|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ընդդիմությունը Եվրոպական դատարանում պետք է վիճարկի Սահմանադրական դատարանի մարտի 8-ի վճիռը»12:48 Yerevan | 8:48 GMT | Wednesday 9 April 2008Ա. Սարգսյան Ճգնաժամային միջազգային խումբը երեկ հրապարակած իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, որն, ըստ զեկույցի հեղինակների, որակվել է որպես «ներքաղաքական խոր ճգնաժամային եւ աննախադեպ 1994թ. ի վեր»: Ըստ խմբի փորձագետների` ճգնաժամի առաջացման անմիջական պատճառները, խախտումներով անցած նախագահական ընտրություններն էին, դրանց հաջորդած ընդդիմադիր ցույցերի բռնի ճնշումը, մարտի 1-ի դեպքերից հետո Երեւանում հայտարարված արտակարգ դրությունն ու ընդդիմադիրների տոտալ քաղաքական հետապնդումներն ու ձերբակալությունները: Ճգնաժամը հաղթահարելու համար ՃՄԽ-ն հանդես է գալիս հստակ քայլերի դիմելու առաջակով: «Լեգիտիմության ճգնաժամից խուսափելու եւ քաղաքական կայունությունը վերականգնելու համար» Հայաստանի իշխանություններին առաջարկվում է «վստահություն ներշնչող երկխոսության» մեջ մտնել ընդդիմադիր ճամբարի հետ: Ճգնաժամից խուսափելու հաջորդ առաջարկը վերաբերում է հետընտրական փուլում երկրով մեկ հարյուրավոր ձերբակալվածներին: Այս առումով զեկույցի հեղինակները իշխանություններին խորհուրդ են տալիս «ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք բանտարկվել են իրենց քաղաքական գործունեության համար, դադարեցնել ընդդիմադիրների ձերբակալություններն ու նրանց դեմ սպառնալիքները` այդ թվում այն գործողությունները, որոնք ուղղված են փետրվարի 19-ի ընտրություններում իշխանական թեկնածուի հիմնական մրցակցի` նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ»: Մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ խմբի փորձագետները գտնում են, որ «իշխանությունները պետք է նախաձեռնեն մարտի 1-ի իրադարձությունների անկախ, միջազգային փորձագետների մասնակցությամբ հետաքննություն` պարտավորվելով պատժել այն բոլոր ոստիկաններին, որոնք ապօրինի զենք են կիրառել քաղաքացիների դեմ»: Բացի այդ, Միջազգային ճգնաժամային խումբը Հայաստանի իշխանություններին կոչում է անհապաղ վերացնել հանրահավաքների մասին օրենքում «արտակարգ դրության ռեժիմի գործողության օրերին կատարած փոփոխությունները», հետաքննել ընտրությունների օրը տեղամասերում արձանագրված բռնությունները: Հայաստանյան ընդդիմությանը խորհուրդ է տրվում «առանց որեւէ նախապայմանի եւ առանց հապաղելու» երկխոսության մեջ մտնել իշխանության հետ: ՃՄԽ-ն հայաստանյան ընդդիմությանը խորհուրդ է տալիս Սահմանադրական դատարանի մարտի 8-ի վճիռը վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Խմբի փորձագետներն ընդդիմությանը նաեւ կոչ են անում բացառել ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել անկարգությունների, մասնավորապես` «պետական հիմնարկների արգելափակմանն ու այդ հաստատությունների գործունեության համար սպառնալիքների ստեղծմանը»: Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները խստորեն քննադատում են արեւմտյան կառույցներին` դրանց արձագանքը անվանելով «ոչ համարժեք»: Քաղաքական զարգացումների ներկա փուլում, ըստ զեկույցի հեղինակ-անդամների, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է օգնեն բոլոր առաջատար քաղաքական ուժերին, որպեսզի կայանա ուղղակի բանակցություն միմյանց հետ. «Բացի այդ, Արեւմուտքը միանշանակորեն պետք հասկացնի Սարգսյանի վարչակազմին, որ բնականոն հարաբերություններ չեն կարող հաստատվել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական ուժերի հաշտեցմանն ուղղված լուրջ քայլեր չեն ձեռնարկվել եւ քանի դեռ չեն վերացվել ներկա անկայունության խորքային պատճառները»: Ըստ ՃՄԽ-ի` եթե Հայաստանի կառավարությունն, այնուամենայնիվ, չդիմի վերը նշված քայլերի իրագործմանը, ապա անհրաժեշտ է մտածել ավելի հատու եւ խիստ գործողությունների մասին: Իրադարձությունների զարգացման նման տարբերակի դեպքում Միջազգային ճգնաժամային խումբը Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը խորհուրդ է տալիս. «1. Դադարեցնել Հայաստանին հատկացվող օգնության տրամադրումը», «2. Եվրոպայի Խորհուրդը պետք է քննարկի Հայաստանի անդամակցության սառեցման հարցը» եւ «3. Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է քննարկման առարկա դարձնեն դիվանագիտական էմբարգոյի հարցը` արգելք դնելով նախագահ Սարգսյանի եւ ուժային կառույցների ղեկավարների` Արեւմուտք կատարվող ցանկացած այցելության վրա»: Այս վերջին քայլի անհրաժեշտությունը, ըստ խմբի փորձագետների, կարող է ծագել` եթե լինեն բռնության նոր դեպքեր: Զեկույցի հեղինակները մանրամասնորեն անդրադառնում են հատկապես մարտի 1-ի իրադարձություններին` արձանագրելով. «Կասկած չկա, որ խաղաղ ցուցարարների հանդեպ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կառավարության իրականացրած գործողություններն էին, որ հետագայում հանգեցրին նման ողբերգական իրադարձությունների»: Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը փորձ է անում հասկանալ, թե որոնք էին առկա ճգնաժամի խորքային պատճառները: Ըստ խմբի մասնագետների` դրանք են. իշխանության կենտրոնացումը գործադիր մարմինների, բանակի եւ անվտանգության ծառայությունների ձեռքում, արդարադատության համակարգի փաստացի անազատությունն ու Հայաստանում գործող հիմնական լրատվամիջոցներում առկա կառավարական գրաքննությունը: Միջազգային ճգնաժամային խումբը համարվում է աշխարհի նշանավոր 10 վերլուծական կենտրոններից մեկը, որը գործում է 1995թ. աշխարհի բոլոր այն կետերում, որտեղ առկա է ճգնաժամ, պատերազմ եւ կամ հակամարտություն: ՃՄԽ-ն ունի մոտ 40 տարբեր ազգություն ներկայացնող մոտ 140 աշխատակից աշխարհի տարբեր հատվածներում: Միջազգային ճգնաժամային խմբի գործադիր խորհրդի համանախագահն է ԵՄ արտաքին հարաբերությունների նախկին գլխավոր հանձնակատար, Հոնգ Կոնգի նախկին նահանգապետ, Մեծ Բրիտանիայի նախարարների խորհրդի անդամ եւ Օքսֆորդ եւ Նյու Քեսթըլ համալսարանների ղեկավար անդամ Լորդ Պատտեն օֆ Բարնեսը: Խմբի գործադիր անդամներից է նաեւ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը: Գործադիր խորհրդի կազմում են այնպիսի նշանավոր քաղաքական գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին, Եվրախորհրդարանի նախկին նախագահ Պատ Քոքսը, Գերմանիայի նախկին արտգործնախարար Յոշկա Ֆիշերը, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահթիսահարին եւ այլք: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |