|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Երկիրը երկիր չի» շարքից11:53 Yerevan | 7:53 GMT | Tuesday 8 April 2008Կարինե Հարությունյան Երկիրը պիտի երկիր լինի, նախագահն էլ՝ նախագահ, որ ժողովուրդը կենցաղային մանր-մունր խնդիրների ու վայելքների մասին մտածի, լրագրողն էլ սիրուն-սիրուն բաներ գրի: Թե չէ` ամեն օր ձերբակալություն: Ամեն օր հացադուլ: Ամեն օր քաղաքական հետապնդումներ: Ծեծուջարդ` բանտերում: Դատուդիվան՝ հագեցած անասելի ցինիզմով: Պետական մակարդակի զրպարտանքներ՝ ուղղված ժողովրդի մի ստվար զանգվածին: Հետապնդումներ եւ ճնշումներ՝ լրագրողների նկատմամբ: Ժողովուրդ փչացնելու եւ հասարակություն խեղելու հետեւողական քաղաքականություն: Գործող վարչախմբի՝ աթոռներից կառչած մնալու մարմաջն այնքան մեծ է, որ, այսպես կոչված, իշխանությունը հետապնդում է նաեւ...հացադուլավորին: Այդպես եղավ Վանատուրում, երբ երկու անգամ երկրի ոստիկանության մարզային անխոնջ մարտիկները գողացան հացադուլավորների վրանները, բերման ենթարկելու մտադրությամբ քաշքշեցին երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկ, հացադուլավոր Արշավիր Բոզինյանին, ձերբակալեցին մյուս հացադուլավոր ազատամարտիկին՝ Գեւորգ Գեւորգյանին: Մարդուն հասցրին պայքարի ամենածայրահեղ միջոցի՝ ջրադուլի եւ դեռ ահաբեկեցին, թե՝ հացադուլ չանես ու մտքովդ չանցնի միտինգների մասնակցես: Երեկ Արշավիր Բոզինյանի վիճակը վատացել է` 14-օրյա հացադուլի ու նաեւ այն պատճառով, որ 21-րդ դարի Հայաստանում չի գտնվել մի մարդասիրական կառույց, որը հացադուլավորի առողջական վիճակը հսկողության տակ առներ ու պարբերաբար հետեւեր նրան: Արշավիրի մարտական ընկերները եկել եւ խնդրել են գոնե մի քանի օրով դադարեցնել հացադուլը: Երեկ «Սասուն» ջոկատի ութ ազատամարտիկներ եւ նույն ջոկատի զոհված ազատամարտիկ Անդրեյ Սարգսյանի որդին հայտարարել են հացադուլ` եռօրյա պայմանական ժամկետով, պահանջները չկատարելու դեպքում՝ անժամկետ: Ահա թե ինչ է գրված նրանց հայտարարության մեջ. «Մենք` ներքոստորագրյալ ազատամարտիկներս, արտահայտելով քաղաքական կամք եւ համառություն, հաստատակամ լինելով մեր հայացքների մեջ, հայտարարում ենք հացադուլ՝ «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս ազատամարտիկ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջով: Խնդրում ենք այն գրանցել եւ ապահովել հացադուլավորների անվտանգությունը եւ սահմանել անհրաժեշտ բժշկական հսկողություն»: Այստեղ են ասել` տառապանքս փորձ ունի: Նրանց կարող են քաշքշել, ծեծել, ձերբակալել, բացատրություն պահանջել` ընդհուպ մինչեւ տնային կալանքի տակ պահել: Այս ռեժիմը վաղուց ապացուցել է, որ պայքարի ցանկացած քաղաքակիրթ դրսեւորում իրեն խորթ է ու ինքը ունակ չէ համարժեք պատասխանի: Ապացույցներ նշել պետք էլ չի: Դրանք արդեն երկու շաբաթ է ամենուր են` քրեակատարողական տարբեր հիմնարկներում եւ Վանատուրում: Ահա այս հայտարարության տակ ստորագրածների անունները` Կամո Թորոսյան, Նորիկ Սարգսյան, Էդուարդ Սարգսյան, Կամո Միքայելյան, Շիրակ Ռստակյան, Գագիկ Մաթեւոսյան, Ջիվան Հովհաննիսյան, Սպարտակ Թադեւոսյան, Գեղամ Աբրահամյան: Այս անուններին կարող են միանալ նաեւ կանայք: Նրանցից ոմանք ձերբակալված ազատամարտիկների կանայք են, ոմանք` զոհված ազատամարտիկների: Սակայն գյուղի տղամարդիկ թույլ չեն տալիս կանանց միանալու իրենց հացադուլին: Իսկ կանայք ասացին, որ. «Ընթացքից կերեւա, կարող է եւ մի քանի օրից միանանք, եթե տղամարդկանց հացադուլին ուշադրություն չդարձնեն»: Ահա եւ տասնամյա ռեժիմի պտուղները: Ռեժիմ, որը սպառնում է մնալ եւս հինգ տարի: Գուցեեւ ավելի, եթե համաժողովրդական ընդվզման այս հզոր ալիքը հաջողվի ջարդել: Բայց մի բան է թույլ եւ հիվանդ համակարգի ամեն գնով վերարտադրվելու ցանկությունը, մի այլ բան` այդ համակարգը հիմնովին ջարդելու ողջ ազգի համառությունը: Այդ համառության արտահայտություններից մեկն էլ վանատուրցիների շարունակական միտինգներն են: Երեկ միտինգավորները կրկին այնտեղ էին` իրենց հավաքատեղիում, որի անունը կնքել են Ազատության հրապարակ: Նրանք կրկին վանկարկում էին «Սա-սուն» եւ «Ա-զա-տու-թյուն»: Բավականին երկար մնացին ու երեւի հոգնեցրին ոստիկաններին: Էս «խեղճերը» բանուգործները թողած` եկել են հաշվելու, թե քանի միտինգավոր կա ու քանի լրատվամիջոցից են նրանց այցելել հերթական անգամ: Մի խոսքով` Կոտայքի մարզի ոստիկանությունն էլ է զբաղված ներկա-բացակա անելով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |