“Zhamanak” Armenian-American Political Daily

«Թույլ իշխանությունը բոլոր առումներով սպառնալիք է»

11:51 Yerevan | 7:51 GMT | Saturday 5 April 2008

Մարինե Խառատյան

Համոզված է ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը

-Պարոն Սահակյան, ակնհայտ է, որ այսօր չէ, վաղը հանրահավաքային ալիքը բարձրանալու է. հանրահավաքները շարունակվելու են, որովհետեւ չի սպառվել ժողովրդի բողոքը: Ձեր կարծիքով ընդդիմությունը ի՞նչ խնդիրներ պետք է դնի իր առաջ` նաեւ իրավիճակը հաշվի առնելով:

- Հանրահավաքն` իբրեւ իշխանությունների վրա ճնշում գործադրելու ժողովրդավարական, օրինական միջոց, անպայման պետք է թույլատրվի, ժողովուրդը պետք է կարողանա խաղաղ միջոցներով իր տեսակետը հասցնել իշխանություններին: Անշուշտ, եթե խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված լիներ իր հասարակական ազդեցությանը համարժեք, փողոցի գործոնը կկիրառվեր ավելի սակավ եւ միայն սուր իրավիճակներում: Բայց քանի որ խորհրդարանի 95 տոկոսը գտնվում է վարչախմբի վերահսկողության տակ, իսկ իրական ընդդիմությունը, բացառությամբ «Ժառանգության», գտնվում է խորհրդարանից, քաղաքական համակարգից դուրս, ապա հանրահավաքները դառնում են միակ միջոցը: Յուրատեսակ ներսի եւ դրսի պայքար է տեղի ունենում` ներսը իշխանությունն է, որը փակ ակումբի ձեւով իրեն ամփոփել է խորհրդարանի եւ կառավարության մեջ, իսկ դուրսը ժողովրդական տրամադրություններն են: Այս իրավիճակից ելնելով մեր ժամանակներում հանրահավաքները, ցույցերն ու երթերը ստացել են շատ ավելի մեծ նշանակություն, քան ժողովրդավարական երկրներում: Մենք գտնվում ենք ավտորիտար ռեժիմի ազդեցության տակ, որտեղ երկրի ճակատագիրը որոշում են մեկ-երկու հոգի. ժողովուրդը օտարված է իշխանությունից, ընտրությունները կեղծվել են, ժողովուրդը չի վստահում իշխանությանը: Ուստի պայքարն այսպիսի տեսք է ստացել եւ կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի վերադարձել ժողովրդավարական զարգացման ճանապարհ: Ժողովրդավարական երկրում ընդդիմության տեսակետն արտահայտվում է խորհրդարանական ընդդիմադիր փոքրամասնության միջոցով: Մեզ մոտ այդ շղթան փլուզված է, ոչնչացված, ոտնատակ է տրված եւ հանրահավաքներում դրվում է, փաստորեն, իշխանության խնդիր, քանի որ ընտրություններում չի հաջողվել դա իրականացնել, ընտրությունները կեղծվել են. տեղի է ունեցել իշխանության ուզուրպացիա: Ի՞նչ կատարվեց մեզ մոտ. իշխանությունը բռնազավթածները պատերազմ հայտարարեցին իշխանության տիրոջը` ժողովրդին: Սա ուզուրպատորների եւ ժողովրդի առճակատումն է, այն ունեցավ արյունալի հետեւանք, որովհետեւ այլ կերպ այդ ուժգնության հասարակական ընդվզման դեմը հնարավոր չէր առնել: Համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր այն, ինչ տեղի էր ունենում նախագահական ընտրություններից առաջ եւ հետո անվանում էին հեղափոխություն. Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդական մեծ հուզումներ եւ դրա վրա աչք փակել կամ բռնություններով, հետապնդումներով, հալածանքներով դրանց դեմն առնել` հնարավոր չէ: Իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին: Հասարակությունը չի ընդունում այս իշխանությունը: Սա է գլխավոր կոնֆլիկտը:

- Բայց հիշենք, որ հասարակական ընդվզման դեմ կիրառվեցին ոստիկանական, զինվորական միջոցներ, ինչի հետեւանքով եղան զոհեր: Այս անգամ հնարավոր կլինի՞ խուսափել նման զարգացումներից:

- Մենք ունենք առողջ հասարակություն: Մեր հասարակությունը լի է արժանապատվությամբ եւ ընդունակ պայքարելու իր քաղաքացիական, քաղաքական, ինչպես նաեւ սոցիալական, տնտեսական իրավունքների համար: Իշխանությունը, վատ իշխանությունը հատկապես, ունի բռնության դիմելու գայթակղություն: Բայց դա բխում է թե պատմությունը, թե հասարակությունը չճանաչելու նրա արատներից նաեւ: Իշխանությունը, որը փորձում է հասարակական հուզումները բռնությամբ եւ հալածանքներով կասեցնել, հասարակությունը, թյուրիմացաբար, պատկերացնում է առանձին անհատների մեխանիկական գումար եւ իրեն թվում է, որ առանձին-առանձին անհատներին` մեկ, տասը, հարյուր, հազար, կարող է լռեցնել, ապաեւ` հասարակությունը կլռի... Իրականում դա հոռի, վուլգար պատկերացում է հասարակության մասին: Հասարակությունը միայն մարդկանց պարզ հանրագումար չէ: Հասարակությունը հասարակական շահերի, հասարակական տարբեր խավերի փոխկապակցվածության, հասարակական շերտերի ներսում մարդկանց փոխհարաբերությունների մի ամբողջություն է: Հասարակությունն ավելին է, քան նրա անդամների թվաբանական գումարը: Քանի դեռ հասարակական, ընդհանրական շահերը իրենց բանական բավարարումը չեն ստացել, այդ շահերը մշտապես գլուխ են բարձրացնելու եւ այդ շարժումները միշտ ունենալու են իրենց նախաձեռնողները: Բռնությունը կիրառվել է միշտ եւ երկաթյա տրամաբանությամբ տվել հակառակ արդյունքը: Եղել են փորձեր բռնությամբ մի քանի մարդկանց ձեռքով իշխանության նվաճման: Դրա օրինակներն են 1917թ. հոկտեմբերի բոլշեւիկների զինված ապստամբությունը, 1999թ. հոկտեմբեր 27-ի սպանդը: Նման քայլի դիմողները համոզմունք ունեն, որ բռությամբ կարելի է գալ իշխանության եւ հանգիստ կառավարել: Սակայն եթե բռնությունը լիներ այդքան ազդու եւ արդյունավետ միջոց, մարդկությունը չէր զարգանա: Պատմության շարժիչ ուժը ոչ թե բռնությունն է, այլ իրավունքը: Կյանքի բնական իրավունքը, քաղաքացիական ու քաղաքական ազատությունները, պարզապես արժանապատիվ ու բարեկեցիկ ապրելու պահանջմունքը իրենց համար ճանապարհ են հարթում բոլոր պարագաներում, ցանկացած բռնաճնշումներին դեմ գնալով: Դա երջանիկ ապրելու մարդկային էությունից է բխում: Դա է կյանքի իմաստը: Այնտեղ, որտեղ մարդիկ դժբախտ են, հալածված, ընկճված, իրավազրկված, բռնությունն ավելի է խորացնում այդ վիճակը եւ գեներացնում ստրկությունից ազատվելու շարժումները: Ես համոզված եմ` մեզ սպասում է շատ լավ, ժողովրդավար ապագա եւ մեր սերունդը կապրի այդպիսի Հայաստանում:

- Այսօր ժողովրդական ընդվզման պահանջը անտեսվում է. շարունակվում են ձերբակալությունները, խուզարկությունները, նորանոր մեղադրանքներ են առաջադրվում, մյուս կողմից` իշխանությունը պատրաստվում է երդման արարողությանը, նոր կառավարություն են կազմում: Այս ամենը ինչի՞ է հանգեցնելու:

- Հայաստանը պետք է առանց կեղծիքի, առանց ցուցադրական քայլերի կտրուկ շրջադարձ կատարի դեպի ժողովրդավարական կառավարման համակարգ: Պետք է մազաչափ անգամ վստահության պակաս չլինի հանդեպ իշխանությունները: Ոչ լեգիտիմ, հասարակական վստահություն չունեցող, միջազգային ասպարեզում հեղինակազրկված իշխանությունը ոչ կկարողանա իր քաղաքացիների տնտեսական, սոցիալական եւ քաղաքական իրավունքները երաշխավորել եւ նրանց ազատ զարգացման հնարավորություն ընձեռել, ոչ էլ կկարողանա հայ-ադրբեջանական ծանր առճակատման մեջ իր կողմը գրավել միջնորդ պետությունների համակրանքը եւ գտնել Ղարաբաղի համար ընդունելի զարգացման հեռանկար: Թույլ իշխանությունը բոլոր առումներով սպառնալիք է:

- Պարոն Սահակյան, մարտի 1-ին նախորդող օրը Ռ.Քոչարյանը ԵՊՀ-ում սպառնաց, որ ցուցարարները չփորձեն կրկնել 96 թվականը: Թեեւ այս անգամ ԱԺ գրոհ չեղավ, սակայն, փաստորեն, ավելի կոշտ միջոցներ կիրառվեցին, քան 96-ին: 96-ի ԱԺ գրոհից Դուք` որպես ԱԺ փոխնախագահ, անձամբ էիք տուժել, մարտի 1-ին կիրառված միջոցները, ձեր կարծիքով, որեւէ կերպ տրամաբանական ու բացատրելի՞ էին:

- Մարտի 1-ի դեպքերի ժամանակ կիրառված բռնությունը պատճառաբանված չէր եւ համարժեք չէր իրավիճակին: Դա վայրագություն էր, եւ դրա համար պետք է պատասխան տան եւ կրակելու հրահանգ տվածները, եւ կրակողները: Մենք չենք կարող ապրել չբացահայտված ու պատասխանատվություն չկրած մարդասպանների հետ կողք կողքի:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.