“Zhamanak” Armenian-American Political Daily

Մի բանդայի անդամի խոստովանական գրառումներից

12:38 Yerevan | 8:38 GMT | Wednesday 9 April 2008

Մեսրոպ Հարությունյան

mesropharut@rambler.ru

Կոլաժ՝ նվիրված նորուզուրպատորի ինաուգուրացիայի իմիտացիային

Այս կոլաժում փոքրատառով հիշատակված բոլոր անձինք մտացածին են, հնարավոր համընկնումները` պատահականություն:

...Եվ պարտկոմը, երկու անգամ, ձեռքը դրած Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա, երդվելով երդվել ու ասել է.

«Ստանձնելով... պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը՝ ի փառս... եւ ի բարօրություն... ժողովրդի»:

Առաջին երդումին հաջորդեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ը...

Հետո՝ սպանությունը «Պապլավոկում»...

Շարունակությունը բազմիցս թվարկված է:

Երկրորդ երդումի պահին ոստիկանները մահակներով ծեծում էին հազարավոր մարդկանց:

Եվ երկրորդ երդումից ուղիղ հինգ տարի հետո՝ դարձյալ ութ զոհ (պաշտոնական տվյալներով):

Օրագիր. 01. 03. 2008

Մեր տեռորիստական բանդայի (տես՝ ստորեւ) անդամ Ավագ Եփրեմյանը ժամանակին գրել է.

Թող ինձ երբեք

չուրախացնեն, Տեր,

ոչ բարեկամի եւ ոչ թշնամու արտասուքները...

Իմ ախպեր Ավագը շատ բարի է, ինքը պոետ է ու բարի, ինքը մի անգամ ասաց նաեւ, թե իր համար չկան մարդիկ, որոնց «տանել չի կարողանում»: Ասաց, երբ ես խոսքի մեջ թվարկեցի նրանց, ում տանել չեմ կարողանում: Ինքը նաեւ գրել է՝ «Ոչմիտեղից՝ սիրով»: Անգամ էս դեպքում՝ սիրով:

Ես հիմա, էս քսան օը, երեւի սիրով չկարողանամ...

Մեր տեռորիստական բանդայի անդամ Լեւոն Խեչոյանն իմաստունի խոհեմությամբ, համոզված եմ, դեռ կգրի էս ամեն ինչի մասին՝ գեղարվեստական ուժով նկարագրելով ամենամեծ ոճիրը՝ հոգիների սպանդը, որ իրականացվեց մարտի 1-ի լուսաբացին, երեկոյան, գիշերը ու շարունակվում է դեռ: Իմ ավագ ախպեր Լեւոնը ասել է նաեւ՝ «ես միշտ ծեծվողի կողմն եմ...»:

Ես՝ մարտի 1-ից 20-օրյա լռության ուխտ եմ հայտարարել, ոչ թե պարտկոմի հրամանին ենթարկվելով, այլ որ էս կոլաժը նկարեմ...

***

28 օր ամբողջ երկրով մեկ մի մարդու լուսանկարներ էին փակցված՝ մեծ ու փոքր: Որ փողոցով անցնեիր, էդ նկարները հարձակվում էին վրադ` ճիշտ այնպես, ինչպես դիմակավոր ոստիկանները գարնան առաջին օրը հարձակվեցին Ազատության հրապարակի խաղաղ ժողովրդի վրա, իսկ հետո՝ նույն օրվա երեկոն ներկեցին արյունով:

Այդ լուսանկարից նայող հայացքը:

Բայց ինչո՞ւ միայն նրա: Հիմա ես, չզարմանաք, համակարգչիս էկրանին շարել եմ նրա եւ էլի մի քանիսի` ազարյանների, մահտեսիների, աղվանների նկարները, ու նաեւ՝ թորոսիկինը, արտուրիկինը, ու նաեւ՝ պարտկոմինը՝ նրանը, ով հրամանը տվեց ժողովրդին կոտորելու: Եվ այդ լուսանկարներից յուրաքանչյուրին առավել քան համապատասխանում է Ռոբերտ Բյորնսի՝ մի այլ դիմանկարի համար արված մակագրությունը.

