“Zhamanak” Armenian-American Political Daily

Կլիներ, եթե...

11:03 Yerevan | 7:03 GMT | Thursday 3 April 2008

Մարինա Բաղդագյուլյան

Դժվար է ասել, թե ինչ կզգար Արգիշտի արքան` կանգնելով Էրեբունի ամրոցի պարիսպների մոտ եւ դիտելով իր ստեղծագործության շարունակությունը` նոր Երեւանը: Սակայն պարիսպներից ներս նայելիս աստվածների զայրույթը, շանթն ու ամպրոպը կխնդրեր մարդկանց պատժելու` հնագույն քաղաքի հանդեպ անփույթ, անտարբեր վերաբերմունքի համար:

Ամրոցում կողք կողքի կռիվ են տալիս հին ու նոր արձանագրություններ, որից մեկում ասվում է` «Արգիշտին իր տիրոջը` Խալդին, կառուցեց մեծ տուն` իգալ», մյուսում` «Գառնիկ 2005, Արամ+Անի, Կարեն+Լուսինե=սեր»...

Հին աստվածներ եւ զոհասեղաններ, որտեղ քրմերը հազարամյակներ առաջ զոհեր են մատուցել` բարօրություն եւ նորանոր հաղթանակներ խնդրելով իրենց երկրի ու ժողովրդի համար ու այդ տաճարի սրահներում զարմանալի հաջողակ սիրահար զույգեր, որոնց վիճակված է համբուրվել իսկական արքայական սրահներում, թեկուզ` կիսաքանդ:

Թանգարան այցելող օտար հնագետները զարմանում ու ափսոսում են, որ այդպիսի հուշարձանն ավերված տեսք ունի եւ մինչեւ վերջ պեղված չէ:

«Էրեբունի» թանգարանի ընդամենը 5 ամսվա տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի հետ զրույցում պարզվեց, որ ամրոցի 50 հա տարածքից առ այսօր պեղված է միայն 2 հա-ն: Թանգարանն ունի հնագիտական արշավախումբ, սակայն ֆինանսական միջոցների պակասը թույլ չի տալիս իրականացնել պեղումները:

Ասաց, որ փորձում են վերանորոգել թանգարանի եւ ամրոցի սանհանգույցը, ինչը արդեն քանի տարի է` չի գործում, փոխել ոստիկանության պահակակետի տեղը, շինարարական որոշ աշխատանքներ կատարել հատակի, պատերի վրա, վերջապես փոխել ցուցադրությունը:

Հավաստիացրեց, որ փորձելու են լուծել ամրոցի պահպանության հարցը` ամենահրատապ խնդիրը, որպեսզի կանխեն տեղացի սիրահարների ու արկածախնդիրների այցերը եւ անբարեխիղճ զբոսաշրջիկների` ամրոց կատարած այցի ժամանակ վճարման կետի շրջանցումները: Եվ այդ բոլոր աշխատանքները կփորձեն կատարել այս տարի: Հուսանք, որ այս տարի թանգարանը կփորձի ունենալ նաեւ թանգարանի եւ ամրոցի մասին պատմող բուկլետներ. նման փոքրիկ, բայց կարեւոր ու անհրաժեշտ ատրիբուտներ ունեն աշխարհի բոլոր թանգարանները:

Փիլիպոսյանի տեղեկացմամբ` մշակվում են նաեւ միջնաժամկետ ծրագրեր եւ հույս ունեն, որ այս ծրագրերի մեջ անպայման ներառված կլինի թանգարանի ետեւում գտնվող կիսակառույցի ավարտումը, որտեղ կտեղակայվի Ուրարտագիտական հետազոտությունների կենտրոնը: Ի դեպ, օտար հնագետները նաեւ ասում էին, որ ամրոցի մի քանի հարյուր սենյակներից գոնե մի քանիսը իր նախնական վիճակին պետք է բերվի, որպեսզի այցելուն պատկերացում կազմի ուրարտական շրջանի մասին: Իսկ Թուրքիայում 15-ից ավելի մասնագետներ արդեն զբաղվում են Ուրարտուի պատմության, մշակույթի եւ լեզվի ուսումնասիրությամբ: Եվ եթե այսօր մենք այդ կենտրոնը չունենանք, ապա վաղը մեր պատմության մի շատ կարեւոր հատված ստիպված ենք լինելու թողնել հարեւան երկրի ուսումնասիրողների խղճին եւ մտքին: Լինել այդ մշակույթի կրողը եւ անձամբ շատ քիչ մասնակցել դրա ուսումնասիրության աշխատանքներին, մեղմ ասած, անթույլատրելի բաց կլինի հետագա մշակույթի, պատմության, գիտության համար:

Օտար հնագետները նաեւ ասում էին, որ ամրոցը վերականգնելու, ժամանակակից լուսային ու տեխնիկական միջոցներով զինելու դեպքում մայրաքաղաքը կունենա իր պատմության առաջին վկայության եզակի թանգարան: Ինչ խոսք, մշակութային խելամիտ քաղաքականություն վարելու դեպքում Էրեբունի ամրոցը կարող է դառնալ զբոսաշրջության գրավիչ կենտրոն: Այս տարվա ընթացքում նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացնելու փորձերը հաջողությամբ պսակվելու դեպքում Էրեբունի թանգարանը կարող է լինել նաեւ ամենամյա բացօթյա փառատոն կազմակերպելու համար հրաշալի վայր, որտեղ ոչ միայն կարող ենք հպարտանալ մեր ծագման հնությամբ, այլեւ ներկայացնել մեր մշակույթը, արվեստը: Նկարիչները կարող էին ցուցադրել նկարները, տարբեր թատերախմբեր կներկայացնեին բեմադրություններ, մինչեւ ուշ գիշեր նվագախմբերը կհնչեցնեին ազգային երաժշտություն, կբեմականացվեին ավանդական սովորույթներ, ծիսակարգեր... Այս, ըստ իս, հետաքրքիր մտահղացումը կարելի է ծրագրել եւ ներկայացնել Մշակույթի նախարարություն, բայց միայն այն մտքից, որ դրա իրագործումը պայմանավորված է Էրեբունի թանգարանի վերանորոգման աշխատանքների «փորձով» (սանհանգույց չունեցող ամրոցում ի՞նչ փառատոն), հետո էլ` նախարարության հավանությանը սպասող սրտմաշուկ եւ ապարդյուն օրեր պիտի գլորես, ստիպված ես լինում ընդամենը մեջբերել այն, թե ինչ են ասում մեր պատմագիտական արժեքներով հիացած օտար հնագետները:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.