“Zhamanak” Armenian-American Political Daily

«Հայրապետյանը յուրահատուկ դասախոս է, բայց, ափսոս, հեռացվեց»

11:26 Yerevan | 7:26 GMT | Friday 4 April 2008

Հեղինե Մանուկյան

«Հայրապետյանը յուրահատուկ դասախոս է, բայց, ափսոս, հեռացվեց»
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից` Պահպանողական կուսակցության ղեկավար, ՀՊՃՀ «Հասարակական գիտությունների եւ լեզուների դեպարտամենտի» հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Միքայել Հայրապետյանը ապրիլի 2-ին հեռացվել է աշխատանքից` փետրվարի 22-ից անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու համար:

Թեեւ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Միքայել Հայրապետյանն իրականում հեռացվել է իր քաղաքական հայացքների, ավելի ստույգ` Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու պատճառով: Երեկ այցելեցինք բուհ` պարզելու դասախոսի հեռացման իրական պատճառները: Ուսումնամեթոդական հարցերով եւ մասնաճյուղերի գծով պրոռեկտոր Միքայել Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց. «Պատճառը միակն է` աշխատանքի չներկայանալը: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, Հայրապետյանին ժամանակ առաջ նկատողություն է ներկայացվել, ապա` խիստ նկատողություն, իսկ հետո` հեռացվել է աշխատանքից, քանի որ փետրվարի 22-ից մարտի 31-ը չի ներկայացել աշխատանքի: Նա մեկ ամբողջ հաստիքով էր աշխատում, դասավանդում էր 8 ակադեմիական խմբերում, գործնականում նա ամբողջ շաբաթ ծանրաբեռնված էր ուսումնական գործընթացով»: Հարցին, թե մինչ այդ` սկսած 2005թ.-ից, ինչ Հայրապետյանը դասավանդում է բուհ-ում, երբեւէ խնդիրներ ծագե՞լ են նրա հաճախումների հետ, պրոռեկտորը նկատեց. «Ոչ մի խնդիր»: Իսկ լուրերն այն մասին, թե Հայրապետյանն իրականում աշխատանքից հեռացվել է այլ` քաղաքական հիմքով, իշխանությունների կողմից ճնշում է եղել ռեկտորատի վրա, եւ որ նրա բացակայություններն ընդամենը պատրվակ են եղել. «Դա այդպես չէ: Ցանկացած մեկը, ով չի կատարում աշխատանքային պայմանագրի կետը` պետք է ենթարկվի համապատասխան վարչական տույժի», - եղավ պրոռեկտորի պատասխանը: ՀՊՃՀ ուսխորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը եւս բացառեց Մ.Հայրապետյանին քաղաքական հայացքների համար բուհ-ից հեռացնելու հանգամանքը: «Ես` որպես ուսանողության ներկայացուցիչ, մասնակցում եմ բուհ-ի ղեկավարության նիստերին եւ բացառում եմ քաղաքական հայացքների համար դասախոսին հեռացնելու փաստը: Պրն Հայրապետյանի աշխատանքից հեռացնելու միակ պատճառը նրա բացակայություններն են եղել»: Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհրդի քարտուղար Թաթուլ Մկրտչյանը, սակայն, պնդում է, որ Հայրապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում փետրվարի 20-ից եւ դրանից առաջ կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու համար: «Հենց այդ հետապնդումների եւ դրանցից խուսափելու պատճառն է, որ նա չի կարողացել դասերի ներկայանալ եւ կատարել իր աշխատանքային պարտականությունները: Բացի այդ, փետրվարի 21-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հայրապետյանը կոչ է արել բոլոր ուսանողներին դասադուլ անել, ինքն էլ հայտարարել է, որ գործադուլ է անում ու համապատասխան դիմում է ներկայացրել բուհ-ի ղեկավարությանը, որտեղ նա պատճառաբանում է իր գործադուլ անցկացնելու որոշման հիմքերը: Այդ դիմումը Հայրապետյանին աշխատանքից հեռացնելու մասին որոշման մեջ չի արտացոլված: Ես պնդում եմ, որ հեռացման որոշման հիմքը թերի է, քանի որ այնտեղ միտումնավոր կերպով շրջանցվել է Հայրապետյանի ներկայացրած դիմումը դասադուլի մասին: Արհկոմիտեի նախագահ Մկրտչյանը եւ պրոռեկտոր Հարությունյանը մեր մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ պնդում էին, որ իրենք չեն պատրաստվում քննարկել այդ դիմումը: Մենք խնդրեցինք քննարկելու դեպքում տեղյակ պահեն մեզ կամ Հայրապետյանի կնոջը:

