“Zhamanak” Armenian-American Political Daily

«Խելքները հացի հե՞տ են կերել»

11:47 Yerevan | 7:47 GMT | Wednesday 2 April 2008

Կարինե Հարությունյան

Հրազդանցիների ոգին տեղն է` ինչպես միշտ: Մի քանի գյուղերից հավաքվում են Վանատուրում ու միտինգ են անում: Ամեն օր: Ի հեճուկս տեղական, մարզային եւ ընդհանրապես` երկրի իշխանությունների:

«Սասուն» ջոկատի ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը դեռեւս շարունակում է հացադուլը, որի ժամկետը կավարտվի ապրիլի 10-ին: Արշավիրին երեկ այցելել են բժիշկները եւ ասել, որ այսօր պատրաստ կլինեն բժշկական հետազոտությունների արդյունքները: Իսկ Կարմիր խաչի ներկայացուցիչները ոչ մի անգամ չեն այցելել Վանատուրի հացադուլավորներին: Երկրորդ հացադուլավոր, «Ալաշկերտ» ջոկատի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը ընկերների ու ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հորդորներից հետո դադարեցրել է երկօրյա ջրադուլը, որից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը: Այժմ ազատամարտիկը տանն է, ապաքինվում է:

Իսկ երեկ երթ էր: Վանատուրցիները, մեծ մասամբ` կանայք, լուռ երթով գնացին մինչեւ Արցախյան ազատամարտի զոհերի հուշարձան եւ ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հիշատակին: Այստեղ հանգչում են «Սասուն» ջոկատի զոհված մարտիկները:

Հուշարձանի մոտ ելույթ ունեցավ Վանատուր գյուղի մեծերից մեկը, որը վայելում է համագյուղացիների հարգանքը: Վերջինս խոսեց Սասուն Միքայելյանի մասին. «Մենք եկել ենք «Սասուն» ջոկատի զոհված քաջերի շիրիմներին այցելության: Նրանք մեծ ներդրում ունեն Արցախյան ազատամարտի հաղթանակում: «Սասուն» ջոկատը հրամանատար Սասուն Միքայելյանի գլխավորությամբ նվիրյալների մի խումբ էր, որն անցավ մարտական մեծ ուղի եւ բազմաթիվ հաղթանակներ գրանցեց մեր նորագույն պատմության էջերում: Սակայն այսօր այս քաջ մարդը...ձերբակալված է: Մի մարդ, որը կյանքը չի խնայել հայրենիքի համար, անազատության մեջ է: Վանատուրում չկա մեկը, որը օգնության կարիք ունեցած լինի եւ Սասունը օգնած չլինի: Ազգային հերոսն այսօր ձերբակալված է որպես ազգի դավաճան»:

...Լուռ երթով ժողովուրդը վերադարձավ գյուղի կենտրոն: Երթը` լուռ, բայց ասելիքը ոնց էլ լինի կա ու միշտ կլինի: «Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հասնենք մեր քաղաքական պահանջների լիարժեք բավարարմանը: Սասուն Միքայելյանը մինչեւ չգա-չկանգնի մեր դիմաց, մենք չենք հանգստանալու: Եվ ոչ միայն Սասունը: Մեր բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ ազատ արտահայտվելու իրավունք ունենք: Այնպես որ, ոչ ոք իրավունք չունի արգելել մեր միտինգներն ու երթերը», - ասաց միջին տարիքի մի կին: Իսկ մի ուրիշը հավելեց. «Սա ի՞նչ իշխանություն է, որ վախենում է իր ժողովրդից: Դե, եթե իրենք իսկապես ընտրված են, էլ ինչի՞ց են վախենում, ումի՞ց են վախենում: Մենք ամեն օր միտինգ ենք անում ու ամեն օր գալիս են թե` ձեր միտինգը անօրինական է, ցրվեք: Էսքան ժամանակ չհասկացան, որ մենք տուն գնացողը չենք, մինչեւ Սասունին բաց չթողնեն: Սասունը մեր ազգային հերոսն է, ու երեւում է իշխանությունները այս խոսքերից էլ են վախենում: Ուրեմն նորից եմ ասում վախեցողների համար. Սասուն Միքայելյանը մեր ազգային հերոսն է»: Մի պապիկ էլ թեւս բռնեց ու ասաց. «Հիմի ինչ կասեմ, անպայման կգրես: Ոչ մի բառ բաց չթողնես: Էս ժողովուրդը էստեղից գնացողը չի: Սա մեր Ազատության հրապարակն ա: Միշտ գալու ենք ու կանգնելու ենք: Սասունը մեր հերոսն ա: Սասունի նման տղերքը, որ կռվում էին, հիմիկվա իշխանության մեջ եղածներից շատերը մկան ծակին 100 թուման էին տալիս: Սասունի մարմնում հարյուրից ավելի բեկորներ կան, իսկ իրանք առոք-փառոք նստած են աթոռներին ու դեռ բռնում ու բռնում են: Ու՞մ են բռնում: Հայերին: Հայը` հային: Լա~վ, ասենք էն երկուսն են գլուխները կորցրել, բա՞ մյուսները: Խելքները հացի հե՞տ են կերել»:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.