Ազգային ժողովը չի բավարարում միջնորդությունը: Հավատացի՞ք... Հանգստացեք՝ բավարարում է: Ազգային ժողովում միայն «Ժառանգության» պատգամավորներն են խիստ, հստակ ու մարդկային հայտարարություն անում: Իսկ թորոսիկը՝ հրճվում է: Իսկ ո՞ւր է արտուրիկի կուսակցությունը, էս ինչո՞ւ են դրա անդամները լեզուները... Լավ, չհայհոյեմ՝ մեղմ ասեմ. ինչո՞ւ են տազ արել: Ու էս խորհրդարանը Սպարապետի ընկերներին կալանելու համաձայնություն է տալիս՝ Սպարապետի ծննդյան նախօրյակին: Բայց դե սրանք սենտիմենտալ զեղումների ժամանակ չունեն: Ինչպես չունի պարտկոմը, որ գարնան առաջին օրը արյունով ներկեց: Ու հատուկ էր ընտրել մարտի մեկը: Բարեկամներիցս մեկն ասաց՝ երեւի նույնիսկ հոխորտացել է. «սեւ գարուն կբերեմ դրանց գլխին»: Իրեն թվում է՝ բերեց: Սահմանադրական դատարանը սկսեց... Կարող են դատ էլ չանել: Ո՞վ չգիտի գագոյին... Ինչ-որ մարդիկ են լույս աշխարհ եկել՝ դատապարտում են ամեն ինչ: Նաեւ՝ նվնվում են՝ «...չընդունեց վեհափառին... բա ամոթ չի... վեհափառ մարդ է...»: Հատուկ այդ նվնվացողների համար՝
Մեջբերում մեր տեռորիստական բանդայի անդամ Լեւոն Խեչոյանից
«Մարդուն պիտի խնայենք: Իսկ մարդուն ո՞վ կարող է խնայել: Հոգեւորականը: Շահումյանը կորցնելու օրերն էին: Ժողովուրդը նահանջելով հետ էր գալիս: Մարդ չէր մնացել: Թիկունքում` ժողովրդին պահող ջոկատներն էին մնացել: Այդ օրը անձրեւի տակ, անտառների մեջ մի հոգեւորականի տեսա` գլուխը բաց, երկար փարաջայով, որի փեշերը թաց ու ցեխոտ էին: Երիտասարդ հոգեւորական էր: Բոլորը նահանջել էին, ինքը` անտառում էր: Ասացի` ի՞նչ ես անում, Տեր հայր, ժողովուրդը գնացել է: Ասաց` մարդ եմ փնտրում, ծառերի տակ մեկը մնացած չլինի: Վիրավոր, անօգ: Ինձ համար հոգեւորականը նա է: Աստծուն ճանաչում էր ինքը, իր հոտն էր ուզում փրկել` մինչեւ վերջին մարդը: Էդպիսին պիտի լինի հոգեւոր հովիվը: Հիմա` կաթողիկոսը Ազատության հրապարակում պիտի փնտրեր մարդուն: Տեսներ, թե որեւէ ոստիկանի մահակի տակ, որեւէ տեղ հո մարդ չի՞ մնացել: Առավել եւս` այդքան հացադուլավոր կար: Ո՞վ պիտի այդ հացադուլավորներին տեր կանգներ, սփոփեր իր աղոթքով, որ թեթեւ լիներ նրանց հացադուլը: Կաթողիկոսը մերժվածի մոտ պիտի գնար»:
Օրագիր. 05.03. 2008 Էսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է... Պիտի ինձ զսպեի, որ Սպարապետի ծննդյան օրը ոչ մի բան չգրեի սրանց հասցեին: Բայց չկարողացա: Առավոտյան մեկ գրառում համենայնդեպս արեցի՝ ի պատասխան աղվանի:
Այ, աղվա՛ն, Սահմանադրությո՛ւն կարդա
«Պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին հնարավոր է եղել օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերել եւ ձերբակալել հանցավոր գործողությունների իրականացման անմիջական հանգամանքներում, սակայն նրանք առ այսօր հրաժարվում են որեւէ ցուցմունք տալուց»: Սա աղվանն է ասել: Հատուկ իրավաբան աղվանի համար` մեջբերում ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ «Հոդված 21. Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Հոդված 22. Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ»: Ավելին ասելն իմաստ չունի, միեւնույն է` աղվանի նմանների համար մարդու իրավունքները, որ ամրագրված են Սահմանադրության մեջ եւ միջազգային փաստաթղթերում` որեւէ արժեք չունեն: Դահիճների համար արժեքը միայն սրած կացինն է, իրենց բարդույթներն արյունով մաքրելը:
Օրագիր. 06.03. 2008 Պարտկոմը երեկ հոխորտաց նաեւ մարդու իրավունքների պաշտպանի վրա: Սա ուզում է, որ ամեն ինչ ձեւական լինի: Ձեւական հեռուստատեսություն, ձեւական մարդու իրավունքների պաշտպան, ձեւական դատարան: Այսինքն՝ էդպիսին է դարձրել: Մարդու իրավունքների պաշտպանը մարդկանց պաշտպանելու համար է, ոչ թե քեզ գովելու, ա՛յ պարտկոմ: Չի հասկանա: Երբեք: Որովհետեւ այդպես են մտածում բոլոր բռնապետները: Բռնապետին ստեղծում է շրջապատը: Նաեւ՝ չընդվզողները, հարմարվողները, այսինքն՝ չախկալները... Անհամեստություն. մեջբերում իմ՝ մեր տեռորիստական բանդայի անդամ Մեսրոպ Հարությունյանի «Աբկայ. մեռնելու պարունակները» վեպից. (Աբկայը զրուցում է Սպարապետի հետ) «- ... Չես կարողանալու կամ չես հասցնելու: Քեզ չեզոքացնելուց հետո, ճիշտն ասած՝ հիմա չգիտեմ էլ, թե ինչ ձեւով են դա անելու՝ վարկաբեկելո՞ւ են, գո՞րծ են սարքելու վրադ, թե՞... նաեւ էս ժողովրդին են խեղճացնելու, որովհետեւ... Գյուրզան ամենաքինախնդիր օձն է, չի ներում, ոչ մի դեպքում չի ներում: Չի ներելու ոչ մեկին... Չի ներելու էս ժողովրդին, որ 88-ին ոտքի կանգնեց, որովհետեւ շատերն էն ժամանակների համար ընդունված բնականոն կարիերա էին անում, իսկ էդ բնականոն կարիերան ընդհատվեց... Ու էդ ժողովրդից պիտի մուռը հանեն... Իսկ թե ընդվզեց էս ժողովուրդը՝ զորք էլ կհանեն, կճնշեն, թեկուզ մի հարյուրն էլ զոհվեն, տանձներին չի... - Էլի չափազանցնում ես: Էդպես չի, հիմա էն ժամանակները չեն... - Քեզ եմ ուզում պաշտպանել (...) Գիտե՞ս ոնց է առաջանում բռնապետը: Էգոիստական նախասկիզբը մարդուն առաջ է տանում դեպի միայն իր շահերը: Ու հենց տեսնում է, որ իր շահերը ավելի փոքր են, քան նրանը, ով արդեն իշխանություն ունի, սկսում է նրան պաշտպանել, նրա շուրջը լինել, օգնել նրան բավարարելու իր կարիքները եւ ընթացքում սեփական կարիքները բավարարել: Էդպես մեկի շուրջ խումբ է գոյանում: Հետո էդ խմբից յուրաքանչյուրի շուրջ՝ ավելի փոքր շահերով մի խումբ... Ու էդպես հիմարացնում են մի ողջ ժողովրդի` ամեն օր նույնը՝ հաջողությունների մասին առասպելներ են պատմում... Էդպես են անելու... Արդեն պատրաստ կանգնած են չախկալները. ում մեջ ուժ տեսնեն՝ նրա ետեւից կգնան... Քո մեջ ուժ են տեսնում, բայց գիտեն նաեւ՝ պոետ ես էությամբ, կարող ես զգացմունքներիդ տուրք տալ... Կարող ես տղերքի հետ հավասարը-հավասարի խոսել, խմել, ասենք, երգել, սեղանի վրա բարձրանալ ու պարել... Դու իրենցից չես, դու ներքեւից ես եկել... Էդպիսիներին չեն սիրում... Սովետական նոմենկլատուրան, որ չի մեռել, իր ծոցից ելածին է սիրում ու նրան առաջ տալիս... Յոթ տարի ղեկավար էին Շարժման շնորհիվ ներքեւից բարձրացածները, ու հին նոմենկլատուրան նրանց չէր ներում, հարմար առիթի էր սպասում. իր կարծիքով՝ Հայրենիք էր կորցրել ու Երկիր, ու էդ կորստի հետ՝ իր կարիերան, որ պիտի աներ, ու չէր ներում՝ ժողովրդին անընդհատ հիշեցնում էր, թե առաջ լավ էր, իրականում իր ճամփան էր բացում... Դու չզգացիր, որ քեզ օգտագործեցին, որովհետեւ այդ պահին ուժ էիր... Բայց հիմա արդեն իրենց պետք չես, հիմա հին նոմենկլատուրան ու նրա նոր կոմսոմոլիկներն են գալու նորից՝ իրենց չարած կարիերան անեն, ու դու իրենց խանգարում ես...»: Շարունակելի |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԽաբեության մեխանիկան կամ Եվրոպայի ճակատագիրը ՀայաստանումԱնցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում: ՔաղաքականԵրեւան: 9 մայիսի: «Հաղթանակի» զբոսայգիՎերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ: ԱշխարհՏիգրան Կարապետիչը միշտ դեպի բարին է շրջվածԵրեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |