“Zhamanak” Armenian-American Political Daily

Պայքար, պայքար մինչեւ վերջ

11:52 Yerevan | 7:52 GMT | Wednesday 2 April 2008

Էմմա Գաբրիելյան

«Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել. այս իշխանությունները դատապարտված են», - համոզված է «ԺԵ»-ի զրուցակից Դավիթ Շահնազարյանը:

-Պարոն Շահնազարյան, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում վերջերս ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, որքան էլ հայկական կողմը հայտարարեց պատրաստակամության մասին` Բուխարեստում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու վերաբերյալ, ակնհայտ դարձավ, որ Բաքուն նման մտադրություն չունի: Ինչպե՞ս արժե մեկնաբանել պաշտոնական Բաքվի որդեգրած մարտավարությունը բանակցային գործընթացի նկատմամբ, եւ առհասարակ, ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա փուլը ինչպե՞ս եք գնահատում:

- Բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում էր գտնվում արդեն երեք տարուց ավելի եւ դրա ընդունումը ավելի քան կանխատեսելի էր: Ինչու՞ այն հիմա արժանացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանը: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանն անընդհատ այդ նախագիծը մտցնում էր օրակարգ, այնուհետեւ միջազգային հանրության, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկների, ճնշումների, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանն այն հանում էր քվեարկությունից, սակայն նախագիծը շարունակում էր մնալ ՄԱԿ-ի ԳԱ-ի օրակարգում: Այս անգամ միջազգային հանրության, կարծում եմ` նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների կողմից Ադրբեջանի նկատմամբ նման ճնշումներ տեղի չունեցան, եւ նախագիծը դրվեց քվեարկության:

- Ինչու՞ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրները այս անգամ նման պայմանավորվածություններ ձեռք չբերեցին Ադրբեջանի հետ:

- Կարծում եմ` երկու պատճառ կա. նախ դա որոշակի վերաբերմունքի դրսեւորում էր միջազգային հանրության եւ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետությունների կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ` ի պատասխան հայաստանյան ընտրական գործընթացներում իշխանությունների իրագործած օրինախախտումների, հանցագործությունների եւ, իհարկե, հետընտրական զարգացումների: Երկրորդ էական հանգամանքը. ասում են, թե սա հայկական դիվանագիտության պարտությունն էր. դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Դիվանագիտության նպատակն է իրականացնել պետության քաղաքականությունը եւ տվյալ դեպքում մեր դիվանագիտությունը ի սկզբանե էր պարտված: Հայաստանի ղեկավարումը Ռոբերտ Քոչարյանը տասը տարի Լեռնային Ղարաբաղի (ինչպես նաեւ մյուս հարցերով) իրականացրել է սխալ. հակահայկական եւ հակաարցախյան քաղաքականություն է վարվել հանուն իր իշխանության պահպանման: Այս տարիների ընթացքում թե իմ համախոհները, թե ես բազմիցս նախազգուշացրել ենք` թե Քոչարյանի վարած քաղաքականությունը ինչի էր հանգեցնելու, այդ թվում եւ բազմիցս ահազանգել ենք ԼՂ-ի խնդիրը Ադրբեջանի ջանքերով ՄԱԿ տեղափոխելու վտանգի մասին: Սա, ի վերջո, այն քաղաքականության անխուսափելի արդյունքն էր, որը վարեց Ռոբերտ Քոչարյանը, եւ որը ըստ էության հետեւողականորեն պաշտպանվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության կողմից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը հեռանում է` միջազգային հանրությունը այս քայլով եզրափակիչ գնահատական տվեց ԼՂ-ի հարցում Քոչարյանի վարած տասնամյա քաղաքականությանը:

Մյուս ուշագրավ պահը առնչվում է բանակցային սեղանին գտնվող կարգավորման տարբերակին. թե ՌԴ ներկայացուցչի հայտարարության մեջ, թե ՄԱԿ-ում ամերիկյան պատվիրակության անդամ Ալեխանդրո Վուլֆի ելույթում, թե ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի մի շարք ելույթներում ամրագրվեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւի բոլոր կետերը ներառված են կարգավորման այսօրվա փաստաթղթում, անշուշտ կան նաեւ այլ կետեր: Սրանից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը` Քոչարյանը, Սարգսյանը, Օսկանյանը, ովքեր բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այս փաստաթղթին, կողմնակից են նաեւ նույն այդ կետերին: Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ-ի դեմ կատարած քայլերով հիմա արդեն հանդես է գալիս թելադրողի դիրքերից. Բաքուն թելադրում է համանախագահող պետություններին, ըստ էության ասելով հետեւյալը` «հիմա ձեր գործը ՄԱԿ-ի բանաձեւի իրականացումն է»: Որ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը հանգեցնելու էր ԵԱՀԿ ՄԽ-ի դերակատարության փոշիացմանը` եւս կանխատեսելի էր, եւ այս մասին էլ մշտապես ասվել է: Այժմ, մինչ Ադրբեջանը հանդես է գալիս թելադրողի դիրքերից, Հայաստանի իշխանությունները հայտնվել են այն վիճակում, ինչը անխուսափելի էր իրենց քաղաքականության արդյունքում: Հայաստանից հնչող այն հայտարարությունները, թե ՄԱԿ-ում բանաձեւի ընդունումը Ադրբեջանի պարտությունն էր` դրանց առհասարակ չարժե անդրադառնալ. դրանք առնվազն անլուրջ են, տրամաբանությունից զուրկ:

Այս իրավիճակում Սերժ Սարգսյանը փորձում էր Բուխարեստում հանդիպել Իլհամ Ալիեւին: Պաշտոնական Բաքուն նրա սպասումներին ի պատասխան անմիջապես շատ հստակ նկատեց, որ Ս.Սարգսյանը լեգիտիմության հետ կապված խնդիրներ ունի, այդ պատճառով է ձգտում այդ հանդիպմանը: Սա լրացուցիչ ապացույց էր, որ Ի.Ալիեւը նման հանդիպման կարիք չունի` Ադրբեջանը հանդես է գալիս թելադրողի դիրքերից, պահանջում է անվերապահ կատարել ՄԱԿ-ի բանաձեւի պահանջները: Արդեն մի քանի տարի է, որ ղարաբաղյան հարցում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը միջազգային ասպարեզում որեւէ դաշնակից չունեն` անգամ ՀԱՊԿ-ի անդամ Ուզբեկստանն է կողմ քվեարկել ՄԱԿ-ի ԳԱ բանաձեւին:

- ԵԱՀԿ Մինսկի խումբը ի՞նչ իրավիճակում է հայտնվել, այսօր ի՞նչ քայլեր կարող են կատարել համանախագահող պետությունները բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ:

- ԵԱՀԿ ՄԽ-ը մեկ խնդիր ունի` իրեն փրկելն է: ՄԱԿ-ի բանաձեւի ընդունմանը հաջորդած հայտարարություններում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցում այդ շեշտադրումները նկատվեցին: Հիմնախնդրի լուծումը կլինի այն սահմաններում, ինչպես մատնանշված է ՄԱԿ-ի բանաձեւում: Այսինքն` այսօր ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները ըստ էության ասում են. «Ադրբեջանի կազմում կարող եք բանակցել ԼՂ-ի կարգավիճակի շուրջ», իսկ Ադրբեջանը կարծես շեշտում է, որ դա իր ներքին հարցն է: Սա է իրականությունը. դրվեց այն ջախջախիչ վերջակետը, ինչին հանգեցրեց Քոչարյանի քաղաքականությունը:

- Ստեղծված իրավիճակը շտկելու որեւէ ռեսուրս մնացե՞լ է այսօր:

- Այս իշխանությունների համար որեւէ ռեսուրս չի մնացել: Սրանք պատրաստ են ամեն ինչի գնալ` Ղարաբաղը հանձնելու էլ գնալ, միայն թե միջազգային հանրությունը մի փոքր մեղմի վերաբերմունքը իրենց ոչ լեգիտիմության, այն հանցագործությունների նկատմամբ, որոնք սրանք իրականացրեցին նախընտրական, հատկապես հետընտրական փուլերում: Այս իրավիճակը շտկելու հույսեր կարող են առաջանալ, եթե շատ մոտ ապագայում հաջողվի ազատվել Հայաստանի ավազակապետական համակարգից եւ ունենալ ողջ հասարակության վստահությունը վայելող ժողովրդավարական իշխանություն:

- Այսինքն` հնարավոր համարու՞մ եք, որ այս իրավիճակում համանախագահող պետությունները, հաշվի առնելով Հայաստանի վարկանիշի անկումը, ղարաբաղյան խնդրում լուծում պարտադրեն:

- Հայաստանի ներկայիս օկուպացիոն ռեժիմը պատրաստ է ամեն ինչի, նրանց համար Ղարաբաղը մշտապես եղել է գործիք` սեփական իշխանությունը երկարաձգելու:

- Հայաստանյան ներքաղաքական կյանքին անդրադառնանք: Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հարյուրավոր ներկայացուցիչներ շարունակվում են պահվել անազատության մեջ, մարտի 21-ից սկսած` արտակարգ դրության վերացումից հետո մայրաքաղաքի կենտրոնում զբոսնող հարյուրավոր քաղաքացիներ տարվեցին ոստիկանության բաժիններ: Ի՞նչ խնդիր են այս կերպ իշխանությունները լուծում եւ նման գործելաոճը ինչի՞ կարող է հանգեցնել:

- Իշխանությունները, առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանը օրենքի առաջ պատասխան է տալու իր բոլոր արարքների համար` սկսած 1998թ. անօրինական առաջադրվելուց, այս տասը տարիների ընթացքում կատարած իր բոլոր հանցագործությունների, ինչպես նաեւ` մարտի 1-ի դեպքերի համար. կա մարտի 1-ի անկարգությունների, բռնությունների եւ սպանությունների մեկ կազմակերպիչ` դա Ռոբերտ Քոչարյանն է: Այս իշխանությունը խաղաղ մարդկանց վրա կրակ բացելուց, ձերբակալություններից, ճնշումներից, շինծու քրեական գործերից բացի` որեւէ այլ քայլ հիմա ի զորու չի իրականացնել: Հայաստանը արդեն վերածվել է խիստ ավտորիտար ռեժիմից դեպի ագրեսիվ դիկտատուրայի ձգտող պետության: Մեկ այլ ուշագրավ երեւույթ արժանի է հիշատակման. իշխանությունը հիմա փորձում է մարտի 1-ին կատարված հանցագործություններն ու սպանությունները բարդել ոստիկանության վրա` ոստիկանությանը քավության նոխազ դարձնել. նման միտումներ, փորձեր նկատվում են: Ինչ վերաբերում է Հյուսիսային պողոտայում կատարվող մասսայական ձերբակալություններին. այստեղ իշխանությունները ոչ թե նպատակ ունեն վախի մթնոլորտ ձեւավորել (չկա նման մթնոլորտ` մարդիկ գալիս են` գիտակցելով, որ կարող են ձերբակալվել, բայց դա անտեսելով գալիս են): Իշխանությունների նպատակը այլ է. նրանք փորձում են ոստիկանությանը հանցագործ դարձնել` ամուր կապերով իրենց հետ շաղկապելով, իրենց հսկողության տակ պահելով, ոստիկանության աշխատակիցներին մղելով նորանոր հանցագործությունների: Ոստիկանության մի ոչ մեծ խավ կա, որը ընդունել է խաղի այդ կանոնները: Նրանք չենք հասկանում, որ սա Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդի պայքարն է այս ավազակապետության դեմ, որը Ռոբերտ Քոչարյանը փորձում է վերածել պայքարի ոստիկանության եւ ժողովրդի միջեւ: Ոստիկանության այդ աշխատակիցներին ես իսկապես խղճում եմ, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը, իրենք իրենց ողորմելի վիճակում են դրել` ձգտելով դիկտատուրայի, բայց այս իշխանությունը, դիկտատուրան Հայաստանում հեռանկար չունեն: Հանցագործ հրամաններ կատարած եւ կատարող նույն այդ ոստիկանների զավակները ապրելու են ժողովրդավարական, իրավական երկրում, դրանում որեւէ մեկը թող չկասկածի:

- Միջազգային հանրության վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ ինչպիսի՞ն է. բազմաթիվ պահանջներ, առաջարկներ, կոչեր հնչեցին, որոնք փաստորեն անտեսվում են իշխանությունների կողմից:

- Գործող ռեժիմին ըստ էության շարունակում են ակտիվ կամ պասիվ կերպով սատարել Ռուսաստանն ու ԵՄ-ն: ԵՄ-ն հանդես եկավ երկու հայտնի հայտարարություններով, իշխանությունները, կոպիտ ասած, արհամարհեցին, եւ այսօր ԵՄ-ն ոչ միայն առայժմ լռելյայն ընդունել է Հայաստանի իշխանությունների արհամարհանքը, այլեւ` ընդհանրապես կարծես թե դադարեցրել է որեւէ ակտիվություն ցուցաբերել: Սակայն դա, ի վերջո, ԵՄ-ի եւ ԵԽ-ի խնդիրն է. նրանք պետք է գիտակցեն, որ իրենց այդ գործողություններով եւ անգործությամբ սատար են կանգնում հանցագործ ռեժիմի, սպանություններ կատարած մի ռեժիմի: Սա մի ռեժիմ է, որը մարտի 1-ի սպանությունների հրահանգ իջեցնելուց հետո այսօր իրականացնում է իրավական աբսուրդ հանդիսացող քննություն, մի դատախազություն, որը իր ստահոդ, հակասական հայտարարությունների շարանում ինքն էլ է խճճվել: - Ռուսաստանի ու ԵՄ-ի դիրքորոշումների մասին խոսեցիք, սակայն Միացյալ Նահանգներն էլ Սերժ Սարգսյանին 100 օր պաշտոնավարելու քարտ-բլանշ տվեց` հիմնավորմամբ, թե կտեսնեն ինչ բարեփոխումներ է իրականացնում, թե իսկապե՞ս պատրաստ է Հայաստանը «վերադարձնել դեպի ժողովրդավարական ուղի»...

- Սերժ Սարգսյանը առաջին «բարեփոխումները» արդեն իրականացրել է` հանրահավաքների, ցույցերի, երթերի մասին օրենքի փոփոխությունները բերեցին նրան, որ արտոնված հանրահավաքներ չկազմակերպվեն: Դա հակասահմանադրական օրենք է, հակասում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններին ու պահանջներին` դա իրավիճակային լուծում էր: Արդեն կա բացասական եզրակացություն Վենետիկի հանձնաժողովից: Սրանք են նրա «բարեփոխումները». քրական կառույցների վրա հիմնված իշխանությունը ի՞նչ բարեփոխում պետք է իրականացի... Իշխանությունների «բարեփոխումները» կհանգեցնեն ավելի խիստ դիկտատուրայի հաստատմանը, սակայն դա էլ երկար չի կարող տեւել, այս իշխանությունները դատապարտված են:

- Իսկ հնարավո՞ր եք համարում, որ իշխանությունների նման գործելաոճի արդյունքում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն:

- Հայաստանում հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, ահագնացող, ուժգնացող բռնություններ ու ճնշումներ են կիրառվում ընդդիմադիրների եւ հասարակության նկատմամբ, սակայն դրան զուգահեռ` մենք ունենք այլ իրականություն. մեր ժողովուրդը իր ընտրությունը կատարել է` մենք ունենք քաղաքացիական հասարակություն, Հայաստանում այլեւս ձեւավորվել է Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացին: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին` իհարկե շատ ճիշտ կլինի, որ բոլոր տիպի օգնությունները ընդհանրապես դադարեցվեն: Սակայն սա, ի վերջո, Արեւմուտքի խնդրին է, նրանց խղճի ու բարոյականության խնդիրն է: Ժողովրդին սատար կկանգնե՞ն, թե՞ հանցագործ իշխանությանը, կշարունակե՞ն իրենց ֆինանսական օգնությունները, որով սատարում են այս ռեժիմին, թե՞ ոչ` իրենք իրենց համար պետք է այդ որոշումը կայացնեն: Համենայնդեպս մի բան ակնհայտ է այսօր` այն, այսպես կոչված, «կայունությունը», որը եղել է վերջին տասը տարիներին` Հայաստանում այլեւս շարունակվել չի կարող: Կամ կլինի Սադամ Հուսեյնի ռեժիմի կարգի, բայց կարճաժամկետ բռնապետություն կամ էլ այս իշխանությունը «փառահեղորեն» կտապալվի:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.