|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նրանք այս երկրի հարստությունը պիտի լինեին11:06 Yerevan | 7:06 GMT | Thursday 3 April 2008Մարինա Բաղդագյուլյան Քննիչներն ու ոստիկանները, երբ խուզարկելու էին գնացել Սուրեն Սուրենյանցի բնակարանը, Լուսինե Հայրապետյանին` Սուրենյանցի կնոջը, խորհուրդ էին տվել կամավոր բերել հանձնել բնակարանում պահված զենք-զինամթերքը, եթե դրանք կան: Լուսինեն առաջարկել է տան միակ «սառը զենքը»` խոհանոցի դանակները: «Դրանք են մեր միակ «զենքերը»: Տարեք դրանով կտրեք Սուրենյանցի լեզուն կամ գլուխը` նրա մյուս «զենքը»...»... Վահագնի ու Սիրանույշի պապիկը Մոսկվայից մի մեծ տիկնիկ է ուղարկել: Երեխաները գիտեն, թե իրենց պապան է Մոսկվայից ուղարկել: Նրանց ասել են, թե հայրիկը գնացել է Մոսկվա` հեռու-հեռու մի քաղաք, դրա համար էլ տուն չի գալիս: Բոլոր մեծերը, իհարկե, գիտեն, թե որտեղ է Սուրենյանցը եւ ինչու: Որովհետեւ ասել է` «Պայքար, պայքար մինչեւ վերջ», որովհետեւ հարցերին ու երեւույթներին մի քիչ այլ տեսանկյունից է նայում, որովհետեւ ուրիշ ելքեր ու լուծումներ է տեսնում, որովհետեւ նման չէ իրենց... «Մեր պապան միշտ մեզ հետ է, ուր ուզում է լինի` գործի բերումով, թե` հայացքների բերումով որտեղ կորոշեն, որ լինի: Մենք նրան սպասում ենք, որովհետեւ գիտենք` շատ շուտով մեզ հետ է լինելու նաեւ ֆիզիկապես», - համոզված է Լուսինեն: Իսկ կատարվածի եւ ներկայումս ընթացող իրադարձությունների մասին Լուսինեն մտածում է այն, ինչ ժողովրդի մեծամասնությունը` իր ներքին մտորումներում, ինչ չի բարձրաձայնում ժողովրդի մեծամասնությունը, ինչ բարձրաձայնեց ժողովրդի փոքրամասնությունը եւ հայտնվեց ճաղերի ետեւում: «Մենք, ճիշտ է, ճաղերից դուրս ենք, բայց այստեղ էլ նույն ճաղերն են, ոչ մի տարբերություն: Ինչ-որ մեկը «բռնված» է, ես էլ «բռնված չեմ», բայց ես նույնչափ «բռնված» եմ, որքան ինքը: Ես չգիտեմ ազատության մասին ինչ պատկերացումներ ձեւավորել մի երկրում, որտեղ պետությունը հենց ինքն իրեն վնասելու հաշվին է իշխանություն պահում` մարդկանց տրորելով, մարդկանց իրավունքները ոտնահարելով»: Տասներորդ օրն է Սուրեն Սուրենյանցը հացադուլ է հայտարարել: Հեռուստատեսային լուրերով այդ փաստի մասին ոչ մի արձագանք, քար լռություն: Ի դեպ, հացադուլը բողոքի ամենասուր, ամենածայրահեղ ձեւերից է: Հացադուլի ձեւով բողոքն արտահայտելու հետեւանքով, փաստաբանի հավաստմամբ, երիկամային խնդիրներ են ի հայտ եկել Սուրենյանցի մոտ: Իսկ նա հրաժարվում է դադարեցնել հացադուլը, մինչեւ չբավարարվեն իր պահանջների գոնե մի մասը: - Ընտանիքին չի թույլատրվում տեսակցել: Քննիչն արգելանքը չի կարողանում վերացնել: Չգիտեմ ինչն է դրա պատճառը: Համենայնդեպս, Սուրենը շատ ուժեղ է, վստահ եմ` նա այս անգամ էլ կհաղթահարի: - Ո՞վ կարող է լինել այն մեկը, որ կարող է փոփոխություն մտցնել Սուրենյանցի համար: - Այդ մեկը Տեր Աստվածն է, որ միշտ իր հետ է: Իսկ այլ այցելությունների մասին կարող եմ ասել, որ բանտախուցը ամֆիթատրոն չէ, ուր գնում են գլադիատոր նայելու: Քննիչը երկուշաբթի օրվանից տեղյակ է, որ Սուրենյանցը հացադուլի է