“Zhamanak” Armenian-American Political Daily

Իշխանության բռնազավթումն ակնհայտ է

11:40 Yerevan | 7:40 GMT | Tuesday 8 April 2008

Ղուկաս Մեհրաբյան

Հայտնի ճշմարտություն է, որ բազմաթիվ հասարակական եւ բնական երեւույթներ հնարավոր է մոդելավորել վիճակագրական մաթեմատիկայի հավանականությունների բաշխման ֆունկցիաների միջոցով` նորմալ (կամ Գաուսյան) կամ Պուասոնի, Մաքսվելի եւ այլն:

Ինչպես ցույց տվեցին 2003թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերլուծությունները, ընտրական գործընթացները նույնպես կարելի է շատ մեծ ճշտությամբ վերլուծել եւ բացահայտել ընտրությունների ընթացքում կատարված անօրինականությունները: Այլ երկրներում` Նոր Զելանդիա, Շվեդիա, Ադրբեջան եւ այլն, տեղի ունեցած ընտրությունների հետազոտությունները նույնպես ապացուցեցին ընտրակեղծիքների բացահայտման ընտրված մեթոդի հավաստիությունը: Նշված բոլոր երկրներում թեկնածու անձերի եւ կուսակցությունների բնականոն` առանց կեղծիքների ստացած ձայների հավանականությունների բաշխումը ենթարկվում է նորմալ (կամ Գաուսյան) բաշխման սկզբունքներին (տես «ՀԺ», 14.06.03, 28.06.03, 01.11.03, 22.12.07): Այսինքն` բազմաթիվ տեղամասերում ստացած ձայները, եթե տեսակավորենք ըստ թվային արժեքների մեծության` սկսած «0» արժեքից, հավանականությունը սահուն աճում է մինչեւ ամենահավանական արժեքը եւ այնուհետեւ նույն կերպ սահուն նվազում մինչեւ «0» արժեք: Թեկնածուի կամ կուսակցության ամենահավանական ձայների արժեքը կախված է հասարակության մեջ նրանց ունեցած եւ ընտրարշավի ժամանակ ձեռք բերած վարկանիշից եւ հեղինակությունից: Որքան մեծ է թեկնածուի հեղինակությունը եւ վարկանիշը, այնքան մեծ է ամենահավանական ձայնի արժեքը: Իսկ երբ ընտրության արդյունքները կեղծվում են` թեկնածուի ձայների հավանականությունների բաշխման կորը կորցնում իր բնականոն նորմալ (կամ Գաուսյան) տեսքը: Կախված տարբեր տեղամասերում կատարված կեղծիքների քանակից` առաջանում են մի շարք էքստրեմումի կետեր, այսինքն` մի շարք ամենահավանական արժեքներ, որոնց միջոցով հնարավոր է մեծ ճշտությամբ հաշվարկել կեղծիքների չափը: Ձայների ամենահավանական արժեքից հնարավոր է հաշվարկել թեկնածուների ստացած իրական ձայների քանակը:

Այժմ դիտարկենք վերջին` 2008թ. նախագահական ընտրությունների իրողությունները: Անմիջապես նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, որից վերցվում են վերլուծությունների համար անհրաժեշտ տվյալները, կատարվել են կեղծիքները քողարկող «բարեփոխումներ». չեն ներկայացվել տեղամասերում ընտրողների հիմնական ցուցակները: Հաջորդ փոփոխությունը կապված է լրացուցիչ ցուցակների հետ: Համաձայն ընտրական օրենսգրքում կատարված փոփոխության` լրացուցիչ ցուցակներն առաջանում են այն ընտրողների հաշվին, ովքեր համապատասխան որոշումներով իրավունք են ստանում քվեարկել այլ, ոչ իրենց բնակավայրի տեղամասում: Դրա առկայությունը ինտերնետային կայքում կարեւորվում է նրանով, որ անմիջականորեն հնարավորություն կտար նաեւ գնահատելու մեկ անձի կողմից բազմաթիվ տեղամասերում ընտրություն կատարելու փաստը: Այդ իսկ պատճառով վերլուծությունների համար ստիպված ենք եղել օգտվել 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացված տեղամասային ընտրացուցակներից, որը առանձնապես մեծ սխալների չի հանգեցնում` մոտ 1-2%: Համաձայն պաշտոնական տվյալների` ընտրություններին մասնակցել է 1.671.027 մարդ (քվեատուփերում առկա ծրարների թիվը` 1.667.995), որից Երեւան քաղաքում` 540.809 մարդ կամ ընդհանուր մասնակիցների մոտ 32.3%-ը: Թեեւ քվեարկվել է նախագահի 9 թեկնածու, սակայն վերլուծել ենք միայն առաջին 4 տեղերը զբաղեցրած թեկնածուների արդյունքները, քանի որ ձայների մոտ 95%-ը պաշտոնապես արձանագրվել է նրանց օգտին (Ս.Սարգսյան` 862.369 ձայն կամ 52.8%, Լ.Տեր-Պետրոսյան` 351.222 ձայն կամ 21.05%, Ա.Բաղդասարյան` 272.427 ձայն կամ 16.7% եւ Վ. Հովհաննիսյան` 100.966 ձայն կամ 6.2%): Արձանագրենք, որ Երեւան քաղաքի եւ մարզերի ընտրություններն արմատապես տարբերվում են միմյանցից: Եթե Երեւան քաղաքում ընտրությունների ընդհանուր պատկերից հնարավոր է կորզել բնական ընտրությունների տվյալներ, ապա բոլորովին այլ պատկեր է մարզերում, որտեղ կեղծիքները զանգվածային բնույթ են կրել: Երեւան քաղաքում հնարավոր է եղել մեծ ճշտությամբ վերլուծել նշված թեկնածուների ստացած ձայները (տես նկ. 1, 2, 3 եւ 4): Ուղղահայաց եւ հորիզոնական առանցքներում նշված ձայներն ստանալու հավանականությունն է հարաբերական միավորներով:

Ինչպես երեւում է գրաֆիկական պատկերներից, առաջին երեքում ձայների հավանականության բաշխումները նորմալ տեսք ունեն, եւ շեղումները գրեթե չնչին են: Որոշ շեղումներ են արձանագրված Ա.Բաղդասարյանի եւ Վ.Հովհաննիսյանի ձայների մեծ տիրույթում` առաջինի դեպքում 275-ից ավել ձայներ, երկրորդի` 175-ից ավել: Լ.Տեր-Պետրոսյանի կորի ոչ այնքան սահուն ընթացքը պայմանավորված է նրա ձայները այլ թեկնածուների «վերաբաշխելու» երեւույթով: Բոլորովին արտառոց իրավիճակ է ի հայտ գալիս Ս.Սարգսյանի պարագայում: Նախ, նրա «0»-ից մինչեւ 300 ձայն ստանալու հավանականությունը գրեթե զրո է, ապա մոտավորապես 375 ձայնից սկսած հավանականությունների բաշխումը կորցնում է իր բնականոն տեսքը` կորի վրա առաջանում են բազմաթիվ էքստրեմումի կետեր (աշխարհիկ լեզվով` վայրիվերումներ): Նման երեւույթներ տեղի են ունենում կազմակերպված լցոնումների եւ կեղծիքների պարագայում: Ստացված գրաֆիկներից կարելի է որոշել թեկնածուների ամենահավանական ձայների հաշվարկային արժեքը Երեւան քաղաքում` Ս.Սարգսյան 137, Ա.Բաղդասարյան 155 եւ Վ.Հովհաննիսյան 80: Լ.Տեր-Պետրոսյանի ամենահավանական ձայների հաշվարկային արժեքը տատանվոմ է 363-ից 437-ի սահմաններում, որի ճշգրիտ արժեքը նրա ձայների զանգվածային նվազեցման պատճառով առաջացած վիճակագրական անապահովվածությունը հնարավորություն չէր ընձեռում հաշվել: Վերջին տարիների դիտարկումները ցույց են տալիս, որ մարզերում անցկացվող ընտրությունները ընդհանուր առմամբ դարձել են ձեւական բնույթ կրող միջոցառումներ, որտեղ արձանագրված արդյունքները կախված են իշխանամետ գյուղապետի կամ քաղաքապետի կամքից: Մոտ մեկ տասնյակ երկրների ընտրությունների վերլուծությունները ցույց են տվել, որ հայաստանյան ընտրությունների նման իրավիճակը այլեւս կարելի է համեմատել միայն Ադրբեջանի հետ (տես «ՀԺ», 01.11.03), որտեղ միայն իշխանություններն են որոշում ընտրության արդյունքները: Ինչպես ասում են, մենք էլ ենք դարձել նույն մենթալիտետի: Արդյունքում` մեր գյուղական վայրերի բնակիչները առավել արտառոց նվիրվածություն են ցուցաբերել վարչապետի պաշտոնով ընտրություններին մասնակցող Ս.Սարգսյանի եւ նրա բարի կամքի դրսեւորմամբ` նաեւ Ա.Բաղդասարյանի նկատմամբ: Ի դեպ, Ա.Բաղդասարյանը մարզերում, ըստ իշխանական հաշվարկի, զբաղեցրել է «պատվավոր» երկրորդ տեղը: Նկարագրված անոմալ երեւույթների պատկերավոր արտացոլումը կարող եք տեսնել ստորեւ բերված աղյուսակներում: Առաջինում ներկայացված են մարզերում եւ Երեւանում պաշտոնական ընտրությունների արդյունքները նշված չորս թեկնածուների համար:

Ինչպես երեւում է աղյուսակից, չնայած մարզերի ընտրությունների մասնակիցների թվաքանակը 2.08 անգամ ավել է Երեւանից (Երեւանում 540809, մարզերում 1130218), բայց Ս. Սարգսյանը մարզերում ստացել է 2.61 անգամ ավել ձայն, քան Երեւանում, իսկ Ա.Բաղդասարյանը` մոտ 2.96 անգամ: Այն դեպքում, երբ Լ.Տեր-Պետրոսյանի եւ Վ.Հովհաննիսյանի պարագայում արդյունքները ճիշտ հակառակն են, ձայները նվազել են եւ կազմել 1.29 անգամ եւ 1.63 անգամ:

Երկրորդ աղյուսակում բերված են մարզերում եւ Երեւանում (փակագծերի մեջ) այն տեղամասերի քանակը, որտեղ թեկնածուները ստացել են նշված տոկոսից ավել ձայներ` օրինակ Ս.Սարգսյանը 90%-ից ավել ձայներ ստացել է մարզերում` 73 տեղամասերում, իսկ Երեւանում` ընդամենը 2 տեղամասում եւ այլն:

Այն դեպքում, երբ մարզերի եւ Երեւանի տեղամասերի թվաքանակների հարաբերությունը ընդամենը հավասար է 3.35-ի: Բոլորովին հակառակ պատկերն է մինչեւ 5% ստացած տեղամասերի քանակի առումով: Ս.Սարգսյանը 8%-ից պակաս ձայներ չի ստացել ոչ մի տեղամասում, իսկ մյուս թեկնածուների` Լ.Տեր-Պետրոսյանի 5%-ից պակաս ձայներ ստացած տեղամասերի թիվը կազմում է 263(8), Ա.Բաղդասարյանինը` 201(7), Վ.Հովհաննիսյանինը` 858(103): Միաժամանակ նշենք, որ Լ.Տեր-Պետրոսյանը «0» ձայն է ստացել 46(1) տեղամասում, Ա.Բաղդասարյանը` 40(2) եւ Վ.Հովհաննիսյանը` 55(2): Այնուամենայնիվ, չնայած նշված զանգվածային խախտումներին, Ս.Սարգսյանը չէր կարող հաղթահարել 50%-ը, եթե չլինեին 23, 32 եւ 37 ընտրատարածքներում տեղի ունեցած հսկայական ընտրակեղծիքները, որտեղ Ս.Սարգսյանի «ստացած» ձայները գերազանցել են 70%-ը: Նշենք, որ խոշոր քաղաքներից շատերում` Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Արմավիրում եւ այլն, Ս.Սարգսյանը, չնայած բազմաթիվ լցոնումներին, չի հաղթահարել 50%-ը: Ընթերցողին չձանձրացնելու համար թվային հաշվարկներով` ներկայացնենք 2008թ. նախագահական ընտրությունների վիճակագրական վերլուծության արդյունքները` Լ.Տեր-Պետրոսյան 494537-594914 ձայն (47.3-51.9%), Ա.Բաղդասարյան` 210056 (18.3-20%), Ս.Սարգսյան` 186506 (16.3-17.8%) եւ Վ.Հովհաննիսյան` 108416 (9.5-10.4%) ձայն: Եթե նշված ձայներին գումարենք մյուս թեկնածուների ստացած ձայները, կստացվի, որ 2008թ. նախագահական ընտրություններին մասնակցել է մոտ 1045197-1145574 ընտրող, այսինքն 525453-625830-ով պակաս, քան ներկայացված է Կենտրոնական հանձնաժողովի կողմից:

Այսպիսով, նախագահական ընտրությունների մասին հասարակության ճնշող մեծամասնության, ընդդիմության, միջազգային դիտորդների, նաեւ՝ ընտրություններին մասնակցած բազմաթիվ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների քաղաքական ու իրավական բացասական գնահատականը ստանում է գիտական հիմնավորում եւս:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.