“Zhamanak” Armenian-American Political Daily

«Սրանք ամոթ, նամուս չունե՞ն»

11:43 Yerevan | 7:43 GMT | Friday 4 April 2008

Կարինե Հարությունյան

Վանատուրի հանրահավաքները դադար չունեն: Ամեն օր: Իրենց Ազատության հրապարակում: Սասուն Միքայելյանի նկարներով: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, կին ու տղամարդ:

Այստեղ են: Իրենց հերոսի, պատգամավորի ազատության պահանջով: Երեխաները Սասունի նկարները հպարտությամբ ու ակնածանքով պահած «ազատություն» են վանկարկում: Երեխաների պայքարն ուրիշ է, ոգին ուրիշ է, վճռականությունն էլ ուրիշ է: Նրանք մեծ ոգեւորությամբ «Սասուն» ջոկատին նվիրված երգն էին երգում, որը գրել է մի վանատուրցի, եւ Սասուն Միքայելյանի նկարներն էին թափահարում: «Մենք մեր փառապանծ հերոսին ենք պահանջում: Վախկոտ մարդիկ նրան բանտարկել են, քանի որ Սասուն Միքայելյանը ուժեղ է: Նա մեր արցախյան ազատամարտի հաղթանակի խորհրդանիշներից է», - սա մի ոգեւորված տղա ասաց: Իսկ մի ուրիշն էլ ավելացրեց. «Այս երկիրը մերն է: Մեծանանք, տեսեք` ինչ ենք անելու նման վախկոտների հետ, որ ազգային հերոսի են ձերբակալում, որ ընտրություններ են կեղծում, որ ամեն վատ բան անում են ժողովրդի գլխին: Մենք պատմություն ենք անցնում, գրականություն, հայրենասիրական ֆիլմեր ենք նայում ու շատ բան ենք հասկանում: Ասում են, թե երեխաները գործ չունեն քաղաքականության մեջ: Բայց սա մեր հայրենիքն է: Մենք ուզում ենք, որ մեր հայրենիքը հզոր լինի, հարուստ լինի, զարգացած լինի: Բայց ինչպե՞ս լինի, երբ բոլոր լավ մարդկանց ձերբակալում են»: Մի փոքրիկ աղջիկ էլ անընդհատ կանչում էր «Սա-սուն, Սա-սուն»: Երբ մոտեցա, ասաց. «Ազատություն, ազատություն: Վելչ»:

Երեկվա հանրահավաքն ավելի մարդաշատ էր` չնայած քամուն, անձրեւին, ցրտին: Երեկ ուսուցիչներին փորձել են մեկուսացնել այս ինքնաբուխ հավաքներից, եւ լուրեր էին պտտվում, թե ուսուցիչներին պարտադրել են առավոտվա 9-ից մինչեւ ժամը 16.30-ը անպայման դպրոցում լինել, անկախ նրանից` դաս ունե՞ն, թե՞ ոչ: Բայց ուսուցիչները խոսքները մեկ են արել, թե` մեկ է, գնալու ենք, թեկուզ` 16.30-ից հետո:

Երբ օրեր առաջ Կոտայքի մարզային ոստիկանությունը բռնությամբ ինձ բերման ենթարկեց, ավելի ճիշտ կլիներ ասել` առեւանգեց, քաղաքային ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանին բացատրում էի, թե նորածին երեխային, որը թվում է թե դեռ թույլ է, բարուրում ես, այդ անօգնական թվացող էակը ձեռքը, չգիտես ինչպես, բերում-հասցնում է դնչիկին: Ավետիք Աբրահամյանը ատամների արանքից ասաց. «Ազատության մասին ե՞ք ասում»: Ասացի. «Մարդը ծնվում է ազատության պահանջը հետը»: Չգիտեմ` սրա հետ հաշտ թե անհաշտ, բայց ոստիկանությունն էլի այնտեղ էր, միտինգավորներից մի քիչ հեռու, մգացված ապակիներով մեքենաների մեջ: Ժողովրդին հետեւելու նոր ձեւ է: Մի կին ասաց. «Էնքա~ն կանգնեն: Մենք մեր միտինգն անելու ենք: Ասենք թե` ձերբակալեցին: Հետո՞»: Մի ուրիշ կին. «Էս իշխանությանը թվում է, թե զոռով կարա ժողովրդին ցրի: Բա մեր իրավունքնե՞րը: Հիմա որ էդ մարդը (գործող վարչապետը.- խմբ.) ուզում է զոռով նախագահ դառնա, չի հասկանու՞մ, որ ժողովուրդը իրեն չի ուզում, ժողովուրդը իրեն ատում է: Մարդ պիտի ինքնասիրություն ունենա: Էդ մարդը ինքնասիրություն չունի՞: Կամ որ ուզում է ամսի 9-ին գահին բազմի, չի հասկանու՞մ, որ զոհերի քառասունքի օրը քեֆ չեն անի: Հերիք չի` ժողովրդի գլխին սարքեցին, մարդկանց արյունը թափեցին, հիմա էլ շքերթ ու սալյուտ են անելու՞: Սրանք ամոթ, նամուս չունե՞ն»:

Հացադուլավոր, «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանն էլ իր սայլակով եկել, միացել էր միտինգավորներին եւ ոգեւորում էր նրանց: Նա իրեն լավ է զգում: Երեկ հայաստանյան Կարմիր խաչի գրասենյակից են եկել, ասել են, որ համաձայն Արշավիր Բոզինյանի դիմումի, նա արդեն գրանցված է որպես հացադուլավոր: Սակայն ասել են նաեւ, որ իրենք համապատասխան մասնագետներ չունեն հացադուլավորի առողջական վիճակին հետեւելու համար: Ազատամարտիկը հարցրել է, թե արդյոք նրանք կարո՞ղ են օգնել ոստիկանների ձեռքից ետ վերցնելու իր վրանները: Կարմիր խաչի ներկայացուցիչները պատասխանել են, որ իրենք նման իրավասություն չունեն: «Ես հացադուլս շարունակելու եմ եւ ամեն ինչ անելու եմ այնպես, ինչպես նախապես հայտարարել եմ: Այսինքն` ապրիլի 10-ից հետո մի փոքր դադար եմ առնելու եւ նորից շարունակեմ», - ասաց երկրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.