Սակայն տեղյակ չեն պահել, մեզ էլ հայտնի չի, թե ինչպես է անցել այդ քննարկումը եւ թե ինչու՞ են նրանք միտումնավոր շրջանցել Հայրապետյանի բացակայության բուն պատճառը` հանրահավաքներին մասնակցելու փաստով հետապնդումները եւ դրանցից խուսափելու համար թաքնվելու անհրաժեշտությունը: Շաբաթը մեկ կամ մի քանի անգամ Հայրապետյանենց տուն են գալիս ոստիկանության աշխատակիցներն ու փնտրում նրան, խուզարկում նրանց տունը, սակայն չեն ներկայացնում որեւէ հիմք, թե ի՞նչ քրեական զանցանք է թույլ տվել նա կամ թե արդյո՞ք նրա նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարված», - հավաստիացրեց Թ.Մկրտչյանը: Երեկ զրուցեցինք նաեւ Հայրապետյանի ուսանողներից մի քանիսի հետ: Ի դեպ, նրանցից մի քանիսը չցանկացան խոսել իրենց հեռացված դասախոսի մասին` պատճառաբանելով. «Մենք քաղաքական հարցերի հետ գործ չունենք, մեզ մի խառնեք այդ գործերին» ու բառիս բուն իմաստով փախան: ՀՊՃՀ «Համակարգչային համակարգեր եւ ինֆորմատիկայի դեպարտամենտի» հաշվողական տեխնիկա բաժնի 2-րդ կուրսի ուսանող Համլետ Ասլանյանն ասաց, որ Հայրապետյանն իր սիրելի դասախոսներից է, միշտ հաճույքով է մասնակցել նրա դասերին ու շատ է ցավում, որ նա այլեւս իրենց չի դասավանդելու: «Մեզ մեր դեկանն ու կուրսղեկը բացատրել են, որ նա մեկ ամիս դասի չի եկել, չնայած որ մեկ շաբաթով թույլտվություն ուներ դասերից բացակայելու համար: Ափսոսում ենք, որ նրա պես դասախոսն այլեւս չի դասավանդելու մեզ», - ասաց Համլետը: Անի Հարությունյանը եւս Հայրապետյանի ուսանողներից է. «Յուրահատուկ դասախոս է, այն եզակի դասախոսներից, ով կարողանում էր այնպես անել, որ կուրսն ամբողջ դասաժամի ընթացքում կլանված իրեն լսի»: «Մեր խումբը 30 հոգուց է բաղկացած, երեսունս էլ մեկ մարդու պես ներկա էինք լինում նրա դասերին, նույնիսկ, այսպես ասած, ամենաանհավես ու անտարբեր ուսանողը միշտ հետաքրքրված էր լինում նրա առարկայով: Հայրապետյանը ոչ մեկին հենց այնպես «բավարար» գնահատական չէր նշանակում, այդ «բավարարը» ուսանողն իր ուժերով էր ստանում, բոլորը ձգտում էին սովորել»: Ի դեպ, Հայրապետյանի ուսանողները նախատեսում են ստորագրահավաք կազմակերպել` իրենց հեռացված դասախոսին նախկին աշխատանքին վերականգնելու նպատակով, ինչի մասին արդեն տեղեկացրել են իրենց կուրսղեկին ու դեկանատին եւ լիահույս են, որ միառժամանակ հետո Հայրապետյանը վերստին կդասավանդի իրենց:

Վերլուծական
Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Փարիզ տանող ու բերող ճանապարհները

Սերժ Սարգսյանի ֆրանսիական այցից հետո Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի են ունենում բավական հետաքրքրական իրադարձություններ:

Քաղաքական
Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Որեւէ մեկը պետք է այս ժողովրդին սիրի ավելի, քան ինքն իրեն է սիրում

Հետահայաց հարցազրույց հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հետ

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.