նստել եւ մինչեւ հիմա գործը վերանայելու, ինչ-որ փոփոխություն մտցնելու մասին պատասխան դեռեւս տրված չէ: Սուրենյանցը ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար չէ հացադուլի նստել: Չկա սրտացավ վերաբերմունք քաղաքացու նկատմամբ: Այս իրավիճակում, ցավոք, սա նույնիսկ նորմալ է դիտվում բոլորիս կողմից: Գուցե 15 օր հետո ինչ-որ բան որոշեն, գուցե լուծումը նախապես գիտեն... Իսկ ես գիտեմ, համոզված եմ` ամենամեծ Ուժը միշտ նրա հետ է: Համենայնդեպս, ամեն մարդ իր արածների համար պետք է պատասխան տա: Թող նա իր արածների համար պատասխան տա, մյուս բոլորը` ովքեր դատում են, թող դատվեն այն ամենի համաձայն, ինչով դատում են: Նրանք էլ մի օր դրա համար պատասխան կտան: 1996-ից մինչեւ 2008 թիվը երեք նախագահական ընտրություններ են եղել: Այդ 3 ընտրություններից հետո էլ Սուրենյանցների ընտանիքը քաղբանտարկյալ է ունեցել: 1996-ին 2, 5 ամսով ձերբակալվել էր Միքայել Սուրենյանցը, 2006-ին եւ 2008-ին` Սուրեն Սուրենյանցը: Զրուցեցինք նաեւ Սուրեն Սուրենյանցի եղբոր` Միքայելի հետ: Փորձեցինք համեմատության գծեր անցկացնել 1996-ի եւ 2008-ի ժողովրդական պոռթկումների, պատժամիջոցների ձեւերի միջեւ: - 1996-ին ես ուսանողական ակտիվիստներից էի: «Արդարություն» ուսանողական արհմիության ղեկավար կազմի անդամ էի: Երբ քաղբանտարկյալ էի, նոր համագումարում ինձ ընտրեցին նախագահ: Այն ժամանակ Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ գնում ենք Բաղրամյան պողոտա, ԱԺ շենքի մոտ (ԿԸՀ-ն ԱԺ-ում էր), մեր պահանջն ենք ներկայացնում: Վազգեն Մանուկյանը ժողովրդին տարավ այնտեղ եւ ասաց, որ ինքը կմտնի շենք, կներկայացնի ընտրությունների իրական տվյալները հայտարարելու պահանջը: Եվ մի հետաքրքիր բան ավելացրեց. «Ժողովուրդ, ես գնում եմ: Գիտեք ում մոտ եմ գնում, ինչեր կարող են լինել: Եթե 15 րոպեից չգամ, եկեք իմ ետեւից»: Սա ԱԺ շենքի վրա գրոհելու բացահայտ կոչ էր, քանի որ այդ շենքի առաջին հարկից երկրորդ հարկ բարձրանալն արդեն 15 րոպե տեւում է: Բացի այդ, 1996-ին պայքարը Ազատության հրապարակում 2 օր տեւեց: Վազգեն Մանուկյանը գուցե վախեցավ, որ զանգվածները կպակասեն, դիմադրության ոգին չի բավականացնի եւ դիմեց ԱԺ շենք գրոհելու քայլին: Իսկ 2008-ին տասն օր շարունակ ժողովուրդը հրապարակում էր եւ նրանց թիվը գնալով ավելանում էր: Մարդաշատության այդպիսի պայմաններում ոչ մի ավելորդ քայլ չձեռնարկվեց: Բազմահազարանոց երթեր եղան, բայց մի մեքենա անգամ չվնասվեց: Հայտարարված էր` ծափողջույններով անցնել ոստիկանների կողքով, այդպես էլ լինում էր: 1996-ին կրակոցներ եղել են, բայց` միմիայն օդ: Ընդ որում` ԱԺ շենքի ետեւից են կրակել, եւ շենքի առջեւում հավաքված ժողովրդին թվաց, թե իրենք հաղթել են եւ հաղթանակի պատվին հրավառություն է, քանի որ բացառապես օդ էին կրակում: 1996-ին ոչ մի զոհ չեղավ: 2008-ին պաշտոնական տվյալներով ութ զոհ կա: Իմ եւ ընտանիքիս անդամների անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում 8 զոհերի ընտանիքներին: Նրանց երեխաները զրկվեցին հայրական դաստիարակությունից: Այդ ընտանիքները միայն հայր չեն