|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Պատանդ պահողի հետ չեն բանակցում»11:27 Yerevan | 7:27 GMT | Thursday 3 April 2008Մարինե Խառատյան Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: -Պարոն Ենոքյան, այսօր երբ ներքաղաքական կայունություն կոչվածը պահպանվում է ոստիկանական միջոցներով, զբոսնելու համար մարդկանց տանում են ոստիկանության բաժիններ, ժամերով ապօրինի պահում, ՀՀ իշխանությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Հնարավո՞ր է նման իրավիճակում երդման արարողությունը համարվի օրինական: - Երդման արարողությունը ենթադրում է մի նախագահից իշխանության փոխանցումը մյուս նախագահին: Երեք էլեմենտ կա, որ այս ամբողջ պրոցեսը դարձնում է ոչ լեգիտիմ: Առաջին` այն նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, որից փոխանցվում է իշխանությունը ինքը լեգիտիմ չէ, երկրորդ` օրենքների մեծ խախտումներով է ընտրված եւ ոչ լեգիտիմ է Սերժ Սարգսյանը, երրորդ` այս իրավիճակը, որում տեղի է ունենում երդման արարողությունը, լեգիտիմ իրավիճակ չէ: Լեգիտիմ իրավիճակ ասելով հասկանում ենք հասարակության վստահությունը վայելող պետական իշխանություն, իսկ այս իշխանությունը քաղաքացիներից պաշտպանվում է ոստիկաններով, տարբեր շքերթների անվան տակ զինված ուժերով: Այնպես որ` այստեղ որեւէ լեգիտիմ բան չկա: Միակ իմաստը, որ կարող է լինել այս երդման արարողության մեջ, եթե Ռոբերտ Քոչարյանը ինքնուրույն է իրականացրել այս բռնությունները, ապա միգուցե, երբ Քոչարյանը չի լինի իշխանություն, Սերժ Սարգսյանը փորձի մեղայականով հանդես գալ կամ մեղքը գցել Քոչարյանի վրա: Այսինքն` ինաուգուրացիան ոչ թե Սերժ Սարգսյանի համար շանս է իշխանությունը ամրապնդելու, այլ շանս է մեղայականի, որով նա փորձի ինչ-որ կերպ մաքրվել: - Բայց արդյոք Սերժ Սարգսյանը կարո՞ղ է մաքրվել, եթե այս ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի հետ հավասար մասնակցել է իշխանական գործողություններին: Ակնհայտ է, որ եթե Սերժ Սարգսյանի համաձայնությունը չլիներ, Ռոբերտ Քոչարյանը չէր կարողանա ինքնուրույն մարտի 1 կազմակերպել: - Հիմա անցումային փուլ է. Քոչարյանն ունի իրավիճակի նկատմամբ բոլոր լծակները, բայց չունի գրամ իսկ պատասխանատվություն, քանի որ վաղը նա չի լինելու իշխանության մեջ եւ նրան ոչ ոք չի կարողանալու պատասխանատվության կանչել: Սերժ Սարգսյանն այս իշխանական բուրգում գրավելով երկրորդ տեղը, այնուամենայնիվ առաջինը չէ: Համոզված եմ, որ զենք կիրառելու, ժողովներ ցրելու մեջ հիմնական հրաման տվողը Ռոբերտ Քոչարյանն է: Բայց, այնուամենայնիվ, չլինելով հրամանատար, Սերժ Սարգսյանը իրավիճակի պատասխանատվության կրող է գոնե հետագա 5 տարիների համար, եթե ենթադրում է, որ պետք է պաշտոնավարի: Ես չեմ ասում, որ նա անմասն է, ես ասում եմ, որ նա շանս ունի մեղքը մյուսի վրա բարդելու եւ ոչ միայն Քոչարյանի, նաեւ գնացող ոստիկանական, անվտանգության համակարգի վերնախավի վրա, բանակի վերնախավի վրա, եթե նրանք գնան եւ այլն: - Կարծում եք, այդպես էլ կանի՞: - Չգիտեմ, ես ուղղակի ասում եմ, նման շանս ունի: ...Իհարկե Ռոբերտ Քոչարյանը կփորձի ինքը շարունակել ղեկավարել` առանց որեւէ պատասխանատվության, բայց դա, կարծում եմ, ընդունելի չի լինի Սերժ Սարգսյանի համար: - Ոստիկանական միջոցներով եւ բանտերը կալանավորվածներով լցնելով, կարծում եք, որքա՞ն դեռ հնարավոր կլինի շարունակել այս իշխանության գոյատեւումը, եթե այն հրաժարվում է իրական երկխոսության գնալ: - Այս ձեւերով իշխանությունը 1-2 ամսից ավելի պարզապես չի դիմանա: Սա լարված, հակատրամաբանական, հակաիրավական իրավիճակ է, նաեւ հակատնտեսական: Այսօր պետության գանձարանը դատարկ է: Արդեն ուշացումներով են վճարվում թոշակները, բուժսպասարկման հիմնարկները չեն ստանում իրենց անհրաժեշտ միջոցները: Այսօր ՀՀ տնտեսությունը դարձել է այնպիսին, որ արդեն հարկեր չեն հավաքվում: Իշխանությունն ունի արտաքին քաղաքական զրո ռեսուրս, արդեն մեր արտաքին քաղաքական քիչ թե շատ լուրջ գործընկերները երես են թեքում մեզանից: ՄԱԿ-ում ԼՂ բանաձեւի ընդունումը հենց վկայությունն է դրա, որ մեր ամենամերձավոր հարեւան Վրաստանը, փաստորեն, դրան կողմ քվեարկեց, իսկ Մինսկի խումբը, որ այսքան ժամանակ կասեցնում էր բանաձեւի մուտքը ՄԱԿ-ի օրակարգ, դա չարեց: Ցեղասպանության մասին այս իշխանությունն այլեւս չի կարող միջազգային որեւէ ատյանում խոսել ու Թուրքիային մեղադրել` այն դեպքում, երբ ինքը դրել, մարդկանց է կոտորել զուտ աթոռը պահելու համար, շատ ավելի վատ հակամեղադրանքներ կստանա: Խոսակցություններ կան, որ լուրջ պրոբլեմներ կան ներիշխանական միջավայրում. օլիգարխները, Սերժ Սարգսյանի թիկնապահները, նրանց թիկնապահները, ողջ կրիմինալ կլանը ընտրությունների ժամանակ փողեր է ներդրել, հանցագործություններ կատարել, մարդկանց գողացել, որ Սերժ Սարգսյանը հաղթի եւ իրենք իշխանական կերակրատաշտի մոտ ունենան իրենց տեղը: Հիմա, պարզվում է, սրանց հեռացնում են եւ փոխարեն բերում են ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի մարդկանց: Նախորդները չեն հասկանում` ինչի՞ համար են այդքան հանցագործություն կատարել: Նրանց մոտ կա լուրջ բողոք: Էլ չեմ խոսում, որ հասարակության համար ընդհանրապես անընդունելի է նման արհեստական կոալիցիաների ստեղծումը: Այս ամբողջ ընթացքում բեւեռացումն է ավելի խորանում, ոչ թե ժողովուրդն է հարմարվում կլանային համակարգին: Երկխոսություն, որ ասում ենք, դա պետք է լինի իշխանական ռեսուրսին տիրապետող Սերժ Սարգսյանի եւ հասարակական ռեսուրսին տիրապետող Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: Այս արանքում Վազգեն Մանուկյան, Արտաշես Գեղամյան մտցնելը, ամբողջ պրոցեսը կաղճատի: Էլի չի ստացվի հասարակական երկխոսություն: Երկխոսության համար գոնե ԵՄ պահանջները պետք է բավարարվեն: Երբ ասում ենք երկխոսություն` դա պետք է լինի այն ուժերի միջեւ, որոնք իրավիճակին տիրապետում են: Այսօր փաստորեն Սերժ Սարգսյանը պատանդ է վերցրել քաղբանտարկյալներին եւ ուզում է նրանց դարձնել բանակցությունների առարկա` դրանով փորձելով զիջումներ կորզել: Սակայն կարգ կա. եթե անգամ ահաբեկիչները պատանդ են վերցնում, նրանց հետ չեն լինում բանակցություններ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |