“Zhamanak” Armenian-American Political Daily

«Մեր հաղթանակը բռնապետության դեմ այլընտրանք չունի»

11:49 Yerevan | 7:49 GMT | Tuesday 8 April 2008

Գագիկ Աբգարյան

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սափեյան եղբայրների եւ Հայկ Գեւորգյանի նկատմամբ վճիռ կայացնելու հարցում հայտնվել է փակուղային իրավիճակում: Ակնհայտ է, որ եթե արդարադատություն իրականացնելը կախված լիներ դատավորից, նա առանց վայրկյան իսկ երկմտելու տղաներին ազատ կարձակեր:

Բայց բոլորը գիտեն, թե մեզ մոտ ովքեր են վճիռ կայացնողները, ու քանի որ նրանք էլ չեն կարողանում կողմնորոշվել` ազատազրկելու՞, թե՞ արդարացնելու հրահանգ իջեցնեն դատարաններին, ուրեմն կարելի է եզրակացնել, որ փակուղային իրավիճակում են հայտնվել նաեւ իրենք:

Երեկ տեղի ունեցավ թվով արդեն վեցերորդ նիստը: Թվաց, թե դատավոր Մարգարյանը վերջապես վճիռը կկայացնի, սակայն նա հետաձգեց այն` մի անհեթեթ պատճառաբանությամբ. Սափեյանների պաշտպան Հովիկ Արսենյանի պաշտպանական ճառից եւ Ժորա Սափեյանի վերջին խոսքից հետո, երբ ռեպլիկի ու վերջին խոսքի իրավունքից հրաժարվեցին մնացած ամբաստանյալները, այդ թվում նաեւ Ա.Սափեյանը, դատավորը հայտարարեց. «Քանի որ Ա.Սափեյանը չի օգտվել վերջին խոսքի իրավունքից, նիստը հետաձգվում է մինչեւ ապրիլի 15-ը»: Այսինքն` մինչեւ վերեւները կկողմնորոշվեն եւ կհրահանգեն, թե ի՞նչ անել: Բայց ամեն ինչ հերթով:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը պարտադրում է, որ դատարան դիմելուց ասենք` «Հարգելի դատարան»: Ես էրնեկ եմ տալիս այն օրը, երբ սրտանց, իսկապես հարգելով հենց այդպես էլ կդիմեմ: Բայց պարտավոր եմ օրենքի պահանջը կատարել` հարգելի դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ: Մեղադրողի ճառը ակնհայտ ցույց տվեց մեր գորշ իրականությունը, որ արհամարհվում է ողջ դատաքննությունը, ողջ պրոցեսը»` այսպես սկսեց իր պաշտպանական խոսքը Հ.Արսենյանը: «Ողջ աշխարհը` ԱՄՆ-ն, եվրոպաները, բոլոր պետությունները տարիներ շարունակ միջոցներ են տրամադրել, որպեսզի մեր անկախ պետությունը իսկապես կայանա, որպեսզի իրավական պետություն լինի: Բայց էս ամբողջը տրամադրել, շենքեր են կառուցում: Սիրուն շենքը դեռ ոչինչ չի նշանակում: Թեկուզ թող դատը դրսում լինի, շինությունը լավը չլինի, բայց իսկապես դատարան լինի, իսկապես անկախ լինի: Ոչ մեկն այս երկրում երաշխավորված չի: Մարդիկ, որ փախնում են Հայաստանից, հացի խնդիր լուծելու համար չի, իրենց պաշտպանված չեն զգում, դրա համար են գնում»: Ըստ նրա` մեղադրող կողմը մեղադրական եզրակացությունը ներկայացնում է որպես մեղադրական ճառ. «կարծես դատաքննություն չի եղել, մարդկանց չենք լսել, ապացույցներ չեն գնահատվել, չեն ստուգվել: Սա քաղաքական հանձնարարություն է, եւ այդպես էլ ուզում են դատն ավարտել»: Գնահատելով հենց մեղադրող կողմի բերած ապացույցները` փաստաբան Արսենյանը նկատեց, որ «նույնիսկ իրենց կողմից դատակոչված վկաների ցուցմունքներով տղաների մեղքը չհաստատվեց: Նրանցից ոչ ոք չի տեսել նրանց խփելիս, ոչ ոք հայհոյանք չի լսել: Այդ դեպքում ո՞րն է նրանց մեղքը, այն որ ուզեցել են մոտենա՞լ»` հարցնում է նա: Այնուհետեւ անդրադառնալով բոլոր վկաների ցուցմունքներին եւ հիշեցնելով, որ նույնիսկ ոստիկանները չհաստատեցին մեղադրական թեզը` իբր տղաները ձեռք են բարձրացրել ու հայհոյել. եզրափակեց. «Աստվածաշունչը պատվիրան ունի` մի դատիր, որ չդատվես: Չպետք է աններելի սխալներ թույլ տալ: Ժամանակը ամեն ինչ կհարթի, բայց այս պահին չի կարելի անսկզբունք լինել եւ քաղաքական որոշումը բերել իրավական հարթություն ու հանուն Հայաստանի Հանրապետության դատավճիռ արձակել` մեծ մեղսագործություն է: Խնդրում եմ ուշքի եկեք: Բոլորիս է վերաբերում»:

Ժորա Սափեյանը հանդես եկավ դատարանին ուղղված հայտարարությամբ. «Եղբորս, զարմիկիս եւ իմ դեմ սույն թվականի հունվարից սկիզբ առած քրեական հետապնդումն առաջինն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Շարժման ընթացքում: Շատ կուզեի, որ մնար առաջինը եւ վերջինը: Այն, ինչ տեղի է ունենում դատարանի այս դահլիճում, ուղիղ արտացոլում է երկրում սկիզբ առած բռնապետական միտումները: Բոլոր ներկաներին համոզված կարող եմ ասել, որ Հայաստանում բռնապետությունն ապագա չունի, որովհետեւ ազատության շունչն արդեն իր երկրի ու հողի համար պայքարի ելած հայ ժողովրդի երակներում, գիտակցության ու մտքի մեջ է: Ես այս դատարանից սպասելիքներ չունեմ, որովհետեւ վստահ եմ, որ այս գործում ներգրավված եւ դատախազը, եւ դատավորը կաշկանդված են իրենց քայլերում, ինչպես կաշկանդված ու վախեցած է ողջ իշխանական համակարգը` սեփական ժողովրդի դեմ արյունոտ հաշվեհարդարից հետո: Ես միայն ուզում եմ նշել եւ համոզված հայտարարել, որ այսպիսի երկրի համար չէ, որ մարտնչել եմ արցախյան գոյամարտում, սեփական երկրում այսքան վախեցած հայացքների համար չէ, որ տարիներ ի վեր ռազմի դաշտում մոռացել եմ ընտանիք ու օջախ: Մեր կռիվը Հայաստանի ազատ քաղաքացու, նրա իրավունքների եւ ազատությունների համար տված մարտ է եղել: Ես հավատում եմ, որ այդ ազատությունը Հայաստանում այլընտրանք չունի, ինչպես այլընտրանք չունի մեր հաղթանակը բռնապետության դեմ:

Այժմ, հարգելի դատարան, մեծարգո դատավոր, Դուք ազատ եք ինձ գամելու խաչին: Ես էլ հոժար եմ կրելու ազատության համար իմ խաչը: Իմ բոլոր զինակից ընկերներին, հարազատներին, ընտանիքիս ուզում եմ հավաստել, որ ամուր եւ հաստատակամ եմ առավել քան երբեք եւ ազատ եմ այն հանցանքից, որ փորձ է արվում ինձ մեղսագրել»: Այս խոսքերից հետո լեփ-լեցուն դահլիճը թնդաց ծափահարություններից:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.