|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Անշլագին սպասելիս – 2. Երբ զբոսնելը քաղաքացիական պարտք է...11:53 Yerevan | 7:53 GMT | Friday 4 April 2008Մարինե Խառատյան Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի բնորոշմամբ, ով պարբերաբար ներկա է լինում զբոսանքներին, երեկ «Հյուսիսայինում»՝ «Առանձնակի դաժանությամբ պարան էին խաղում»: Եվ՝ ոչ միայն: Ինչպես նշել էինք «Անշլագին սպասելիս»-ում այս խաղերին հաջորդելու են մյուսները: Երեկ, օրինակ՝ դրանց ավելացել էր նաեւ «Զիլինա»-ն: Հետո էլ՝ «Հավալա» կխաղան: Հետո՝ «7 քար»: Հետո՝ ... Հետոն՝ հետո էլ կերեւա: Երեկոյան ժամը 18-ից Հյուսիսային պողոտայում լինելը շատերի համար քաղաքացիական պարտքը կատարելու պես մի բան է դարձել. նույն ժամին, նույն տեղում հավաքվում են մարդիկ, ովքեր իրենց սեփական իրավունքների տեր են համարում: Երեկ այնտեղ էին մի քանի հարյուր քաղաքացիներ: Ժողովուրդը զրուցում էր, ինֆորմացիա փոխանակում, քննարկում, թերթ կարդում, պարզապես զբոսնում: Քաղաքի ոստիկանապետերն եւ նրանց տեղակալները իրավիճակին հետեւում էին պողոտայի սկզբնամասից` «Հին Էրիվանի» մոտից, իսկ ոստիկանական ջոկատները Ազատության հրապարակում էին: Ամեն ինչ կարելի է ասել` խաղաղ էր, մինչեւ ներկա ոստիկաններից Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ռացիայով հրահանգ ստացավ վերեւներից. ամենայն հավանականությամբ «Չթողնեք պարան խաղան» բնույթի: Թերեւս վերադասին սարսափեցրել էր այն, որ նախորդ անգամ պարան խաղալիս պատանիները «Լեւոն, Լեւոն» էին բացականչել` ոգեւորելով Լեւոն անունով իրենց խաղընկերոջը: Օսիպյանը վճռական քայլերով իջավ դեպի ժողովուրդը: «Հիմա գնալու եք արգելե՞ք պարան խաղալը», - հարցրինք Օսիպյանին: «Ոչ, ասենք, որ աջուձախ կանգնեն, հետիոտները բողոքում են: Մարդիկ անցնելու տեղ չունեն», -եղավ պատասխանը: «Բայց ո՞վ ձեզ բողոքեց», - զարմացանք մենք: «Քաղաքացիները», - ասաց Օսիպյանը, թեեւ ակներեւ էր, որ որեւէ քաղաքացի ոստիկաններին չէր մոտեցել, իսկ մարդիկ էլ ողջ ընթացքում ցրված էին կանգնած, այնպես որ` անցորդները հանգիստ անցուդարձ էին անում: «Փաստորեն այսօր պարան խաղա՞լն է ապակայունացնում իրավիճակը ու սասանում երկրի անվտանգությունը», - հարցրինք Օսիպյանին: «Ավերորդ հարցեր եք տալիս, անհիմն», - բողոքեց ոստիկանը` քայլերն ուղղելով դավադրաբար եւ առանձնակի դաժանությամբ պարան խաղացողների կողմը: Ոստիկանները մոտեցան պատանիներին ու ասացին, որ պարան խաղալն արգելված է, դադարեցրեք, պատանին հարցրել էր` ո՞ր օրենքով, ոստիկանը սպառիչ պատասխան էր տվել. «Օրենքով»: «Պետք է պարան խաղալու մասին օրենք հանել», - հեգնեց մի քաղաքացի: Այնուհետեւ պողոտայի վերնամասում կանգնած ոստիկանապետերը իջան ժողովրդի մեջ եւ հայտարարեցին` ցրվեք, խանգարում եք, որ մարդիկ անցնեն: Քաղաքացիները այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ու՞մ են խանգարում եւ ինչու՞ պետք է էդտեղ չկանգնեն: «Հարգեք գոնե ոստիկանի համազգեստը», - հռետորական կոչ արեց Օսիպյանը, ինչին հետեւեց քաղաքացիների պատասխանը. «Առաջինը կրողը պետք է հարգի իր համազգեստը», «Էդ ծեծուջարդից, սպանդից հետո ո՞նց հարգենք ձեր համազգեստը»: Ի վերջո, պատանիները շարունակեցին պարան խաղալ, էլի խաղի մեջ մտավ Լեւոնը, ու խաղընկերները ոգեւորված սկսեցին «Լեւոն, Լեւոն» բացականչել: «Զիլինա» էլ խաղացին, ընդ որում` մեծերով, նույնիսկ ապակայունացնող ծափեր եղան, որով ողջունում էին հաղթողներին: Իրավիճակը սպառնում էր վերջնական հոգեխանգարմունքի հասցնել հայրենի ոստիկանությանը: Երեւանի փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը, ոստիկանության հրամանատարներից Ռոբերտ Մելքոնյանը, Շենգավիթի փոխոստիկանապետ Մարգարյանը, ով քաղաքացիական հագուստով էր, եւ նրանց մյուս ընկերները արդեն ջղաձիգ շարժումներ էին անում, անընդհատ «կապ էին տալիս» վերեւների հետ. թվում էր` հեսա, հեսա կսկսեն մարդկանց ձերբակալել: Ձերբակալությունների հրահանգ այդպես էլ չեղավ, ու սուր զգացողությունների բոլոր սիրահարները, Տիգրան Պասկեւիչյանի ասած` այս անգամ էլ «անբռնազբոսիկ» գնացին տուն: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |