|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Բռնապետության նահատակը12:12 Yerevan | 8:12 GMT | Tuesday 8 April 2008Մարինա Բաղդագյուլյան ...70 տարի առաջ ապրիլի 6-ին Վեհարան են ներխուժում չորս ծախու հանցագործներ` կատարելու իրենց սեւ գործը: Առավոտյան Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետին սպանված են գտնում իր գրասեղանի կողքին` գետնին ընկած: Խորեն Վեհափառը եկեղեցամարտ բռնապետության պայմաններում անմար էր պահում քրիստոնեական հավատքի լույսը, երկխոսություններ էր վարում իշխանությունների հետ` իրագործելու հայության նվիրական իղձերը: Եթե նախկինում ամեն քիչ թե շատ տառաճանաչ մեկը կարող էր դասվել հայ հոգեւորականի շարքը, Խորեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի պահանջով այլեւս խիստ քննության էին ենթարկվում ապագա ճեմարանականները: Ինքը ժամանակի ուսյալ այրերից էր: Նա ազգընտիր Կաթողիկոս էր: Նրա անձի շուրջ օղակը ավելի ու ավելի էր սեղմվում: Բռնապետություն էր: 1938 թիվը: Նրան սպանեցին, քանի որ հակառակվում էր խորհրդային իշխանությունների աթեիստական գաղափարախոսությանը, եկեղեցահալած եւ հայահալած քաղաքականությանը, քանի որ Խորեն Կաթողիկոսն իր էությամբ պատվար էր նրանց այդ քաղաքականության դեմ: Նրա նահատակության մի քանի վարկածներ կան` խեղդամահություն, թունավորում եւ պաշտոնական վարկածը` սրտի կաթված, որ անընդունելի էր թե Սփյուռքի, թե Հայաստանի հոգեւոր դասի համար: «Մեզ համար նա նահատակ է: Քննելով նրա կյանքի պատմության դրվագները` միանշանակ հանգում ենք նրա` նահատակ լինելու եզրակացությանը», - ասաց Տ.Ասողիկ քահանա Կարապետյանը: Ապրիլի 6-ին Կամերային երաժշտության տանը «Նահատակ հայրապետը» խորագրով հուշ-երեկո էր` նվիրված Տ.Տ.Խորեն Ա Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության 70-րդ տարելիցին: Մայր Աթոռի արխիվի տնօրեն Տ.Ասողիկ քահանա Կարապետյանը տեղեկացրեց, որ առաջիկայում լույս է ընծայվելու Խորեն Ա-ի անտիպ վավերագրերի եւ լուսանկարների մի հատոր: «Կան հիշատակներ, որոնք վեր են ժամանակի իշխանությունից` արձանագրվելով ոչ միայն ազգի պատմության ոսկի էջերում, այլեւ յուրաքանչյուր հավատավորի սրտում ու հոգում: Այդպիսին է եւ այդպիսին պիտի լինի նահատակյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Խորեն Մուրադբեկյանի հիշատակը, քանզի բազմավաստակ Հայրապետը` իբրեւ Գրիգոր Լուսավորչի գահի արժանավոր ժառանգորդ, հերոսացավ ու հավերժացավ իր բոլորանվեր կյանքի ճանապարհին` պաշտպանելով Եկեղեցին Հայաստանյաց, իր օրինակով ամուր պահելով լույս հավատքն ու եկեղեցասիրությունը հայորդյաց», - ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: Մեր օրերում ինչպիսի՞ն պետք է լինի ճշմարիտ հոգեւոր առաջնորդը, - հարցնում եմ Տ.Ասողիկ քահանային: Հոգեւորականը Աստծո ծառան է, հավատքի քարոզիչը: Բայց Հայոց եկեղեցվո պարագային պետք է ասել, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, հետեւաբար մեզ համար կան ազգային արժեքներ: Ազգային ո՞ր արժեքները: Մեզ համար ազգային արժեք է լեզուն, մատենագրությունը, այն ավանդները, որոնցով դարեր շարունակ կրթվել, դաստիարակվել եւ առաջնորդվել է հայ ժողովուրդը: Եվ հայ հոգեւորականը տերն է եւ պահապանը այդ արժեքների: Իսկ ժողովու՞րդը: Ժողովուրդը նույն Եկեղեցին է: Երբ ասում ենք Հայոց Եկեղեցի, պատկերացնում ենք հայոց ազգ, երբ ասում ենք հայոց ազգ, պատկերացնում ենք նաեւ Հայոց Եկեղեցի: Այս երկուսը իրարից անբաժան են, ինչպես Հոգին եւ Մարմինը, Մարմինը եւ Հոգին: Հոգու եւ Մարմնի անբաժանության համար պայքարում նահատակվեց Խորեն Վեհափառը: «Նրա սուրբ օրինակով մեր կյանքը դարձնենք աղոթք ու նվիրում, ի շինություն Հայրենիքի, ի պայծառություն մեր Մայր Եկեղեցու եւ ի բարօրություն հայ ժողովրդի», - այսպես պատգամեց Գարեգին Բ Կաթողիկոսը: Ուստի, թող անբաժան լինի Մարմինը Հոգուց, Հոգին` Մարմնից. ի՞նչ իմանաս, ի՞նչ կլիներ, թե ժողովրդամարտ բռնապետության պայմաններում հոգեւորական դասը փորձեր երկխոսություններ անցկացնել իշխանությունների հետ` իրագործելու հայության նվիրական իղձերը, քանի որ եկեղեցամարտ բռնապետության պայմաններում` 1938 թվին, երբ հալածանք էր հրահրվում ու իրագործվում ոչ միայն բանվորների, մտավորականների, ժողովրդի տարբեր խավերի, այլեւ եկեղեցու դեմ, շուրջ 2000 հոգեւորականներից այլեւս Հայոց Եկեղեցու սպասավոր, Աստծո ծառա, հավատքի քարոզիչ 7-8 վանականներ էին մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եվ եթե հնարավոր է, թող հայոց ազգ ասելիս պատկերացնենք Հայոց Եկեղեցի, Հայոց Եկեղեցի ասելիս` հայոց ազգ... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |