|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ի սկզբանե բանն էր, բայց հետո գործն էր, ընթացքը11:41 Yerevan | 7:41 GMT | Saturday 5 April 2008Արամ Ամատունի Հայաստանում այժմ միայն ծույլերը չեն խոսում երկխոսության մասին եւ մեկ էլ նրանք, ովքեր իրապես գիտեն, տեղյակ են ու հասկանում են, թե ինչ կատարվեց Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում, ընտրության օրը, ընտրության գիշերը եւ դրան հաջորդած տասը օրերի ու գարնան առաջին գիշերվա ընթացքում: Այդ մարդկանց համար ուղղակի դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ է հնարավոր կառուցել երկխոսությունը` եթե երկխոսության պոտենցիալ կողմերից մեկը նախ կրակում է մարդկանց վրա, սպանում անմեղ քաղաքացիներին, հետո էլ ողջ մնացածներին բանտ է նստեցնում եւ հանդես գալիս երկխոսության կոչով: Այդ երկխոսությունը միգուցե հասկանալի կլինի, ասենք, Խոսրով Հարությունյանի համար, որը բնակարան ունի Հյուսիսային պողոտայում, եւ քանի որ պողոտայում բնակարան ունենալու համար չէ, որ բերման են ենթարկում ոստիկանություն, այլ զբոսնելու համար, ապա Խ.Հարությունյանը կկարծի, որ միգուցե ոստիկանությունն իրականացնում է օպերատիվ գործողություններ, իսկ խաղաղ ցուցարարներն էլ խաղաղ չեն եղել, այլ փայտերով ու մետաղե ձողերով զինված: Հարությունյանն ասում է, որ ինքը դա լսել է, իսկ մարտի 1-ի առավոտյան էլ տեսել, երբ լսելով աղմուկն` իր բնակարանից իջել է փողոց եւ տեսել, թե ինչ է կատարվում, ու ինչպես են երիտասարդ ցուցարարները փախչում մետաղե ու փայտե ձողերը ձեռքներին, իսկ ոստիկաններն էլ մահակով ընդամենը վահաններին էին խփում, աղմուկ հանելու համար` երեւի թե չմտածելով, որ կարող են արթնացնել Խ.Հարությունյանին: Հարց է, իհարկե, առաջանում, թե այդ դեպքում ինչու էին զինված ցուցարարները փախչում, եթե ոստիկանությունը վահան էր ծեծում, ոչ թե մարդ: Երեւի փախչում էին աղմուկից, եւ գուցե հենց դրանում է ցուցարարների ու Խ.Հարությունյանի տարբերությունը` առաջինները աղմուկից փախչում են, որովհետեւ նրանց նպատակը երբեք, 10 օրվա ընթացքում ոչ մի րոպե չի եղել աղմուկ հանելը, իսկ նա երեւի թե սպասում էր այդ աղմուկին, որպեսզի վերջապես հիմնավորվի Օպերայի շրջակայքի «բնակիչների» այն բողոքը, թե իբր ցուցարարներն աղմկում են ու չեն թողնում քնել: Եվ նա աղմուկի վրա քնից արթնացել ու իջել է փողոց` որպես անքնության «իրեղեն ապացույց»: Ափսոս ցույցը ցրել էին, թե չէ «Հայլուրը» կնկարեր քնաթաթախ պարոն Հարությունյանին եւ ցույց կտար նույն օրը երեկոյան: Եվ այդ ամենից բացի, նույն հարությունյանական տրամաբանությամբ կարելի է ասել, որ զինված էին նաեւ Սերժ Սարգսյանի հանրահավաքները, քանի որ դրոշի պոչը նույնպես կարելի է դասել զենքերի շարքը, եւ հարց է առաջ գալիս, թե ինչու ոստիկանները չցրեցին նաեւ այդ հանրահավաքները: Բայց բավական շեղվեցինք թեմայից: Չշեղվենք, քանի որ թեման Խ.Հարությունյանը չէ: Նա ընդհանրապես վաղուց արդեն թեմա չէ: Թեման երկխոսությունն է, որը շարունակում է մնալ նույնքան անորոշ, որքան, ասենք, հարցը, թե կա, արդյո՞ք, կյանք Մարսի վրա: Կարելի է նույնիսկ ասել, որ այդ հարցը շատ ավելի շուտ է պատասխան ստանալու, քան երկխոսության մասին այն ամորֆ արտահայտություններն ու առաջարկները, որ հնչում են տարբեր շուրթերից, որոնց տերերը տոգորված են իշխանություններին ծառայելու անսահման ցանկությամբ: Իրականում, որքան էլ որ այժմ խոսքս հնչի տարօրինակ, Հայաստանի ներկայիս իրավիճակի, տեղի ունեցածի ամբողջ իմաստը, դրական եզրը այն էր, որ տեղի ունեցավ համահայաստանյան մի բացահայտում: Այսինքն` հասարակությունն իմացավ, թե ով ով է այս երկրում, եւ առաջին հերթին իմացավ, թե ով է ինքը: Դրանից հետո, ինքն իրեն ճանաչած հասարակության պարագայում, որեւէ մեկի մտքով չի կարող անցնել, եթե այդ մեկը վերջացած հիմար չէ կամ անուղղելի երեսպաշտ, որ հնարավոր է խաբել ինքն իրեն վերագտած հասարակությանը: Իսկ երկխոսության կոչերը ունեն հենց այդ` խաբելու, նպատակը, սեւը բերելու նորից սպիտակին խառնելու նպատակը, որոմը նորից ցորենի մեջ լցնելու նպատակը: Երկխոսության հանդեպ այդ վերաբերմունքը ամենեւին թող չդիտվի որպես առճակատման, բախման նախապատվություն: Բոլորովին: Երկխոսության այլընտրանքը բախումը չէ: Թյուր է այն տպավորությունը, որ նույն այդ իշխանական ծառայամիտները, «լծված տերերի շառաչուն կառքին», փորձում են հանրությանը համոզել, որ եթե չլինի երկխոսություն, ապա կլինի բախում, կխորանա առճակատումը, երկիրը կհայտնվի անդունդի եզրին: Նախ երկիրը վաղուց է արդեն անդունդի եզրին, եթե ոչ հատակում, եւ հիմա իրենք իրենց կեղծ ալելույաներով փորձում են հասարակության հավատը սպանել, որ հնարավոր է անդունդից դուրս գալ: Եվ պարզ է, թե ինչու են այդպես անում, որովհետեւ իրենք իրենց ի վիճակի չեն անդունդից դուրս բերել, իսկ հասարակությունն էլ, որ արդեն բավական վեր է բարձրացել, այլեւս հասկացել է, որ այդ կարգի մարդիկ բեռ են իր ուսերին: Երկխոսության այլընտրանքը ամենեւին էլ բախումը չէ, այլ վերելքը: Հասարակությունն այժմ վեր է բարձրանում եւ ամեն մի խոսակցություն ուղղակի այդ վերելքից շեղելու համար է, ընթացքը նորից անպտուղ խոսակցությունների եւ կեղծ մարգարեությունների հուն տեղափոխելու համար է, հասարակական էներգիան մսխելու համար է: Հասարակությունը, քաղաքացիները, չեն գնացել բախման` չէին գնում, չեն գնում ու չեն գնալու բախման: Նրանք ավելին են անում, քան երկխոսության անառարկա կոչերը: Նրանք իշխանության ապտակին պատասխանում են մյուս այտը շրջելով: Դա ուժի մեծագույն դրսեւորումն է, իսկ երկխոսության կոչերը` իշխանությունների ուժասպառության վկայությունը: Դա է պատճառը, որ համառորեն փորձ է արվում հավասարվել առաջ անցած քաղաքացիներին, խոսելու համար ետ դարձնել նրանց կես ճանապարհից: Երեւի թե չի ստացվի, սեւն այլեւս չի խառնվի սպիտակին, ու ոչ էլ ցորենը` որոմին, քանի որ խմորն արդեն հունցված է եւ այնտեղ է` ուր պետք է լիներ. պետք է միայն հետեւել, որ խոսքով չընկնենք ու այն վառվի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |