|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նամակ օմբուդսմենին11:22 Yerevan | 7:22 GMT | Thursday 3 April 2008 «Հանրապետություն» կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանը նամակ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, որտեղ նամակի հեղինակը կասկածի տակ է առնում մարտի 18-ին ընդունված «Ժողովներ, ցույցեր եւ երթեր» անցկացնելու մասին օրենքի, ինչպես նամակագիրն է որակում` «սահմանադրականությունը»: Նամակում մասնավորապես ասվում է. «...Կատարված փոփոխություններն ու լրացումները գնահատելով սոսկ իրավական հարթության մեջ` կարելի է պնդել, որ դրանցից շատերը խոստորեն հակասում են թե մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմնարար իրավական ակտերի եւ թե ՀՀ Սահմանադրության բազմաթիվ դրույթներին»: Նամակագիրն այդ կապակցությամբ վկայակոչում է մի շարք փաստարկներ: Այսպես. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 20-րդ հոդվածում ամրագրված է, որ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ժողովների եւ միաբանությունների ազատության իրավունք»: Այս ձեւակերպումն ամրագրում է ստացել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի» 11-րդ հոդվածում, համաձայն որի «յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատութայն...իրավունք»: Նույն բովանդակությամբ են շարադրված նաեւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 21-րդ հոդվածը եւ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, թեպետեւ դրանցում հիշատակված չէ «ազատություն» տերմինը: Այդ իրավական ակտերում ուղենշված են զանգվածային հրապարակային միջոցառումների սահմանափակման շրջանակները՝ ելնելով հետեւյալ գերակա հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից՝ պետական եւ հասարակական անվտանգության ապահովում, հասարակական կարգի պահպանում, անկարգությունների կամ հանցագործությունների կանխում, այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանություն եւ այլն: Թվարկված չափորոշիչներով ղեկավարվելով` ՀՀ Սահմանադրությունը թույլատրել է օրենքով սահմանափակել մարդու եւ քաղաքացու մի շարք հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ «...եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների ու ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար»: Որքանո՞վ են կատարված փոփոխություններն ու լրացումները համապատասխանում միջազգային իրավունքին ու ՀՀ Սահմանադրությանը: Հարցին պատասխանելու համար նամակագիրը մեջբերում է «Օրենքի» 9-րդ հոդվածի 4-րդ մասի վերաձեւակերպումը, որտեղ ասվում է, որ հրապարակային միջոցառումների անցկացումը կարող է արգելվել լիազոր մարմնի կողմից, «եթե ըստ հավաստի տվյալների դրանք, ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ...բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների եւ հանցագործությունների, պետական անվտանգության, հասարակական կարգի...ոտնահարմանը: Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն պաշտոնական եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին»: «Օրենքի» 3-րդ կետի առաջին պարբերությունում թվարկված հանցավոր միտումները, սովորաբար, դրսեւորվում են միայն զանգվածային միջոցառման ընթացքում եւ հետեւաբար դրանք կարող են հիմք ծառայել բացառապես օրենքի խախտմամբ ընթացող զանգվածային միջոցառումը հարկադրաբար դադարեցնելու, այլ ոչ թե ծրագրված միջոցառումն ի սկզբանե արգելելու համար: Նման կարգավորումը հակասում է «Դաշնագրի» 5-րդ հոդվածի, «Կոնվենցիայի» դրույթներին եւ ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածին, համաձայն որի «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»: Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումն արգելելու համար հիմք հանդիսացող տվյալների հավաստիությանը, ապա Սահմանադրության 43-րդ հոդվածով գերակա ճանաչված արժեքներին սպառնացող վտանգները եւ դրանց հավաստիության չափորոշիչները պետք է հստակ կանոնակարգվեին «Օրենքով», այլ ոչ թե վերապահվեին առանձին պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց, որոնց քմահաճ ցանկությամբ է այսուհետ պայմանավորվելու մարդկանց` Սահմանադրության 29-րդ հոդվածով հռչակված հիմնարար իրավունքի իրականացումը: Փոփոխված ու լրացված «Օրենքում» պահպանված է «ոչ զանգվածային հրապարակային միջոցառում» հասկացությունը, որպես հրապարակային միջոցառում, որին մասնակցում է 100-ից պակաս քաղաքացի, թույլատրվելով դրանց անցկացումը զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով: Մյուս կողմից` «օրենքից» հանվել են ոչ զանգվածային միջոցառումը ինքնաբուխ զանգվածային միջոցառման վերածվելու վերաբերյալ դրույթները: Բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ինչ տեղի կունենա, եթե կազմակերպչի կողմից պատշաճ իրազեկված ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը դրա անցկացման ընթացքում վերածվի զանգվածային հրապարակային միջոցառման: Ուշագրավ է, որ կազմակերպիչն իրավունք չունի արգելելու քաղաքացիների մուտքը հանրահավաքի վայր, քանի որ հրապարակային միջոցառումներին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Նամակագիրն այն կարծիքին է, որ վերոնշյալ «Օրենքն» ամբողջությամբ պետք է ճանաչվի Սահմանադրությանը հակասող, որովհետեւ դրանով նախատեսված խստացումները բխում են ոչ թե, ինչպես վերը նշվեց` հանրային գերակա արժեքների պաշտպանության անհրաժեշտությունից, «այլ 2008թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքում ձեւավորված ոչ լեգիտիմ իշխանությունը բռնի մեթոդներով պահպանել ցանկացող մի խումբ մարդկանց շահերից»: Նորիկ Եղիազարյանը ակնկալում է, որ Ա.Հարությունյանը կդիմի Սահմանադրական դատարան եւ կվիճարկի վերոնշյալ օրենքի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |