|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հեռահար նպատակասլացություն11:29 Yerevan | 7:29 GMT | Saturday 5 April 2008Գոհար Բարսամյան Մեծ քաղաքականության չափումներում պատմական զորախաղեր են իրականացվում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում Միացյալ Նահանգները ձեռք բերեց Արեւելյան Եվրոպայում գերակայելու մեծ հնարավորություն: Կիրակի Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահները կկանխորոշեն Արեւմուտքի եւ Արեւելքի հարաբերությունները: Երկու նախագահները ամեն կերպ կամենում են լուրջ դեր խաղալ հեռանալուց առաջ: Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը հայտարարել է. «Ես հուսով եմ, որ համաձայնություն ձեռք կբերեն»: Ռուսաստանի զգուշավորությունը ինքնագնա եւ բնական բնույթ ունի, քանի որ հարց է ծագում. արդյո՞ք Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերը հենց Ռուսաստանի դեմ չեն: Ապրիլի 2-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, թե Մոսկվան հետաքրքրություն է ցուցաբերել Միացյալ Նահանգների առաջարկած միջոցների հարցում: Պետքարտուղարի խոսքով` Մոսկվան կօգտագործի հայացքներ արտահայտելու իր հնարավորությունը: Բուշը հայտարարում է, թե տվյալ համակարգը կոչված է Միացյալ Նահանգները եւ Եվրոպան պաշտպանելու Իրանի հրթիռային հնարավոր հարձակումից: Բուխարեստում Բուշը երկու հաղթաթուղթ ստացավ. նախ` Չեխիան համաձայնեց իր տարածքում ռադար կառուցել, երկրորդ` Լեհաստանում հակահրթիռային կայանքների տեղաբաշխման ընթացակարգի շուրջ Վարշավայի հետ բանակցությունները շարունակվում են: Կոսաչեւն այս առնչությամբ հայտարարել է. «Մենք ունենք ընդհանուր համակարգ ստեղծելու առավելագույն ծրագիրը, որը կոչված է բոլորիս պաշտպանելու, եւ նվազագույն ծրագիրը, այսինքն` ստանալ տեխնիկական երաշխիքներ, որ համակարգը չի կիրառվի մեր դեմ»: Կոսաչեւը որոշակիորեն ընդգծել է ռուս դիվանագիտության առաջնահերթ խնդիրը` նվազագույն ծրագիրը, որի շուրջ համաձայնություն պետք է ձեռք բերեն Սոչիում: Բացի այդ` Ռուսաստանը անպայման կջանա ակտիվ մասնակցություն ունենալ Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային վահանի ստեղծմանը` այդկերպ խուսափելով մասշտաբային ճգնաժամից: Զինաթափման հարցերով մոսկովյան կենտրոնի փորձագետ Եվգենի Մյասնիկովը բովանդակային համաձայնագիր չի ակնկալում: ՆԱՏՕ-ի ընդլայնման խնդիրը հասարակությունը դիտում է որպես ամերիկա-ռուսական դիմակայության առիթ: Երկու նախագահները պատրաստվում են ռազմավարական համագործակցության` ահաբեկչության դեմ պայքարից սկսած մինչեւ զինաթափում: Եթե նույնիսկ Սոչիում այս շրջանակներում հաջողության չհասնեն, ապա դա, ոմանց կարծիքով, լավ նախանշան է երկու պետությունների հետագա համագործակցության համար: Ոչ ոք այդքան պատասխանատու չէ երկու երկրների միջեւ վստահության պակասի համար, որքան Բուշը եւ Պուտինը: Վերջին հաշվով` միջազգային հարաբերությունների չափումներում Միացյալ Նահանգները ունի առաջնահերթ խնդիրներ եւ այդուհետ` ոչ պակաս առաջնահերթ խնդիրներ: Առաջնահերթ համարվող` Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային վահանի ստեղծման հիմնախնդրում նա իրապես հաղթանակ գրանցեց. ամեն դեպքում ամրակայվելու է նրա դիրքը Արեւելյան Եվրոպայում, ինչը կամենում են արեւելաեվրոպական երկրները եւ այս հիմնախնդրում աջակցում նրան: Ինչ վերաբերում է Ուկրաինային եւ Վրաստանին` Ռուսաստանը չի կարողանում պահպանել իր գծած կարմիր սահմանանիշերը: ՆԱՏՕ-ն, որ նախեւառաջ անվտանգության համակարգ է, ընդունելի է եւ դեռ ավելին` գերադասելի այս հանրապետություններում. արեւմտյան արժեքներ որդեգրող այս երկու հանրապետությունները Բուխարեստի գագաթնաժողովում դրսեւորեցին իրենց կայուն դիրքորոշումը այս առնչությամբ: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա, օրինակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հենց Բուխարեստի օդակայանում արտահայտեց իր դիրքորոշումը. «Ուկրաինայի եւ Վրաստանի համար դռները բաց են, սակայն կան բազմաթիվ հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն»: Նմանօրինակ դիրքորոշում արտահայտել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` ընդգծելով, որ թե Ուկրաինայում, թե Վրաստանում ժողովրդավարության խորացման խնդիր կա: Այսինքն` մինչ հանդիպումը սկսելը, դեռեւս պաշտոնական ընթրիքին, որոշվել էր, որ Ուկրաինայի եւ Վրաստանի հարցերը հետաձգվելու են: Այսինքն` սա դիվանագիտական զորախաղ էր` առավելագույնին հասնելու համար: The Times հրատարակությունը գրում է. «Ամենաիմաստուն քաղաքական գործիչները նրանք են, ովքեր հմտորեն թաքցնում են իրենց հիասթափությունները»: Հիասթափություն ապրեցին թե Վիկտոր Յուշչենկոն, թե Միխեիլ Սահակաշվիլին: Աշխարհում շատ բան է փոխվել Բեռլինի պատի քանդումից հետո, ՆԱՏՕ-ն մշտապես նոր նպատակներ է հետապնդում` ջանալով ապացուցել իր նշանակությունը: Այժմ նա չի պայքարում նախկին ԽՍՀՄ-ի էքսպանսիայի դեմ: Նա հռչակում է, որ իր գլխավոր նպատակը ժողովրդավարության համար անվտանգության համակարգ ապահովելն է: Նրա գլխավոր պաշտպան Ջորջ Բուշը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դռները միշտ բաց են մյուս եվրոպական պետությունների համար: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՍնանկ իշխանություններ, դատարկ պնակներ...Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների... ՔաղաքականԱրժանապատվորեն...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա: ԱշխարհՄեղադրանքԱյսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |