|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հայտարարություն11:53 Yerevan | 7:53 GMT | Wednesday 2 April 2008 Մենք` վերջին նախագահական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, կալանավորված շինծու մեղադրանքներով մեր հայացքների եւ քաղաքական գործունեության համար, մեզ հայտարարում ենք քաղաքական բանտարկյալներ եւ ի նշան բողոքի անժամկետ հացադուլ ենք հայտարարում հետեւյալ պահանջներով. - անվավեր ճանաչել 2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, - անկախ միջազգային հետաքննություն սկսել մարտի 1-ի արյունոտ ոճրագործության մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար, - ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, - դադարեցնել երկրով մեկ մոլեգնող քաղաքական հետապնդումները, - ապահովել տեղեկատվության միջոցներից օգտվելու, հանրահավաքների, ազատ խոսքի եւ ժողովրդավարական մյուս ազատությունները: Սույն պահանջներն ուղղված են Հայաստանի գործող իշխանություններին, նրանց մեղսակից միջազգային կառույցներին եւ առանձին կառավարություններին, որոնք իրենց գործունեությամբ կամ անգործությամբ նպաստում են Հայաստանում իրականացված քրեական հեղաշրջմամբ պայմանավորված խորը քաղաքական ճգնաժամին: Վլադիմիր Առաքելյան, Մարզպետունի Այվազյան, Սայադ Հովհաննիսյան, Արմեն Գրիգորյան, Շմավոն Գալստյան, Յուրա Ղուկասյան, Սամվել Հարությունյան, Խաչիկ Գասպարյան
Հայրենակիցներ 2008թ.-ի ապրիլի 2-ին կբոլորի Երեւանում այրունալի ջարդի մեկ ամիսը: Մեր նկատմամբ պետական մեքենայի եւ քրեական տարրերի ոտնձգությունները սկսվեցին դեռեւս նախընտրական շրջանում, որն իր զարգացումը ստացավ սույն թվականի փետրվարի 19-ին: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները եւ վստահված անձինք հանրապետության ողջ տարածքում ենթարկվեցին տարբեր տեսակի եւ բնույթի ահաբեկչությունների: Չնայած այս ամենին` Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթանակ տարավ: Ռեժիմն ամեն գնով պետք է վերարտադրվեր, եւ հերթական անգամ Հայաստանում ընտրությունները կեղծվեցին, որի արդյունքում համաժողովրդական ընդվզման ալիք բարձրացավ: Մեզ` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներիս, հարյուր հազարավոր քաղաքացիներ միացան, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը վերածվեց հիրավի համաժողովրդական շարժման: Վարչակազմի ոտքերի տակ հողը սկսեց շարժվել: Նրանք խնդիր ունեին ամեն գնով կասեցնել համաժողովրդական շարժումը եւ դա իրագործեցին մարտի 1-ին Ազատության հրապարակի նստացույցի մասնակիցների կարծեցյալ խուզարկությամբ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ ծանր մարմնական վնասվածքներ ստացան: Ժողովուրդը չընկրկեց: Մարդիկ ինքնաբուխ հավաքվեցին ֆրանսիական դեսպանատան մոտ, որը վերածվեց միտինգի: Մարտի 1-ին, ժամը 15: 00-ի սահմաններում Մյասնիկյանի հուշարձանին հարող հրապարակում եւ հարակից փողոցներում շուրջ 60.000 մարդ էր հավաքվել, որոնք վանկարկում էին` «Լե-վոն, Լե-վոն»: Իշխանություններն ամեն ինչ արել էին, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի հետ չհանդիպի, ամենայն հավանականությամբ արդեն ծրագրում խնդիր ունենալով լուծման ուժային հանգուցալուծումը: Արդյունքում` խոշտանգվեցին եւ զոհվեցին մեր համաքաղաքացիները: Երեւանում անմեղ մարդկանց արյուն թափվեց: Մարտի 3-ին սկսվեց մասսայական ձերբակալությունների շարանը: Իշխանությունները մեկ հիմնական միտք էին հետապնդում. իրենց իսկ կողմից թափված արյունն ամեն գնով վերագրել մեզ: Արդյունքում, ըստ իշխանական վիճակագրության, 8 մարդ սպանվել է, հարյուրավոր մարդիկ մարմնական վնասվածք են ստացել: Ղարաբաղյան կլանի հեռուստաընկերությունները այդպես էլ չկարողացան գեթ մեկ կադր ցուցադրել, որտեղ խաղաղ բնակչության ձեռքին զենք երեւար: Խոշոր պլանով չեն ցուցադրվում այն մարդիկ, ովքեր նախահարձակ եղան մեքենաների եւ խանութների վրա: Բնականաբար կլանը պետք է ոճրագործության ողջ մեղքը բարդեր մեզ վրա, ինչը եւ մինչ օրս կատարվում է: Չունենալով ապացույցներ` նրանք ծիծաղելի հայտարարություններ են անում Հ1-ի եթերից, իբրեւ միտինգի ընթացքում արտաբերվել են հոգեմետ ազդեցություն գործող նախադասություններ եւ բառեր: Նման հիմարություն նույնիսկ Հիտլերի մտքով չէր անցել: Մենք հրաժարվել ենք նախաքննության հետ համագործակցելուց` համարելով, որ մեղսագրված ՀՀ քր.օր. 300 եւ 225 հոդվածները թելադրված են Ս.Սարգսյանի եւ Ռ.Քոչարյանի կողմից, ինչը եւ պետական մեքենան փորձում է կյանքի կոչել: Համոզված ենք, որ արդարությունը կհաղթանակի, եւ ի վերջո կպարզվի ողջ ճշմարտությունը, իշխանությունը յուրացնողներն ու իրական մարդասպանները կկանգնեն դատարանի առջեւ: Հանրապետությունում վկաների որսն ու անմեղ մարդկանց խոշտանգումները շարունակական բնույթ ունեն: Եթե այդ գործողությունները շարունակվեն, եւ անհապաղ չվերանայվեն մեզ մեղսագրված հանցագործությունները, մենք` քաղաքական բանտարկյալներս, ապրիլի 2-ից մեկօրյա հացադուլ ենք հայտարարելու, իսկ ապրիլի 9-ից` անժամկետ: Հայրենակիցներ, ՀՀ-ում թեւածում է ազատության հոգին: Կոչ ենք անում այն պահպանել եւ չընկճվել, շարունակել պայքարը հանուն ազատության: Պայքար, պայքար մինչեւ վերջ Հաղթելու ենք Մյասնիկ Մալխասյան, Խաչիկ Սիմոնյան, Գագիկ Հովհաննիսյան, Կարապետ Ռուբինյան, Ալեքսանդր Արզումանյան, Հովիկ Հարությունյան, Հուսիկ Բաղդասարյան, Սամվել Աբովյան, Արթուր Շահնազարյան, Սուրեն Սուրենյանց, Իսահակ Մալխասյան, Աշոտ Զաքարյան, Սմբատ Այվազյան, Շոթա Սաղաթելյան, Ալեքսան (Հենրիկ) Վարդանյան, Արարատ Զուրաբյան, Գուրգեն Եղիազարյան, Մասիս Այվազյան, Պետրոս Մակեյան, Վահագն Հայոցյան |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |