“Zhamanak” Armenian-American Political Daily

Երկրապահը չարեց իր գործը: Երկրապահը երկիր չունի պահելու: Երկրապահը պետք է հեռանա:

11:28 Yerevan | 7:28 GMT | Thursday 3 April 2008

Էդպես են ոչ միայն մտածում, այլեւ գործում ներկա իշխանությունները: Ու, ըստ նրանց, պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ վտանգ կարող են սպառնալ իրենց իշխանությանը, աչքի վերեւը անխուսափելիորեն հոնք լինելու մասին հիշեցնել կամ էլ, պարզապես, անցանկալի են եւ կարող են այս կամ այն կերպ խաթարել թվացյալ անհողմությունը: Էնպես որ` շուտով Լեւոնի ու Վազգենի սարքած վերջին կառույցներից մեկն էլ` երկրապահն էլ կոչնչացնեն ու էդպես մինչեւ վերջ:

Պայքարի պես, բայց հենց այդ պայքարին էլ հակառակ:

Երբ Ազգային ժողովում տարբեր մանր-մունր դեպուտատներ խոսում էին «երկրում կուտակված անօրինական զենքի» մասին` արդեն իսկ ակնհայտ էր, որ բոլոր քարերը` մանրակրկիտ ընտրված, չափված-ձեւված, փոխանցված` նետվում են հենց երկրապահի բանջարանոցը: Մեծ խելք չէր պահանջվում այդ ամենը հասկանալու համար: Երկրապահի կողմից, անշուշտ: Որովհետեւ մյուսներն ակնթարթորեն հասկացան դա: Երկրապահը` չհասկացավ: Ի վնաս միայն ու միայն իրեն:

Ապօրինությունն, ինքնին, վատ բան է: Ցանկացած դեպքում: Ապօրինության մեջ խրված երկրում` առավել եւս: Ու ճիշտն` ամեն ինչը դեպի օրենքի լույսը բերելն է: Ինչը որ պետք է աներ հենց նույն երկրապահը: Ինչից որ պետք էր սկսել: Իր օրինականացումը: Ու մեկ տարվա ընթացքում երեք հրաշալի հնարավորություն ուներ անելու դա: Առաջինը նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններն էին` իրենց նախընտրական եւ հետընտրական գործընթացներով հանդերձ, երկրորդը` ըստ էության հոկտեմբեր ամսից ծնունդ առած համազգային Շարժումը եւ երրորդն էլ` ընթացիկ տարվա նախագահական ընտրությունները:

Շատ բան պետք էլ չէր անել. երկու ընտրությունների օրինականությունն էր պետք ապահովել ընդամենը ու հնարավորինս կանխել այն վայրահաչությունները, որոնք հնչում էին ու շարունակում են հնչել` ի դեպ, համազգային Շարժման հասցեին: Իսկապես մեծ բան չէր պահանջվում. երկրապահն իր ներկայությամբ միայն կարող էր սանձել այն թափթփուկների, բաշիբոզուկների` նժդեհյան եզրաբանությամբ` տականքի խրախճանքը ընտրատեղամասերում եւ ընտրատեղամասերից դուրս, որոնք էլ բռնացան Ժողովրդի կամքի վրա: Ցինիկորեն, լկտիաբար: Երբ իրենք ոչ միայն այլանդակություններ գործեցին, այլեւ իրենց իսկ գործածում մեղադրեցին իրենց իսկ զոհերին:

Ու՞ր էր երկրապահը: Էդ ժամանակ գոնե: Բացի մի քանիսից` ու՞ր էին: Եվ էսօր, երբ էդ մի քանիսն էլ բանտերում են` ու՞ր են: Իրենց գլուխը փրկելո՞վ են զբաղված: Թող զբաղվեն: Փրկելով այն, ինչը վաղուց արդեն ոչ մեկին, այդ թվում եւ իրենց պետք չի:

Երկրապահը` երկիր պահողն է: Եվ ոչ բնավ անցյալ ժամանակով: Ներկա: Պահե՞ց: Երեկ` այո: Այսօր` ոչ: Եվ ինչ երաշխիք, որ վաղը կպահի: Ոչ մի:

Ուրեմն եւ` պետք է հեռանա:

Միեւնույն է` նա իր օգտակարությունն արդեն կորցրել է, ձեռք բերելով եռակի վնասակարություն. ինքն իրեն արդեն պետք չէ, խանգարում է իշխանություններին եւ միանգամայն անիմաստ, չհիմնավորված ու, դրանով իսկ` վտանգավոր, պաշտպանվածության պատրանք է ստեղծում հասարակ ժողովրդի մոտ:

Երկրապահը չարեց իր գործը:

Երկրապահը երկիր չունի պահելու:

Երկրապահը պետք է հեռանա:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.