“Zhamanak” Armenian-American Political Daily

Նամակ ռուսաց թագավորին

11:49 Yerevan | 7:49 GMT | Friday 4 April 2008

Հեղինե Մանուկյան

Նախօրեին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան եւ ռուսական «ՌԵԳՆՈՒՄ» լրատվական գործակալության միջոցով Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նամակ է հղել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին` կապված, ինչպես նամակում է ասվում, Սերժ Սարգսյանի` մարտի 24-ին ՌԴ ղեկավարության հետ հանդիպումից հետո արած այն հայտարարության հետ, ըստ որի Ռուսաստանը գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ-ում տեղի ունեցած վերջին ընտրություններին` աջակցելով նախագահի թեկնածուներից մեկին: Սերժ Սարգսյանը, ըստ այդմ, նաեւ շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը եւ անձամբ Վ.Պուտինին` հետընտրական գործընթացներում աջակցություն ցուցաբերելու համար: Երեկ այդ եւ քաղաքական ներկա իրավիճակի մասին զրուցեցինք տիկին Սարգսյանի հետ:

-Շատ մտահոգիչ է Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումը: Տպավորություն է, թե ՌԴ-ին մեր երկրում միշտ անհրաժեշտ է մի իշխանություն, ում ինքը միշտ տարբեր նպատակներով կարող է օգտագործել, իսկ ներկա իշխանությունները, տվյալ դեպքում, ՌԴ-ի, այսպես ասած, ճաշակով են: Մինչդեռ հենց Ռուսաստանը շատ լուրջ պետք է վերաբերվեր այս խնդրին ու հասկանար, որ ստրուկը, ճորտը, ինչպիսին մեր երկիրն է, երբեք չի կարող վստահելի գործընկեր լինել, որովհետեւ մի օր նա անպայման ըմբոստանալու է եւ ելնելով իր անձնական եւ ոչ թե պետական շահերից` երես է թեքելու իրենից: Հետեւաբար ՌԴ-ն պիտի լուրջ հետեւություն աներ` ի՞նչ իշխանություն է ինքն ուզում Հայաստանում` վստահելի, համառ, բայց սկզբունքային ու ազգային իշխանությու՞ն, լեգիտիմ նախագա՞հ, թե՞ մեկին, որը ժողովրդի վստահությունը չի վայելում, քանի որ ընտրված չի: Կարծում եմ, որ ՌԴ-ն պիտի գիտակցի, որ ինքը պետք է ոչ թե Հայաստանի իշխանությունների հետ լինի, այլ ժողովրդի, տվյալ դեպքում ժողովուրդն իշխանությունների հետ չի: Փաստորեն, Սերժ Սարգսյանը Պուտինին շատ անհարմար դրության մեջ դրեց` խոստովանելով նրա կողմից ստացած աջակցության մասին: Ես ինձ փորձառու քաղաքական գործիչ չեմ համարում, բայց երբեք ինձ թույլ չէի տա անհարմար դրության մեջ դնել իմ այն գործընկերոջը, ով թաքուն աջակցել է ինձ: Անբարոյականության հոտը նույնիսկ այստեղից էլ է գալիս: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, պետք է հասկանալ, թե ի՞նչ գին է վճարվել Ռուսաստանին` այդ աջակցության դիմաց: Խոսքը միայն Ռուսաստանին չի վերաբերում, այլ նաեւ ԵԱՀԿ-ին, ԵԽ-ին, որը շուրջ 7 տարի` սկսած 2001թ.-ից, հուշում է մեր իշխանություններին, թե ինչ «բարեփոխումներ» է պետք անել Հայաստանում: Մերոնք էլ հլու կամակատարի պես ենթարկվում են նրանց պահանջներին: Ինչու՞ պիտի ԵԱՀԿ-ն եւ մյուս միջազգային կառույցները կայացած համարեին վերջին ընտրությունները, եթե ակնհայտ է, որ դրանք կեղծված են: Ես մի բան կարող եմ այդտեղից ենթադրել` ամենայն հավանականությամբ վերջիններս գործարքի մեջ են մտել մեր իշխանությունների հետ, որի արժեքը այդ կառույցների կողմից վերջիններիս լեգիտիմացումն էր եւ կրիմինալին վերարտադրվելու իրավունք տալը: Հնարավոր է` առեւտուր է գնացել Ղարաբաղի խնդրի շուրջ, հնարավոր է` պայմանավորվածություն է եղել ՆԱՏՕ-Հայաստան հետագա հարաբերությունների հետ կապված: Տարբեր ենթադրություններ կարելի է անել: Տեսեք, թե ինչ բացասական ազդեցություն ունեն մեր երկրի ու մեզ պես այլ երկրների ճակատագրի վրա ԵԱՀԿ-ն եւ մյուս միջազգային կառույցները: Եթե դա է նրանց առաքելությունը, թող չմասնակցեն մեր երկրում տեղի ունեցող ընտրություններին եւ մեր տեսադաշտից վերանան: Ես դիմում եմ իշխանության մեջ գտնվող բոլոր առողջ ու ազնիվ մարդկանց` թող իրենց հարց տան, թե ի՞նչ գին են վճարել իշխանությունները ԵԱՀԿ-ին` իշխանությունների լեգիտիմացնելուն միտված այդ փաստաթղթի դիմաց ու գուցե պատասխանը ստանան:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Պուտինին հղած Ձեր նամակից: Կարծում եք` ՌԴ նախագահը կարձագանքի՞ դրան:

- Ես համոզված եմ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջոցով մեր նամակը կփոխանցվի ՌԴ նախագահի աշխատակազմին: Եթե նույնիսկ գրավոր պատասխան չստանանք Պուտինից, ապա նրա աշխատակազմը պարտավոր է մեր նամակին պատասխանել: Եթե նույնիսկ այդ պատասխանը չստանանք, մենք մեր նամակը «ՌԵԳՆՈՒՄ»-ի միջոցով փոխանցել ենք ռուսական թերթերին: Մեզ համար շատ կարեւոր է, որ ռուս հասարակությունը եւս այդ հարցի շուրջ մտահոգվի, եւ նրանք իրենց հաշիվ տան` ինչպե՞ս կարող էր ՌԴ առաջին դեմքը գաղտնի աջակցել մեկ այլ սուվերեն երկրի նախընտրական եւ հետընտրական պրոցեսներին եւ անձամբ Սերժ Սարգսյանին, որի բարոյական իրավունքը նա բացարձակապես չուներ: Դա նշանակում է, որ Պուտինը բացի այն, որ աջակցել է տվյալ քաղաքական գործչին, նաեւ միջամտել է մեր անկախ պետության ներքին գործերին: Իսկ դա նշանակում է, որ հնարավոր է դա շարունակական լինի, եւ մեր իշխանությունները էլի նման գործարքների մեջ մտնեն: Իսկ թե ի՞նչ է դրանից շահելու Ռուսաստանը` հարց է, որի պատասխանը մենք պետք է բոլորս ստանանք: Հույս ունեմ, որ Պուտին-լրագրողներ հերթական ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկին այդ հարցը կհետաքրքրի ու այն կուղղվի Պուտինին: Խնդիրը սա է` ռուս հասարակությունը պիտի տեղեկանա, թե ինչ գործարքների մեջ է մտնում իրենց երկիրն այլ երկրների հետ եւ թե ինչ միջազգային պայմանագրեր է դրանով խախտում: Իսկ եթե դա չի համապատասխանում իրականությանը, այսինքն` եթե Պուտինն իսկապես չի աջակցել Սերժ Սարգսյանին, ապա նա պետք է անպայման հերքի այդ տեղեկությունը եւ ՀՀ ոչ լեգիտիմ նախագահին իր տեղը ցույց տա:

- Մինչ Պուտինը կպատասխանի Ձեր նամակին, եկեք խոսենք Ձեր` անազատության մեջ գտնվող գաղափարակից ընկերների` Շարժման ղեկավարների կողմից հայտարարված հացադուլի մասին:

- Թեեւ ծայրահեղ միջոցների դիմելն ընդունելի չէ մեզ համար, բայց դա մեր ընկերների որոշումն է, մենք պարտավոր ենք հարգել: Պետք է ասեմ, որ նրանք անազատության մեջ լինելով շատ ավելի մեծ գործ են անում, քան շատ-շատերը, ովքեր ազատության մեջ են: Ես մտահոգություն ունեմ, որ ձերբակալված բոլոր 90 հոգին էլ միանալու են, եւ նրանք էլ են հացադուլ հայտարարելու: Ես նաեւ ցավում եմ, քանի որ հացադուլավորների առնվազն կեսը առողջական լուրջ խնդիրներ ունի ու այդ հացադուլն անհետեւանք չի մնալու նրանց համար: Ինձ զայրացնում է իշխանությունների բռնած անմարդկային, անտարբեր, հային չսազող կեցվածքը: Իմ ընկերները գնացել են այդ քայլին, քանի որ չեն կարող այլ կերպ իրենց իրավունքները պաշտպանել, որովհետեւ չկա արդարադատություն, ոչ մի դատարան նորմալ վճիռ չի կայացնում, օրենքն էլ ժողովրդի համար չէ, որ ընդունվում է, այլ այս իշխանությունների գոյությունը հնարավորինս երկարաձգելու համար:

- Ի՞նչ եք կարծում, իշխանությունները ընդառաջ կգնա՞ն հացադուլավորների պահանջներին:

- Ես կարծում եմ` իշխանություններն իրենց քայլերով հասարակությանն էլ ավելի են իրենց դեմ տրամադրում եւ գրգռում հասարակության բացասական տրամադրությունները: Եթե նրանք իսկապես բանական էակներ են, պետք է գիտակցեն, որ իրենց որդեգրած ուղին կործանարար է եւ հայ ժողովրդի, եւ մեր անկախ պետականության համար: Իսկ կոալիցիա ձեւավորելու եւ երկխոսության կեղծ կոչերի միջոցով երկրի շիկացած մթնոլորտը փոխել հնարավոր չէ: Պետք է ողջախոհ քայլերի գնալ, իսկ առաջին նման քայլը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է, իսկ հետո նոր մտածել` ինչ կերպ պետք է երկխոսություն սկսել այն ընդդիմության հետ, որն այլեւս երեկվա ընդդիմությունը չէ: Կա Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնը, որը ոչ մի կերպ բացառել հնարավոր չէ, նկատի ունենալով այն հեղինակությունը, որը նա այսօր վայելում է ժողովրդի շրջանում: Իսկ իշխանությունների այն հույսերը, թե Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո Շարժումը թուլանալու է` սին են: Այսօր ունենք ժողովուրդ, որը էլ երբեք եւ ոչ մի դեպքում չի դադարեցնելու իր պայքարը: Մենք իրոք հաղթել ենք, քանի որ ունենք նման ժողովուրդ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.