“Zhamanak” Armenian-American Political Daily

Ապստամբությունը` քաղաքական զբոսանքի վերջնարդյունք

11:25 Yerevan | 7:25 GMT | Thursday 3 April 2008

Ռոբերտ Ա.Սարգսյան

Այսօր Հայաստանում իսկապես ստեղծվել է շատ բարդ ու հետաքրքրական իրավիճակ: Իրավիճակ, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնության մի մասը ակտիվորեն Հյուսիսային պողոտայում քայլելով, իսկ մյուս մասը պասիվորեն իրենց տներում ընդվզում են եւ չեն ընդունում իշխանություններին: Սա այլկերպ կոչվում է քաղաքացիական անհնազանդություն:

Ահա այս իրավիճակը ավելի լավ ընկալելու համար անհրաժեշտ է առաջնահերթորեն այն դիտարկել մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների համատեքստում, քանզի Հայաստանի քաղաքացիների անհնազանդության պատճառը իրենց իրավունքների եւ ազատությունների բազմակի եւ խմբակային բռնաբարումն է: Ոչ ոք չի կարող պնդել, որ տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց հիմնական պահանջը սոցիալ-տնտեսական է. բռնատիրական երկրներում մարդիկ հաստատ սոված չեն լինում, եւ ի վերջո` կարելի է ուղղակի փախչել հեռու-մոտիկ որեւէ բարեկեցիկ երկիր եւ հանգիստ ապրել: Շատերը հենց այդպես էլ վարվեցին, սակայն նրանք, ովքեր մնացել են Հայաստանում` պայքարում են, եւ այո, պայքարում են իրենց իրավունքների եւ ազատությունների համար: Եթե կուզեք` արժանապատվության համար:

Քաղաքացու իրավունքների եւ ազատությունների փաթեթում առանցքային է ընտրելու ու ընտրվելու եւ հանրաքվեի իրավունքը, դրանք այն հիմնական լծակներն են, որոնց միջոցով քաղաքացիները մասնակցում են իրենց երկրի կառավարմանը եւ իրականացնում իրենց իշխանությունը: Հենց դրանով է պետության իշխանությունը պատկանում իրենց` քաղաքացիներին կամ ինչպես նշված է ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածում` ժողովրդին: Սա ամրագրված է ինչպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրում, այնպես էլ ՀՀ Սահմանադրությունում: Իսկ ինչպես վարվել այն դեպքում, երբ իշխանությունը զավթվում է անհատի կամ խմբի կողմից: Խոսքն իշխանություն զավթելը կանխելու մասին չէ, այլ արդեն կատարված հանցագործությունը եւ նրա հետեւանքները վերացնելու մասին: Նույն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում որպես Հռչակագիրը ընդունելու նպատակ նշվում է մարդու իրավունքները օրենքի իշխանությամբ պաշտպանելու անհրաժեշտությունը, որպեսզի մարդիկ դրա բացակայության պատճառով, որպես վերջին միջոցի, չդիմեն ապստամբության: Այսինքն` եթե իշխանությունը զավթված է, եթե գոյություն չունի օրենքի իշխանություն եւ ոչ միայն չեն պաշտպանվում, այլեւ ոտնահարվում են մարդու եւ քաղաքացու իրավունքները, ապա քաղաքացին լիարժեքորեն իրավունք ունի ապստամբելու, որը դիտվում է որպես վերջին միջոց: Ապստամբության իրավունքը պետական իշխանությունը քաղաքացիներին վերադարձնելու իրավունքի անքակտելի մասն է, ինչպես որ անձի անձեռնմխելիության իրավունքի անքակտելի մասն է անհրաժեշտ եւ ծայրահեղ անհրաժեշտ պաշտպանությունը:

Եվ հենց սրա գիտակցումն է, որ հնարավորություն է տալիս հասկանալ այսօրվա քաղաքացիական անհնազանդության հանգուցալուծումը: ՀՀ քաղաքացիների ընտրությունների միջոցով իրենց իշխանությանը վերատիրանալու տապալված «առայժմ» փորձը եւ իրենց իշխանությանը վերատիրանալուն ուղղված Համաժողովրդական դաժանորեն ճնշված «առայժմ» շարժումը իրենց պատկանող իշխանությունը վերադարձնելու սահմանադրական ճանապարհն էր, որը իշխանությունը զավթած մի խումբ անձինք տարբեր միջոցներով արգելափակեցին: Եվ այսօրվա քաղաքացիական անհնազանդության բռնաճնշումը ձերբակալությունների միջոցով կամ դրա անարդյունք լինելը ՀՀ քաղաքացիներին թողնում է միայն մեկ ելք` որպես վերջին միջոց օգտվել ապստամբության իր իրավունքից: Առավել եւս, որ ապստամբության իրավունքը այս իրավիճակում, երբ չարաշահումների երկար շղթան եւ իշխանության զավթումը հետապնդում է մեկ նպատակ` Հայաստանում հաստատել բռնապետություն, դառնում է ոչ միայն պարտականություն, այլեւ լինել-չլինելու հարց:

Հ.Գ. Մարտի 1-ը, ի դեպ, ապստամբություն չէր, ապստամբությունը կծագի մի պայծառ օր եւ կվերադարձնի ոչ միայն մեր ազատությունն ու արժանապատվությունը, այլեւ մարտի 1-ի արյունոտ ձեռքերը կշղթայի:

26.03.08

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.