Այս հայացքը կեղծ չէ բնավ,

Ոչ, չեն ստում այս աչքերը,

Ճշմարիտ են ասում նրանք՝

Սրիկա է իրենց տերը:

Օրագիր. 02. 03. 2008

Գյումրիում բերման են ենթարկել մեր ընկեր, «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Պարզ է, չէ՞, սրանց ստանդարտ ձեւակերպումը. հանրահավաքի կոչեր է արել ու չի ենթարկվել ոստիկաններին: Ծիծաղելի են: Մեկնում ենք Գյումրի: Ութ հոգի ենք: Ստացվում է, որ խախտում ենք արտակարգ դրության ռեժիմը. ութ հոգին արդեն ժողով է, չէ՞:

Սուտը, սրանց պետական սուտը՝ կարմիր լաթի կտոր է, ու ժողովուրդը կատաղած է: Ներսում՝ եռում է: Ու էդ սուտը, օ՜ սարսափ, պաշտպանում են ՔԱՂԱՔԱՑՈՒՆ դատապարտողի կերպարանք առած «մտավորականները»:

Հեռուստատեսություն չենք նայում, բայց զանգում՝ ասում են. էս ալիքով էսինչն է խոսում, էն մեկով՝ էնինչը, երրորդով (անունները կարեւոր չեն): Նրանք ներկայանում են մտավորականի տեսքով: Հա, հենց տեսքով: Բայց` մտավորական չեն: Նրանք ամբոխ են այլեւս՝ զի նույն բառերն են աղում: Մտավորականը՝ անհատականություն է, անկրկնելի, չի կարող ասել ամբոխինը: Իսկ սրանք՝ ամբոխ են: Կրթություն ստացածների ամբոխ:

Մեջբերում մեր տեռորիստական բանդայի անդամ Վաչե Եփրեմյանի «Պարականոն քրեստոմատիայից»

«Ո՞ւր են մտավորականները» թատերականացված կենսաբանությանը կարելի է հակադրել պատմամշակութաբանական չափազանց սեղմ մի տեղեկագիր.

Ռ. Սեւակը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր բժիշկները մտավորական են,

Գ. Զոհրապը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր պատգամավորները մտավորական են,

Տ. Չրաքյանը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր ուսուցիչները մտավորական են,

Շ. դը Գոլը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր զինվորականները մտավորական են,

Ու. Չերչիլը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր վարչապետները մտավորական են,

Ալեքսանդր 3-րդը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր ցարերը մտավորական են,

Լեւ Տոլստոյն ինքը չէր ընդունում իր մտավորական լինելը՝ ազնիվ էր...

«Ո՞ւր են մտավորականները» աղմուկ հանելուց առաջ ու հետո հայացքներս ուղղենք

ցեղից, պաշտամունքից, արարողությունից,

զանգվածից, գաղափարախոսությունից,

Կղզուց դուրս, եթե իրոք զգում ենք մտավորականի «բացակայությունը»...

Ավելացում իմ կողմից՝

Հրանտ Մաթեւոսյանը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր գրողները մտավորական են:

Լեւոն Ներսիսյանը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր դասախոսները մտավորական են:

Ռաֆայել Ղազարյանը Մտավորական էր, ինչը չի նշանակում, թե բոլոր ակադեմիկոսները մտավորական են:

Օհան Դուրյանը Մտավորական է, ինչը չի նշանակում, թե բոլոր արվեստագետները մտավորական են:

Հակոբ Հակոբյանը Մտավորական է, ինչը չի նշանակում, թե բոլոր նկարիչները մտավորական են:

Շարունակեք ինքներդ:

Մեր տեռորիստական բանդայի անդամ Լեւոն Խեչոյանը մի հարցազրույցում, անդրադառնալով իշխանությանն արդարացնող մտավորականներին, ասաց.

«Չեմ ուզում իրենց դատել` դատված չլինելու համար»:

Լեւո՛ն, եղբա՛յրս, բայց տեսնո՞ւմ ես, սրանք են սկսել դատել՝ մեզ, ինձ, քեզ.. Ու ի՜նչ ծանոթ բառեր են օգտագործում: Չէ ՛, Լեւոն ջան, թող որ անգամ հետո դատվեմ, միեւնույն է, պիտի դատեմ սրանց իմ խոսքով:

Իմ ախպեր Լեւոնն այդ հարցազրույցում շարունակում է.

«... Բայց դատապարտվում է մի բան, որը ժողովրդի հոգեւոր ազատության արտահայտությունն է: Ճիշտ չէ: Նրանք ճիշտ կանեին հրապարակում լինեին: Ես ժամերով քայլում եմ ժողովրդի մեջ եւ... մեծ մասը երիտասարդներ են: Լույսի պես երեխեք են, որոնք հավատ ունեն, մկանուտ են, պինդ են եւ ոգի ունեն: Նշանակում է` մեր ազգի ողնաշարն այնտեղ է: Ուրեմն, ի՞նչ պետք է անել, նկատի ունենալով, որ իրավիճակը անընդհատ սրվում է, քանի որ քաղաքում նախապատրաստական ուժեր կան: Հարկավոր է, որ ամեն մտավորական Ազատության հրապարակում լինի, որպեսզի իրենով պաշտպանի երիտասարդներին: Որպեսզի թույլ չտա մահակ բարձրացնել որեւէ մեկի վրա»:

Սակայն չանսացին Խեչոյան Լեւոնին. ու սկսված է նրանց` ոճիրն արդարացնողների` «ադաբրյամսի» ու «ասուժդամսի» հանդեսը: Հոմոսովետիկուսը, որ կարծում էինք էս քսան տարում պիտի մեռած լիներ, պարզվում է, հենց այդ «մտավորական» ամբոխի մեջ է քնած եղել, որ հարմար առիթով հրճվանքով գլուխ բարձրացնի: Գործունեության ի՜նչ դաշտ է բացվել սրանց առաջ... Ու ուզում են, որ այլ կերպ մտածողները` լռեն: Մենք` լռենք: Ի տարբերություն իրենց, մենք կարծում ենք, որ իրենք իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու: Ու՞ր էր, թե կարծիք ասեին: Մի հանգով երգում են: Եվ դա է ինձ ստիպում ասելու, որ սա արդեն «մտավորական» ամբոխ չէ: Սա դարձել է Շերխանի (երեկ՝ պարտկոմի, վաղը՝ նորուզուրպատորի) շուրջը պտտվող «մտավորական» չախկալների ոհմակ, ինչպես 20-րդ դարի 30-ականներին էր: Ոհմակը ոռնում ու գնդակահարության էր ուղարկում Բակունցին: Ոհմակը ոռնում ու մահվան էր ուղարկում Չարենցին, աքսորի՝ Մահարուն... Հետո ոհմակը ոռնում էր...

Ոհմակը ոռնում է, անհատը կործանվում: Ոհմակը պիտի հոշոտի ու հոշոտում է անհատներին: Էս անգամ ո՞ւմ է բանտ ուղարկելու ոհմակը. Օհան Դուրյանի՞ն, Երվանդ Մանարյանի՞ն... Էլ ո՞ւմ: Եվ անգամ պատմությունը սրանց համար դաս չի եղել... Անցյալ դարի 30-ականների ռեպրեսիաներին ի վերջո հաջորդեցին ռեաբիլիտացիաները... Բա հիմայի՞ց հետո. նոր ու իրական ռեաբիլիտացիաների՞ց հետո... Ի՞նչ երեսով են նայելու էն մարդկանց, ում վրա էսօր պարտկոմի հրամանով ոռնում են... Արդարանալո՞ւ են. «ժամանա՜կն էր այդպիսին»... Ինչպիսի՞ն:

Ոհմակը՝ ոռնում է, ծախողը՝ ծախում («սա կամ սրա ախպերը, քույրը, քավոր-սանիկը ընդդիմության ներկայացուցիչ է, գործից պետք է հանել, ձերբակալել»), մուղդուսու հետնորդները ձերբակալում են, վիշինսկու աշակերտները՝ ինքնախոստովանական ցուցմունք կորզում, որ էլի մեկին ձերբակալեն...

Մնացել է մի քայլ՝ տրոյկաներն էլ ստեղծեն՝ պրծնենք:

Հոմոսովետիկուսը չի մեռել, ծլարձակել է նոր չախկալների մեջ, որոնք չտեսան ՔԱՂԱՔԱՑՈՒՆ՝ 500 հազարում:

Սպանվողը՝ մենք ենք: Սպանվողը ՄԻՏՔՆ է: Մտածող մարդը: Ինչպես բոլոր բռնապետների օրոք:

Եվ այսպես է լինելու՝

Քանի դեռ

Վտանգավոր չեն

Անտաղանդները,

Քանի դեռ

Տաղանդն է

Վտանգավոր:

(Ավագ Եփրեմյան, մեր տեռորիստական բանդայի անդամ)

Շարունակելի

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.