կորցրել, այդ ընտանիքները գլխատվել են: - 1996-ին քաղբանտարկյալ եք եղել: Հիմա ձեր եղբայրն է այդ կարգավիճակում, ավելին` նա հացադուլ է հայտարարել: Քաղբանտարկյալի անձի հանդեպ վերաբերմունքի, ուշադրության հետ կապված համեմատություններ կարո՞ղ եք անցկացնել 1996-ի եւ 2008-ի միջեւ: - 1996-ին ես ձերբակալվել էի ԱԺ շենք ներխուժելու մեղադրանքով: Քննության ժամանակ էլ ասել եմ, որ եթե ես իսկապես մտած լինեի ԱԺ շենքի տարածք, պետք է կրեի համապատասխան պատիժը, քանի որ օրենքի կոպիտ խախտում է պետական նշանակության կառույց ներխուժումը: Ես նույն գնահատականը կտայի, եթե մարտի 1-ին ժողովուրդը մտներ Քաղաքապետարանի շենք: Բողոքի այդպիսի ակցիաների դեմ եմ: Վերջերս Շավարշ Քոչարյանը մի հայտարարություն արեց, որն ինձ ստիպեց կասկածել, թե գուցե այդ մարդը կորցրե՞լ է սթափ վերլուծելու ունակությունները: Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե 1996-ին բիրտ ուժ չկիրառվեց, որովհետեւ խանութներ չջարդեցին, չթալանվեցին: Ի՞նչ խանութների մասին է խոսքը, երբ ջարդել էին ԱԺ դարպասները, գողացել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին: Թե` Շավարշ Քոչարյանի համար մեկ խանութը շատ ավելի թանկ է, քան ԱԺ շենքը: 1996-ին քաղբանտարկյալների ազատության համար քայլեր էին ձեռնարկում հենց իշխանության մեջ գործող դեմքեր: Մեր խցում հեռուստացույց կար: Ես լսում էի Դավիթ Շահնազարյանի, Արամ Մանուկյանի` «Ոչ քաղբանտարկյալներին» բովանդակությամբ ելույթները: Այսինքն` քաղբանտարկյալներ այդ երկրում չպիտի լինեին: Մենք պայքարում էինք այդ իշխանության դեմ, բայց այդ իշխանության ճամբարում գտնվող շատ մարդիկ պայքարում էին մեր ազատության համար: Նույն այդ մարդկանց միջամտության շնորհիվ ես տեսակցել եմ իմ ընտանիքի անդամներին: Բազմիցս Կարմիր խաչի անդամներն են ինձ հետ զրուցել: Այսօր ես դա չեմ տեսնում: Այսօր իշխանության մեջ չկա մեկը, ով կունենա այդ համարձակությունը եւ կփորձի կարծիք հայտնել` ճի՞շտ են այս պրոցեսները, թե՞ սխալ: Ուզում եմ մի հարց ուղղել իմ ուսանողական ընկերոջը` Էդուարդ Շարմազանովին, ով 1996-ին ուսանողական շարժման մեջ էր, «Արդարություն» ուսանողական արհմիության անդամ, այսօր ՀՀԿ լրատվության ղեկավարն է: Էդուարդ Շարմազանով, այն ժամանակ, 1996 թվականի ապրիլին, երբ մենք ուսանողական խնդիրների պայքարում բողոքի ակցիա կազմակերպեցինք, դասադուլ հայտարարեցինք, նախագահի նստավայրի դիմաց երկու վրաններ խփեցինք եւ 48 ժամ հացադուլի նստեցինք, դու էլ հացադուլավորներից մեկն էիր, մի ոստիկան քեզ ասա՞ց, թե երթն արտոնված չէ, հացադուլը անօրինական է, թե իրավունք չկա նախագահի նստավայրի դիմաց վրաններ խփել: Էդուարդ Շարմազանով, քեզ գոնե երկու ժամ այդ ոչ արտոնված հանրահավաքի, երթի համար ձերբակալե՞լ են: Ես համոզված եմ, որ չի կարելի քաղաքական հայացք, դիրքորոշում ունեցող քաղաքացուն ձերբակալել: Իմ կարծիքով` նրանք այս երկրի հարստությունը պիտի լինեին: Այսպես ասում եմ ոչ թե նրա համար, որ Սուրեն Սուրենյանցն իմ սիրելի եղբայրն է, այլ` առհասարակ... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |