|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երեկ սկի՞զբն էր...11:48 Yerevan | 7:48 GMT | Friday 4 April 2008Ա. Սարգսյան Բուխարեստում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` Մեթյու Բրայզայի, Բեռնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հետ: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ` հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներկայիս իրավիճակի շուրջ: Ըստ պաշտոնական Բաքվի տարածած հաղորդագրությունների` լարված եւ սուր մթնոլորտում կայացած քննարկման ընթացքում Ադրբեջանի ղեկավարը վերահաստատել է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը: Իլհամ Ալիեւը համանախագահող երկրների ներկայացուցիչներ` Մեթյու Բրայզայից, Բեռնար Ֆասիեից եւ Յուրի Մերզլյակովից պարզաբանումներ է պահանջել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին նրանց երկրների դեմ քվեարկելու կապակցությամբ, որին ի պատասխան` միջնորդները վերահաստատել են անցյալ շաբաթ արած հայտարարության մեջ տեղ գտած այն դրույթը, ըստ որի վերջիններս սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Երեկ մեկօրյա աշխատանքային այցով Ռումինիայի մայրաքաղաք մեկնած Սերժ Սարգսյանը հանդիպել է համանախագահող երկրների ներկայացուցիչ-դիվանագետների հետ` մինչ այդ ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումներն ավարտելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ըստ ստացված տեղեկությունների` համանախագահները Սերժ Սարգսյանին են ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախորդ օրվա հանդիպման արդյունքները: Հետաքրքրական է, որ Հայաստանի վարչապետը մեկ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերջին դիվանագիտական քայլերի եւ մարտի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ, մեկ էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ լավատեսություն հայտնել կարգավորման մասին` ապավինելով համանախագահների լավատեսությանը: Անձամբ իր տպավորությունները վերջինս խոստացել է ներկայացնել բանակցություններում մյուս կողմի հետ հանդիպումից հետո միայն: Հայաստանի վարչապետի համանախագահների լավատեսությամբ իր լավատեսությունը պայմանավորելու շարժառիթներն առնվազն կասկածելի են, մանավանդ` հենց երեկ, նախօրեին Ադրբեջանի նախագահի պահանջին անսալով, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ` «տարաձայնությունները մեղմելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների հարցում կոնսենսուսի հասնելու ուղիների վերաբերյալ»: «Համանախագահները վերահաստատեցին իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այն համոզմունքը, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պահանջում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ բանակցային ճանապարհով ձեռք բերված քաղաքական փոխզիջում, որի ապագա հաստատումը կվերապահվի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - ասված է փաստաթղթում: Ըստ հայտարարության` երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել «շարունակել բանակցությունները առկա հիմքի վրա, էլ ավելի հստակեցնել ներկայումս սեղանի վրա գտնվող առաջարկը եւ կատարել լրացուցիչ քայլեր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»: Այդ նպատակով միջնորդները ընդգծել են հնարավորինս շուտ կողմերի միջեւ ամենաբարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու կարեւորությունը: Երեկ հայ լրագրողների առջեւ հանդես է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, որը հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարի երդմնակալությունից հետո նախագահները հնարավորություն կունենան հանդիպել: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշմանը վերաբերող հարցին` ամերիկացի դիվանագետը պատասխանել է, թե կարծում է` Ադրբեջանը եւս համաձայն է, որ գործընթացը պետք է շարունակվի, չնայած առկա սուր պահերին: Նա վստահություն է հայտնել, որ գործընթացը կշարունակվի` միաժամանակ հույս հայտնելով, որ այն կտեւի ոչ այնքան երկար եւ շուտով կավարտվի: «Այսօր սկիզբն էր, Հայաստանի նախագահի երդմնակալությունը դեռ չի եղել եւ քայլ առ քայլ պետք է առաջ գնալ», - ասել է նա: Պատասխանելով ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափի փոփոխման հնարավորության վերաբերյալ հարցին` Մեթյու Բրայզան ընդգծել է, թե կա մի ձեւաչափ` դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ այսօր չկա լուրջ պահանջ այդ ձեւաչափը փոխելու: «Կարծում եմ, որ գործընթացն առաջ է ընթանում», - նշել է ամերիկացի համանախագահը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |