“Zhamanak” Armenian-American Political Daily

Ազատամարտիկների համատեղ հայտարարությունը

11:33 Yerevan | 7:33 GMT | Friday 4 April 2008

Սույն հայտարարությամբ իրազեկում ենք, որ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված մեր մարտական ընկերները երբեւիցե չեն կատարել հակաօրինական, հատկապես` հակապետական գործողություններ:

Նրանք ձերբակալված են հենց այն պատճառով, որ ջատագովն են Հայաստանի Հանրապետության ազգային անկախ պետականության:

Հենց դա է մեր ցավը եւ անհանգստությունը, որ այն անձինք, ովքեր գտնվում էին Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծման ակունքներում, այժմ ձերբակալված եւ ազատազրկված են հենց այդ պետության իրավապահ մարմինների կողմից:

Կրկին ընդգծելով, որ ազատամարտիկները, ի սկզբանե որդեգրելով քաղաքական պրոցեսներից դուրս լինելու սկզբունքը, այնուամենայնիվ չեն կարող մտահոգված չլինել Հայրենիքին սպառնացող վտանգներով եւ խոսքի ազատության ճնշմամբ, որը տեղի է ունեցել մեր մարտական ընկերների հանդեպ եւ հանդիսացել նրանց ձերբակալման, կալանավորման բուն պատճառ:

Խոսքի ազատությունը, այլ կարծիք ունենալը չի կարող համարվել հանցագործություն Հայկական պետականության դեմ:

Մենք դեմ ենք իրավապահ մարմինների կողմից իրականացվող այն քայլերին, որոնք քաղաքականացնում են ազատամարտիկների գործունեությունը: Իրավապահ մարմինները իրականացնելով ազատամարտիկների ձերբակալություններ եւ արհեստականորեն նրանց նկատմամբ հարուցելով քրեական մեղադրանքներ` ստեղծում են հասարակության մեջ անհանդուրժողական մթնոլորտ եւ ատելություն են առաջացնում պետական մարմինների նկատմամբ:

Մենք սկզբունքորեն ձեռնպահ ենք քաղաքական գնահատականներից:

Մենք չենք վախենում առկա հետապնդումներից եւ իրականացվող բռնություններից:

Այսօր առավել քան ակնհայտ է ներքաղաքական լարվածությունը: Իսկ այն կարծիքը, թե ժամանակի հետ այս լարվածությունը թուլանալու է` մեր համոզմամբ անհեռատեսություն է ընդամենը, եւ իրավիճակը շտկելու ամենատեղին քայլերն են՝

ա) իրականացված եւ իրականացվող քաղաքական հետապնդումների եւ ձերբակալությունների դադարեցումը,

բ) արդեն իսկ ձերբակալվածներին ազատ արձակումը,

գ) անկախ հետաքննության անցկացումը` միջազգային առաքելությունների եւ ընդդիմության (Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի) ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միայն նշված քայլերից հետո հնարավոր կլինի վերականգնել կորցրած հավատը պետականության, հայրենի երկրում ազատության, ազատ խոսքի հանդեպ: Միեւնույն է` որքան էլ հետապնդումներն ու բռնությունները շարունակվեն, դրանից տուժելու է պետականությունը, ժողովուրդը, բոլորս` առանց բացառության: Եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի տված գնահատականները արդեն իսկ իրենց զգացնել են տալիս. իսկ ի՞նչ եք կարծում, մինչեւ երբ կարելի է այդ գնահատականների հետ հաշվի չնստել, չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը Եվրախորհրդի նման ազդեցիկ կառույցի անդամ է եւ պետք է հարգի այդ կառույցի կարծիքը: Եթե նշված քայլերը չիրականացվեն, մեր պետության առանց այն էլ ցածր վարկանիշը կհավասարվի զրոյի:

Ուստի նշված քայլերը անհրաժեշտ է ազատամարտիկի բարի համբավը վերականգնելու համար եւ դրա հետ մեկտեղ վերականգնելու պետության բարի համբավը:

Սույնով դիմում ենք ՀՀ կառավարությանը, գլխավոր դատախազությանը եւ իրավապահ մարմիններին, որոնք պատասխանատու են ներկա քաղաքականության համար. ազատել մեր մարտական ընկերներին եւ դադարեցնել շարունակվող ձերբակալությունները:

Մենք եւ մեր մարտական ընկերները, որոնք այժմ ազատազրկված են, խիստ շահագրգիռ ենք, որ անպայման գտնվեն եւ համապատասխան պատիժ ստանան այն անձինք, ովքեր իսկապես մեղավոր են տեղի ունեցած մարդասպանությունների եւ կազմակերպված անկարգությունների մեջ:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.