|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հույսը Ռուսաստանին համոզելն է կամ անջրդի իշխանության հոգսերը11:34 Yerevan | 7:34 GMT | Friday 4 April 2008Արամ Ամատունի Հայաստանի ներկայիս իրավիճակի, երկրում տեղի ունեցող երեւույթների հանդեպ արտաքին արձագանքը անկասկած ոչ միարժեք է: Այն կարելի է բաժանել երեք մասի. ըստ աշխարհաքաղաքական երեք հիմնական կենտրոնների` ամերիկյան արձագանք, ռուսական արձագանք, եվրոպական արձագանք: Չփորձելով խորը դատողություններ անել մեր երկրում եւ ընդհանրապես տարածաշրջանում այդ երեք կենտրոնների շահի կապակցությամբ` բավարարվենք ընդամենն արձանագրելով նրանց արձագանքը առկա իրավիճակի վերաբերյալ, որից էլ կարելի է ուղղակի անել որոշ հետեւություններ Հայաստանի հանդեպ արտաքին վերաբերմունքի եւ ակնկալիքների առումով: Ստեղծված իրավիճակին թերեւս ամենից կոշտ, համենայնդեպս առեւերույթ, արձագանքը տվեց Միացյալ Նահանգները: Ավելին` Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը նույնիսկ մի էական արտահայտություն արեց` ասելով, թե «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի չափորոշիչների առումով Հայաստանում հետընթացն առկա էր մինչեւ վերջին զարգացումները: Այդպիսով Նահանգները փորձ արեց ցույց տալ, որ խնդիրը Հայաստանում ամենեւին այն չէ, որ, ինչպես շատերն են կարծում կամ ինչպես իշխանությունն է փորձում հասարակությանը ներկայացնել` խաղալով հասարակության հայրենասիրական զգացմունքների վրա, թե ամերիկացիները Հայաստանին ֆինանսական սպառնալիքներ են ուղղում միայն այն պատճառով, որ չիրականացավ այստեղ իշխանափոխություն անելու նրանց ծրագիրը: Եթե Հայաստանի իշխանությունները այդպես են ասում, վատ է թե իրենց, թե Հայաստանի համար, իսկ եթե ասում են ու իրենք էլ հավատում են իրենց ասածին, ապա շատ վատ է թե իրենց, թե Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ մինչեւ նախագահական ընտրությունների գործընթացներին Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը, ակտիվ ներգրավումը, Հայաստանում ըստ էության քաղաքական պրոցես առկա չէր, իսկ դա նշանակում է, որ խոսք չի կարող լինել ժողովրդավարական պրոցեսի մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն իր վերադարձով առաջ բերեց այդ պրոցեսը, ինչը ժողովրդավարական զարգացումների կարեւոր նախադրյալ էր, քանի որ առաջացնում էր մրցակցություն Հայաստանում: Ամենեւին պատահական չէ, որ արտասահմանյան շատ երկրների, այդ թվում ԱՄՆ իշխանությունները եւ միջազգային կառույցների ղեկավարները շնորհավորում էին ոչ թե Սերժ Սարգսյանին` հաղթելու կապակցությամբ, այլ հայ ժողովրդին` մրցակցային ընտրությունների կապակցությամբ: Այսինքն` ասելով, որ «Հազարամյակի» չափորոշիչներն առաջ էլ վատ էին, ամերիկացիները ըստ երեւույթին նկատի ունեն մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձի պահը: Վերադարձը տվեց այդ չափորոշիչների առումով որոշակի դրական զարգացման ակնկալիք, որը սակայն մարտի 1-ին ոչնչացվեց ռազմական ուժով: Այդ կապակցությամբ է ԱՄՆ մտահոգությունը, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթելու կամ չհաղթելու: ԱՄՆ քաղաքական վերնախավի համար միշտ ավելի կարեւոր են եղել պրոցեսները, որովհետեւ միայն դրանց միջոցով է հնարավոր հասնել կյանքի իրական փոփոխության, ոչ թե իրավիճակային, էմոցիոնալ, բնազդների ու մենթալիտետի վրա կառուցված լուծումներով: Այսինքն` նկատելի է, որ ԱՄՆ խնդիրն այսօր, երեւի թե, Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդած չորս-հինգ ամիսների եւ դրանց հաջորդած տասը օրերի մրցակցային պրոցեսին վերադառնալն է, այսինքն` այդ մրցակցային պրոցեսը նորից հրապարակ հանելը, քանի որ իրականում այն առկա է նաեւ այժմ, պարզապես որոշակիորեն ընդհատակում կամ բանտերում եւ մի փոքր մասով էլ` Հյուսիսային պողոտայում: Մի քիչ այլ է իրավիճակը Եվրոպայի եւ Ռուսաստանի պարագաներում: Եվրոպացիները, ինչպես երեւի թե միշտ կամ ինչպես սովորաբար, ավելի շատ տուրք են տալիս ձեւին, քան իրական քաղաքականությանը: Նրանց դիրքորոշումներում ավելի շատ արժեքներ են մատնանշվում, քան կոնկրետ քաղաքական իրավիճակների մասին հստակ մեսիջներ: Սակայն, ինչպես վկայեց Ագոյի խմբի հայաստանյան այցը, եվրոպական դիրքորոշման մեջ նկատվում են փոփոխության միտումներ: Այդ առումով հատկապես էական է, որ Ագոյի խմբի վեց կետանոց հայտնի առաջարկությունների մեջ բացակայում էր Սահմանադրական դատարանի որոշումը ճանաչելու մասին ընդդիմությանն ուղղված որեւէ հիշատակում, ինչը որ արվել էր ավելի վաղ ընդունված Եվրոպայի Խորհրդի հայտարարության մեջ: Այսինքն` եվրոպացիները որոշակիորեն դուրս են գալիս հռչակագրային մակարդակից եւ նույնպես, ինչպես ամերիկացիները, մտնում են իրական քաղաքականության ռեժիմի մեջ: Այդ մասին է վկայում Ագոյի խմբի ղեկավար, դեսպան Պեր Սյորգենի խոսքը, որը պատասխան էր լրագրողներից մեկի հարցին, թե ինչու Սահմանադրական դատարանի որոշումը ճանաչելու մասին խոսք չկա իրենց առաջարկություններում: Եվրոպացի դիվանագետի պատասխանի իմաստն այն էր, որ Սահմանադրական դատարանի որոշումը ճանաչելը ակտ չէ, որ պետք է կատարել, այլ գործընթաց է, որ պետք է նախաձեռնել: Այսինքն` դա նշանակում է երկու բան. որ Եվրոպայի համար ՍԴ որոշումը թերեւս միանշանակ չէ, եւ որ Եվրոպան էլ կարեւոր է համարում ոչ թե որոշակի ակտերի, այլ գործընթացի, քաղաքական, հրապարակային մրցակցության վերականգնումը: Այդպիսով կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի դիրքորոշումները Հայաստանի իրադրության առումով որոշակիորեն մերձենում են, ի տարբերություն այն ժամանակահատվածի, երբ եվրոպացիները առաջնորդվում էին առավելապես անորոշ, ըստ էության օդեղեն ձեւակերպումներով, որոնք լի էին մարդասիրական արտահայտություններով, սակայն հիմնականում կտրված էին հայաստանյան իրականությունից: Այդ իրականության հանդեպ ամենից խորհրդավոր պահվածքը թերեւս որդեգրել է Ռուսաստանը: Ակնհայտ է, որ այդ երկիրն ամենից անմիջական մասնակցությունն է ունենում Հայաստանի զարգացումներում, բայց մինչեւ այս պահը դժվար է ասել, թե իրականում Ռուսաստանի անմիջական մասնակցությունն ինչ վեկտոր ունի: Գրեթե միանշանակ է, որ Ռուսաստանին Հայաստանում ժողովրդավարական, մրցակցային զարգացումներն այդքան էլ չեն հետաքրքրում: Ռուսներն ընդհանրապես, իրենց հոգեբանությամբ անգամ, կարծես թե դեմ են մրցակցություն երեւույթին: Դա նրանց համար խորթ է: Սակայն մյուս կողմից, անհնար է դեմ գնալ կյանքի իրողություններին: Իսկ կյանքն ինքը մրցակցությունների մի անվերջանալի շղթա է: Եվ նաեւ, հազիվ թե հնարավոր լիներ հասնել որեւէ մակարդակի հզոր պետականության, եթե անտեսվեին կյանքի այդ օրինաչափությունները: Ռուսաստանն ուզի թե չուզի, պետք է համակերպվի Հայաստանում ներքին լուրջ մրցակցության առկայությանը: Պարզապես, ի տարբերություն ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, այդ մրցակցության մեջ Ռուսաստանը երեւի թե տեսնում է իր աշխարհաքաղաքական շահին ուղղված լուրջ վտանգ եւ այդպիսով ավելի հետաքրքրված է մրցակցությունը խեղդելու հարցում, քան այն հրապարակ հանելու: Հայաստանի իշխանություններին, բնականաբար, ձեռնտու է ռուսական մոտեցումը, քանի որ դրա համար նրանցից շատ ջանք չի պահանջվում, պահանջվում է ընդամենը ռուսներին համոզել, որ մրցակցությունն արեւմտամետության ու ռուսամետության միջեւ է եւ իրենք են Հայաստանում ռուսամետության վերջին բաստիոնը: Դժվար է ասել, թե կհաջողվի, արդյոք, դա անել Հայաստանի իշխանություններին, բայց այն, որ նրանք դրա համար արդեն նույնիսկ Տիգրան Սարգսյանին են հանում ռուսական մամուլ, վկայում է, որ խնդիրն իսկապես լուրջ է եւ Ռուսաստանի կասկածները պետք է ցրել ճյուղ առ ճյուղ, եթե իհարկե ծառը չչորանա մինչեւ այդ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |