|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Դավիթ Հարությունյան. «Վենետիկի եզրակացությունը չի կարող մնալ անարձագանք»11:50 Yerevan | 7:50 GMT | Tuesday 8 April 2008Մարինե Խառատյան ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ, ինչպես ասում են, մկան ծակին հազար թուման էր տալիս, լրագրողների հետ հանդիպումներից խուսափելու համար. ԱԺ դահլիճ էր գալիս բացառապես ներսի մուտքից ու նույն մուտքից էլ` հեռանում: Հիշում եք` ինչպես էր ԱԺ նախագահը թեւերը փռել «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին օրենքի» վերջին փոփոխության վրա ու համոզված պնդում, թե օրինագիծը, որով ՀՀ տարածքում փաստացի արգելվեցին հանրահավաքները, լիովին համապատասխանում է ոչ միայն մեր Սահմանադրությանը, այլեւ միջազգային բոլոր չափանիշներին ու նորմերին: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ փոփոխության առթիվ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությունը, որը տրամագծորեն հակառակ էր թե ՀՀ կառավարության, թե խորհրդարանական մեծամասնության պնդումներին: Ըստ այդմ, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խումբը եզրակացրել էր, որ հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին Հայաստանի օրենսդրական փոփոխությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս եւ ընդունելի չեն առաջարկված օրենսդրական փոփոխությունները՝ այն չափով, որ դրանք էապես ավելի են սահմանափակում հավաքներ անցկացնելու իրավունքը: Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին երեկ խնդրեցինք մեկնաբանել, թե ինչպես է, որ ՀՀ կառավարությունը եւ ԱԺ-ն պնդում էին, որ «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին օրենքի» վերջին փոփոխությունը որեւէ հակասության մեջ չէ միջազգային կոնվենցիաների, ՀՀ ստանձնած պարտավորությունների հետ, այնուամենայնիվ ստացվեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որը հակասում էր այդ պնդումներին: «Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը լուրջ եզրակացություն է: Շատ լուրջ մասնագետներ են մասնակցել դրա կազմմանը, եւ բնական է, որ չի կարող այն մնալ անարձագանք», - ի պատասխան ասաց Դավիթ Հարությունյանը` շարունակելով. «Այն, որ մենք ստանձնել ենք պարտավորություններ` համապատասխանելու եվրոպական չափանիշներին, սա կարծում եմ, որեւէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել: Այն, որ ամեն ինչ պետք է արվի, որ մենք շարունակենք համապատասխանել` եւս: Ուստիեւ առաջիկայում անհրաժեշտ է շատ լուրջ աշխատանք այդ օրենքի վրա` այն իսկապես համապատասխանեցնելու եվրոպական չափանիշներին: Միաժամանակ, իհարկե, այն մտահոգությունները, որոնք առկա են, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում հասարակական կարգի, պետության անվտանգության համար, պետք է նրանց եւս անդրադարձ կատարվի, որպեսզի մի կողմից օրենքը ունենա ողջամիտ սահմանափակումներ, որոնք թույլ տան կանխելու որեւէ վտանգ հասարակական կարգի համար, մյուս կողմից, իհարկե, այդ սահմանափակումները պետք է լինեն այնպիսին, որ չվերացնեն հանրահավաքների իրավունքի էությունը: Այն էությունը, որն ամրագրված է թե մեր Սահմանադրությամբ, թե մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով»: Մեր հարցին, թե կարո՞ղ է նշել «ողջամիտ սահմանափակումների» կոնկրետ օրինակ, Դավիթ Հարությունյանը թվարկեց. «Օրինակ` այն, որ անձինք պետք է լինեն անզեն, այն, որ հասարակական կարգի խախտման պարագայում իրավունք ունի պահանջելու նախեւառաջ դարարեցնելու խախտումը, որից հետո, եթե չեն ենթարկվում, ապա դադարեցնի»: Մեր հարցին, թե ո՞վ եւ ինչպե՞ս է պարզելու` հանրահավաքի մասնակիցները անզեն են, թե ոչ` բերելով մարտի 1-ի Օպերայի օրինակը, երբ ծեծուջարդի միջոցով «պարզեցին»` ցուցարարները անզեն էին, թե ոչ, պետաիրավական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Չէ, համաձայն չեմ ձեզ հետ, համաձայն չեմ, որ ծեծուջարդի միջոցով էին պարզում` անզեն էին, թե ոչ». հավելելով. «Ընդհանրապես ոստիկանական մարմինների վրա դրված է նման պարտականություն... Հստակ օրենքով պետք է նախատեսենք` ինչպիսի գործողություններ պետք է նախատեսեն, որ դեպքում»: Դավիթ Հարությունյանի կարծիքով` եզրակացության բոլոր կետերը պետք է քննարկվեն մասնագետների հետ, եւ դա պետք է արվի շուտափույթ: Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին նախատեսված է ԵԽ փորձագետների այցը Հայաստան: Ի տարբերություն արդարադատության նախկին նախարարի, արդարադատության ներկա նախարար Գեւորգ Դանիելյանը չի կարծում, որ հանրահավաքների մասին ընդունված վերջին օրենքը անհրաժեշտ է փոփոխել: «Իմ կարծիքով, ըստ էության, հազիվ թե այս օրենքը փոփոխվի», - մեզ հետ զրույցում ասաց գործադիրի ներկայացուցիչը` հավելելով, թե օրենսդրական դրույթները մեզ մոտ դեռ մի բան էլ մեղմ են գործում, քան այլ, ընդ որում` ԵՄ անդամ երկրներում: ՀՀ իշխանությունների եւ միջազգային փորձագիտական եզրակացության հակասության առթիվ մեր հարցին պարոն Դանիելյանն այսպես պատասխանեց. «Ըստ էության, եթե եւ ԱԺ-ն` որպես օրենսդիր մարմին, եւ կառավարությունը գտնում են, որ իրենց կողմից ընդունված օրինագիծը համապատասխանում է միջազգային չափանիշներին, այնուհետեւ պնդում են, որ այս փուլում դրանում փոփոխություններ եւ կրկնակի լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա, սա խոսում է այն մասին, որ այսօր էլ օրենսդիր մարմինը եւ կառավարությունը այն դիրքորոշման են, որ իսկապես այդ օրենքը համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Ավելին` Գեւորգ Դանիելյանի ընկալմամբ, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից օրենքը չի համարվել միջազգային նորմերին հակասող. «Նման միանշանակ դրույթ չկա»: Մեր հակադարձմանը, թե առկա է բացասական գնահատական, արդարադատության նախարարը հայտարարեց. «Բացասական գնահատականը ուրիշ բան է»: Ըստ նրա` հակասությունները վերաբերում են լրացուցիչ պարզաբանման կարիք զգացող դրույթներին: Ի դեպ, երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է պաշտպանի եզրակացությունը. «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Ըստ այդմ, պաշտպանի կարծիքը օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հիմնականում համընկնում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ: «Գտնում ենք, որ նշված օրենսդրական փոփոխությունները կատարվեցին հապճեպ, առանց լուրջ փորձաքննություն անցնելու, եւ կարծում ենք, որ մոտ ապագայում օրենքում որոշ նոր փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կառաջանա», - ասված է ՄԻ պաշտպանի գնահատականում: Բազմաթիվ քաղաքացիներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առաջարկություն են ներկայացրել դիմել Սահմանադրական դատարան «Ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր եւ երթեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում 2008 թվականի մարտի 20-ին կատարված փոփոխությունները Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` 2008 թվականի ապրիլի 15-16-ին Ազգային ժողովում պատգամավորների եւ միջազգային փորձագետների միջեւ տեղի են ունենալու համապատասխան դրույթների քննարկումներ, մարդու իրավունքների պաշտպանը նպատակահարմար է գտնում անդրադառնալ Սահմանադրական դատարան դիմելու խնդրին քննարկումների արդյունքների մասին տեղեկություններ ստանալուց հետո: «Կարեւոր է հաշվի առնել, որ ներկայիս բեւեռացման հիմնապատճառների վերացման համար իշխանությունների կողմից պետք է ոչ միայն կիրառվեն իրավական բնույթի միջոցներ, այլեւ մշակվի եւ իրականացվի հասարակական կյանքի ժողովրդավարացմանն ուղղված քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային բարեփոխումների համալիր ծրագիր», - առաջարկում է ՄԻ պաշտպանը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |