|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Զբոսնում էին` ժողովուրդ ու ոստիկան11:48 Yerevan | 7:48 GMT | Saturday 5 April 2008Կարինե Հարությունյան Հյուսիսային պողոտա: Ժամը 18: Եկան, վերեւում շարվեցին` Վալերի Օսիպյանը, Ռոբերտ Մելքոնյանը, Աղասի Կիրակոսյանը եւ նման մի քանի անուններ: Տեսնես` չեն հոգնե՞լ: Ամեն օր այս մարդիկ այստեղ են: Նորմալ, մարդավարի չեն էլ հանգստանում: Ասում են` կգնաք, գալիս են: Ասում են` մի 20-30 մարդ կբռնեք, բռնում են: Ասում են` կգնաք դուք ել կզբոսնեք, զբոսնում են: Միայն պարան ցատկելու հրաման դեռ չեն ստացել: Հենց ստանան` էդ էլ կանեն: Հայտնի ֆիլմի պես. «Նաջարյանի ասածը ինձ համա~ր... օրենք ա»: Հյուսիսային պողոտայում երեկ էլի զբոսանքի էին դուրս եկել` ոստիկան թե շարքային քաղաքացի: Էս բարձրաստիճանները կանգնեցին-կանգնեցին, երբ մարդիկ շատացան-խմբվեցին, իջան «հոտոտելու»` էս ի՞նչ են անում, ի՞նչ են խոսում: Մենակ թէ էս անգամ չասացին` ցրվեք, օրենք եք խախտում ու նման բաներ, քանի որ ժողովրդի հետ զրույցի էին բռնվել մի քանի արտասահմանցի: Համազգեստավորներն էլ սուսուփուս հեռացան: Ինչքան չլինի մի երկու օրից ինաուգուրացիան պիտի հորով-մորով անեն ու աղմուկ հաստատ իրենց պետք չի: Բայց դե ի՞նչ ոստիկան, որ հանգիստ կանգնի նման «ժողովրդական կուտակումների» դեպքում: Նույն պարոնները մի քանի անգամ վերեւ-ներքեւ անելուց հետո եկան-մոտեցան ժողովրդին ու «խարիսխ գցեցին» հենց մի երկու մետրի վրա: Սրանց էստեղ թողնենք ու դառնանք ժողովրդին: Հյուսիսային պողոտայի երեկվա թեմաներից մեկը Մայր Աթոռի վերջին որոշումն է Մարտի 1-ի զոհերի քառասունքի պատարագը ապրիլի 6-ին կատարելու մասին: Ահա թե ինչ ասացին հավաքված կանայք: «Իրավունք չունեն: Որովհետեւ մարդու հոգին 40 օր դեռ երկրի վրա է եւ 40 օրից հետո է երկինք բարձրանում: Իսկ իրենք խախտում են մեր քրիստոնեական ավանդույթները»: «Արդեն քանի տարի տեսնում ենք, որ եկեղեցու մեծավորները ոչ թե ժողովրդի հետ են, այլ` իշխանության: Անդրանիկ Մարգարյանի թաղման ժամանակ խաչը մոտեցրին Քոչարյանին, սա էլ հետ գնաց: Որովհետեւ դրանք քրիստոնյա չեն, անհավատ են: Վազգեն Առաջինը 88-ին ժողովրդի հետ հացադուլ հայտարարեց եւ նա հարգված-սիրված կաթողիկոս էր: Հիսուս Քրիստոսը մինչեւ վերջ կանգնած էր ժողովրդի կողքին. հոգեւորականը պետք է օրինակ վերցնի Հիսուսից` ժողովրդին ծառայելով»: Օրվա հաջորդ թեման ապրիլի 9-ին ժողովրդի անելիքին էր վերաբերում: Արդեն մի քանի օր է լուրեր են պտտվում, թե այդ օրը մարդիկ հավաքվելու են Մյասնիկյանի արձանի մոտ եւ ծաղիկներ դնելու զոհերի հիշատակին: Այս մասին հարցրեցի շատերին: Պատասխանները տարբեր էին ու պարզվեց, որ ընդհանուր կազմակերպված ոչինչ չկա: Տարբեր խմբեր հավաքվելու են տարբեր տեղերում: Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` մոմ վառելու զոհվածների հոգիների խաղաղության համար: Մեծ Բրիտանիայի դեսպանատուն: Սարյանի արձան: Միքայել Նալբանդյանի արձան` ԱԱԾ շենքի մոտ` հաջակցություն հարյուրից ավելի քաղբանտարկյալների, Մատենադարան, ԵՊՀ, տարբեր բուհեր եւ էլի մի քանի վայրեր: Հետո ասացին, որ հրավիրել են նաեւ շրջանների իրենց ընկեր-բարեկամներին: Հյուսիսային պողոտայում երեկ մարդիկ չձերբակալվեցին: Ոստիկանության օպերատորն էլ չկար: Որ ի՞նչ լիներ: Իրենք ժողովրդին են անգիր արել, ժողովուրդն էլ` իրենց: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |