“Zhamanak” Armenian-American Political Daily

Մի «սադրանքի» հիմքով

11:17 Yerevan | 7:17 GMT | Thursday 3 April 2008

Մարինե Խառատյան

Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքից ազատեց ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին` առանց պաշտոնապես հիմնավորելու, թե ինչու՞ է փոխնախարարին ազատում աշխատանքից:

Ինչ խոսք, դա սովորական հաշվեհարդար էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու համար: Սակայն քանի որ Մանվել Գրիգորյանն անձամբ երբեք չի հայտարարել որեւէ մեկին սատարելու մասին, դրանով լուրջ դժվարություններ է առաջացրել Ռ.Քոչարյանի համար: Իհարկե, Ռ.Քոչարյանը մեծագույն հաճույքով կհայտարարեր, որ Մանվել Գրիգորյանին ազատել է, քանի որ վերջինս խախտելով օրենքը` զբաղվել է քաղաքականությամբ, սակայն խնդիրն այն է, որ այս ողջ ընթացքում իշխանական լրատվամիջոցներն ու պաշտպանության նախարարությունը` սկսած նախարարից, միանշանակ պնդում էին, թե նման լուրերը պարզապես սադրանք են, Լեւոն Տեր-Պետրոսյանը խաբկանքի մեջ է ու նրան որեւէ փոխնախարար չի սատարում: «Հայոց բանակի ոչ մի փոխնախարար չի աջակցում Լեւոն Տեր-Պետրոսյանին», - փետրվարի 23-ին հայտարարել էր պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունների համար բոլորը պետք է պատասխան տան օրենքի առջեւ, քանի որ ոչ ոք իրավունք չունի արհամարհելու ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: «Այդ լուրերը կեղծ են, իսկ պաշտպանության նախարարի բոլոր տեղակալները զբաղված են իրենց ծառայողական պարտականությունների կատարմամբ: Ես կոչ եմ անում բոլորին` զերծ մնալ նման սադրիչ հայտարարություններից: Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ եւ կատարում է իր առջեւ դրված խնդիրներն ու առաջադրանքները: Մենք ունենք գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար, որոնց հրամանները գործում են բոլորի համար` զինվորից մինչեւ հրամանատար, գեներալ, մինչեւ նախարարի տեղակալներ: Այնպես որ, մի հավատացեք նման հայտարարությունների, որոնք, միգուցե, ընդդիմության ցանկությունն են, որը չի իրականանա», - ասել էր Միքայել Հարությունյանը: Նախարարի հայտարարությունից երկու օր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին Մանվել Գրիգորյանի որոշումը հերքել էր նաեւ ՊՆ խոսնակ Սեյրան Շահսուվարյանը: Երեկ զանգահարեցինք ՊՆ խոսնակին ու հիշեցրինք, որ ժամանակին պնդում էր, թե Մանվել Գրիգորյանը չի սատարում Տեր-Պետրոսյանին: «Ես չէի պնդում, է~, ես ասում էի էն, ինչ որ ասում էր նա», - ի պատասխան հայտարարեց Շահսուվարյանը: «Ո՞վ նա», - հարցրինք: «Մանվել Գրիգորյանը: Ես, ի վերջո, խոսնակ եմ եւ, ի վերջո, փոխանցում եմ բոլոր այն խոսքերը, ինչ որ իրանք ասում են»: Մեր հարցին, թե պաշտպանության նախարարն ինչպե՞ս էր նման բան հայտարարում, Սեյրան Շահսուվարյանը լղոզեց. «Դե ուրեմն նա ասել ա էդ բանը, նա էլ նույն բանը կրկնել ա: Ինչի՞ մասին ա խոսքը»: Հիշեցրինք, որ Մանվել Գրիգորյանն ինքն իր անունից որեւէ հայտարարություն չի արել: «Իսկ դուք լսե՞լ եք էսքան տարի Մանվել Գրիգորյանն իր անունից հայտարարություն անի», - հակադարձեց խոսնակը: Մեր հաջորդ հարցը, թե չե՞ք կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը, փաստորեն, ձեզ սուտ հանեց իր այս հրամանագրով, վերջնականապես հունից հանեց Շահսուվարյանին. «Դատարկ բաներ մի խոսեք...Էդ ի՞նչ խոսալու տոն ա»: Ի դեպ, լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի էր դարձել, որ մինչ մարտի 1-ը Ռ.Քոչարյանը մի առիթով շատ կոշտ էր արտահայտվել Մանվել Գրիգորյանի մասին: Մոտավորապես այսպես. «Ասել եմ` գնա տուն ու քիթդ տնից դուրս չհանես»:

Հիշեցնենք նաեւ, որ մարտի 13-ին պատասխանելով քաղաքացիների հարցերին` Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Գեներալ Մանվել Գրիգորյանը իմ մարտական ընկերն է: Ավելին, նրա կինը` Նազիկը, եւս մեզ հետ հավասար կռվում էր այն ժամանակ: Եվ ես երբեք չեմ փորձել Մանվել Գրիգորյանին ներքաշել քաղաքականության մեջ: Եվ շատ-շատ ափսոսում եմ եւ ցավում եմ, որ նա, չգիտեմ ինչից ելնելով, փորձեց մտնել քաղաքականություն եւ փորձ արեց չենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարին: Ես կարծում եմ, պետք է հանգամանքները պարզվեն, եւ խնդիրը պետք է լուծում ստանա»:

Խնդիրը, փաստորեն, իր լուծումը ստացավ:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.