“Zhamanak” Armenian-American Political Daily

Երջանիկ գրողը...

11:42 Yerevan | 7:42 GMT | Wednesday 2 April 2008

Մարինա Բաղդագյուլյան

Երջանիկ է այն գրողը, ով հասցնում է իր մեջ եղած գրականությունը թղթին հանձնել, պարպվել առավելագույնս: Կարինե Աշուղյան

Ցանկացած բանի, որ նրան տանջում է, բուժելու միակ եղանակը գրելն է: Գրելուց հետո նա հանգստանում է: Ասում է, որ այն, ինչ կատարվեց, այնքան ամբարված է իր մեջ, որ չգրելն ուղղակի անհնար է: Միակ ճանապարհը, որ այդ ամենը իրենից օտարվի, որ հանգիստ կարողանա շնչել, ապրել, պիտի դրա մասին գրի: Ասում է, որ մեկ պատմվածքում չի տեղավորվի այս օրերի ցավը, հույսերը, հուսահատությունը, հուսաբեկումը: Այս օրերին մտովի անընդհատ դարձել է Բյուզանդիայի անկման պատմությանը: «Մինչեւ թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումը մեծացել էր ինքնասպանությունների, սպանությունների թիվը, մարել էր ապրելու բնազդական մղումը: Այսինքն` այս ազգը պատրաստ էր հանձնվելու, ոչնչացվելու: Օրեր են եղել, երբ այդպիսի հուսահատություն եմ տեսել մեզանում, պայմանականորեն ասած` «բյուզանդական հուսահատություն»: Ու հանկարծ, մեկ էլ տեսել եմ անասելի բարձր ոգի` ֆրանսիական հեղափոխականությունից էլ բարձր»...

Համոզված է` հանգուցալուծում անպայման լինելու է, եւ այս պայքարում հաղթելու է ժողովուրդը:

Վստահ է` ազատության համար մղվող պայքարը չի կարող սխալ լինել:

Չի ընդունում ազգի պառակտման մասին հայտարարությունները, քանի որ «մի կողմում ազգն է կանգնած, մյուս կողմում` նրանք, ում համար ցանկացած իշխանություն յուրային է»:

Կարծում է` ստեղծված իրավիճակում լեգիտիմության խնդիր կա: Եվ լեգիտիմությունն, ըստ նրա, ոչ թե քաղաքագիտական հասկացություն է, այլ` հոգեբանական վիճակ: «Իշխանությունը լեգիտիմ է այն ժամանակ, երբ մարդիկ ընդունում եմ իրենց իշխանությանը: Թեկնածուն հայտարարել է իր հաղթանակի մասին, բոլորը շնորհավորել են, բայց եթե ժողովուրդը նրան չի ընկալում որպես ընտրված նախագահ, նա երբեք չի կարող լեգիտիմ լինել: Եվ դրա դառը պտուղները ոչ միայն նա, այլեւ ամբողջ ժողովուրդը, քաղելու են եւ ներսում, եւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս»:

Մտածում է մեծակտավ գործ սկսելու մասին, որի առանցքը կլինի ազատության ձգտումը, դեպի ազատություն բնական մղումը եւ ազգային ինքնագիտակցությունը: «Ազգային գաղափարախոսությունը ազգային ինքնագիտակցության գոյաձեւն է, ազգային գիտակցության գիտակցումը (ռեֆլեքսիան)», - գրում է Կարինե Աշուղյանը իր «Հայ Դատը` գաղափարների գաղափար» աշխատությունում, - Սովորաբար այն առաջանում է այնպիսի պատմաշրջաններում, երբ ազգը զրկվում է քաղաքական անկախությունից ու պետականությունից եւ հոգեմտավոր ու գաղափարաքաղաքական զարգացման ընթացքում հասնում իր առկա կեցության գիտակցմանը, այսինքն` ինքնագիտակցությանը եւ դրա բանական հետեւանքին` քաղաքական անկախության եւ պետության ստեղծման գաղափարին»: Վերջում` որպես հետգրություն, երդվում է, որ նախկին, ներկա կամ ապագա դաշնակցական չէ, եւ Հայ Դատն էլ ոչ մեկի մենաշնորհը չէ:

Գրվելիք գործը կոչվելու է «Մարտի 1», գուցե` «Հոկտեմբերի 27-ից մարտի 1», որովհետեւ գոնե իր համար 1999 թվի հոկտեմբերի 27-ին Հայաստանն ուրիշ Հայաստան էր: Ոչ միայն այն պատճառով, որ ինքը անգամ ֆիզիկապես զգում էր, որ ապրում է բոլորովին ուրիշ Հայաստանում: Հոկտեմբերի 27-ից հետո էր` «Վարագույրը քաշեց ու սպասեց: Լուսնափունջը մոլորվել էր պատուհանի մոտ, մոլորվել, գայթել, կոտորակվել. մի զույգ լուսնասյուն այն ոտքերի մոտ էր, որոնց ճանապարհը տարավ երջանկությունից որքան հնարավոր է հեռու, մի զույգը` այն գլխի վերեւ, որտեղ մտքի ծաղիկները տառապանքի ճյուղերին էին բացվում: Լույսի սյուները ձուլվեցին իրար, ձգվեցին դեպի վեր, եւ հրեշտակների ձայները` քնքուշ հրավեր, տարան, տարան...»...

Ասում են` շատ աղջիկներ ու կանայք են կիսել Վազգեն Սարգսյանի մտերմությունը, բարեկամությունը, վայելել են նրա ընկերակցությունը: Եվ եթե մեկի խելքին փչեր կուսակցություն ստեղծել` ներգրավելով բոլոր այդ կանանց ու աղջիկներին, հաստատ կլիներ շատ կուռ ու ուժեղ կուսակցություն: Ասում են` Վազգենի տեսակը ճանաչած, սիրած այդ աղջիկները ավելի անդավաճան դուրս եկան, քան Վազգենի ընկերները: Վազգենի ընկերուհիների կուսակցությունը հաստատ շատ ավելի ուժեղ ու հաղթող կլիներ: Ափսոս, չի ստեղծվել:

Հերոս ճանաչած գրողն ասաց, որ այսուհետ մեր հերոսը կարող է լինել մտքերում եւ գործողություններում խիզախ մարդը: Ոչ թե ինչ-որ կերպ իշխանության սայլին լծվածը եւ անձնական բարեկեցության խնդիր լուծողը: Այսուհետ հերոս կարող է լինել նա, ով ցանկացած հարցում, ցանկացած քայլում ընտրություն անելիս բացճակատ կարող է ասել. «Ես սա ընտրել եմ` աչքիս առաջ ունենալով քո պատկերը, Տեր»...

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.