|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը` առավելագույն կետ11:41 Yerevan | 7:41 GMT | Wednesday 2 April 2008Գոհար Բարսամյան Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Վլադիմիր Պուտինը առաջին ղեկավարն էր, որ ցավակցեց Ջորջ Բուշին եւ ամերիկացիներին: Սակայն աշխարհում շատ բան է փոխվել: BBC-ի պատվերով իրականացրած հանրային հարցումների համաձայն` Մեծ յոթնյակի երկրների քաղաքացիների 44 տոկոսը սառնասրտորեն է վերաբերվում Ռուսաստանին եւ աշխարհում նրա դերին, միայն 30 տոկոսն է դրական գնահատական տալիս: Սակայն ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անվան հետ կապում են հարաբերությունների ջերմացման հույսեր: Ռումինիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Բուշը այցելեց Կիեւ: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի` Կիեւ կատարած այցի հիմնական նպատակը Ուկրաինային աջակցելն է` Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին: Ի դեպ, ինչպես Ջորջ Բուշն է հանգստյան օրերին տեղեկացրել Die Welt-ին` ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ինտեգրվելը կորոշի ժողովուրդը` առանց արտաքին միջամտության: Ուկրաինայում այն մտայնությունն է տարածված, թե Ուկրաինայի հանրույթում Բուշի այցը կազդի ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքի վերանայմանը: Ուկրաինայում պետք է հաշվի առնել մի կարեւոր հանգամանք. հիմնական հակամարտող ուժերը նախագահ Յուշչենկոն եւ վարչապետ Տիմոշենկոն են, ովքեր իրենց քայլերը կատարում են` 2009 թվականի նախագահական ընտրությունների հնարավորությունների հաշվարկով: Այսինքն` Ջորջ Բուշի այցը իբրեւ գործոն կդիտարկվի Ուկրաինայի ներքաղաքական խաղում: Ռուսական աղբյուրների դիտարկմամբ` նրանք բարդություն հարուցող խնդիրներ ունեն. նախ` յուրաքանչյուրը կկամենա ստանալ Բուշի աջակցությունը, երկրորդ` դա կանի հնարավորինս ոչ հրապարակայնորեն, որպեսզի չդիտվի ՆԱՏՕ-ի մուտքի ակտիվ կողմնակից: Ռուսական նույն աղբյուրը հավաստում է, որ վարչապետ Յուլյա Տիմոշենկոն վերջերս գրեթե հրաժարվել է ՆԱՏՕ-ամետ հռետորությունից: Նա այդ խնդիրը հիվանդագին է համարում, քանի որ ժողովուրդը այս կազմակերպության վերաբերյալ լավ իրազեկված չէ: «Յուրաքանչյուր ուկրաինացի պետք է տեղեկատվություն ստանա ՆԱՏՕ-ի մասին, իսկ այդուհետ կատարի իր ընտրությունը», - ասել է Ուկրաինայի վարչապետը: Նրա կարծիքով` Ուկրաինայում այդ հարցի շուրջ պետք է հանրաքվե անցկացվի: Հարկ է ընդգծել այն փաստը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները տարակարծիք են Վրաստանի եւ Ուկրաինայի այս կազմակերպությանը արդամագրվելու հարցում: Այդ մասին հաստատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դը Հոոպ Սխեֆերը: Օրինակ` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Թոմաս Շտեգը հայտարարել է. «Մենք չափազանց զուսպ ենք, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի եւ Վրաստանի հնարավոր անդամակցությանը: Դա կապված է այդ երկրներում ընթացող իրադարձությունների հետ: Մեր կարծիքով` այս երկրներում դեռ կայունացում եւ հաշտեցում պետք է լինի` մինչ այս հարցի դիտարկումը»: Նույնօրինակ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Նիդերլանդների կառավարությունը: Բացի այդ` Վրաստանի եւ Ուկրաինայի հարցի լուծման դեմ հանդես են գալիս Բելգիան, Հունգարիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան եւ Ֆրանսիան: Ճիշտ է, նախորդ շաբաթվա վերջին Բուշը ակնարկել է, որ Փարիզը կվերանայի իր դիրքորոշումը` նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին գործնականում երաշխավորել է, որ կայանալիք համաժողովը հաջող կլինի: Սակայն միաժամանակ կան աջակցողներ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսը: Իսկ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է. «Եթե ոչ այսօր, ապա` վաղը, եթե ոչ վաղը, ապա` մյուս օրը: Մենք գիտենք, որ դա պարզ չէ, սակայն դուք կարող եք հույս ունենալ մեր աջակցության վրա»: Ի՞նչ են մտածում ռուսները... ռուսական երկրորդ հեռուստաալիքի հեռուստաեթերով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Համոզված եմ, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հաստատ որոշել է անել ամենը, որպեսզի Վրաստանի եւ Ուկրաինայի շարժումը դեպի ՆԱՏՕ անդարձ գործընթաց լինի, սակայն Ուկրաինայի եւ Վրաստանի բնակչությունը դեմ է այդ դաշինքին»: Իսկ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է գործակալությանը, որ Ռուսաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ին աջակցել Աֆղանստանում` պայմանով, որ Ռուսաստանի շահերը հաշվի առնվեն: Ուկրաինայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում Բուշը հայտարարել է, որ կջանա, որպեսզի Ուկրաինան եւ Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Ուշագրավ է այն, որ խորհրդային դրոշների առկայությունը փողոցներում ոչինչ չի նշանակում: «Մեր հարաբերությունները Ուկրաինայի հետ զարգանում են», - ընդգծել է Բուշը` հավելելով, որ Պուտինը իր հերթին ուժեղ առաջնորդ է: Հիշեցնենք, որ փետրվարին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ սարսափելի է մտածելը պատասխան միջոցառումների մասին, եթե Ուկրաինան իր տարածքներում տեղակայի ՆԱՏՕ-ի հաստատությունները: Մեկ օր չէր անցել, երբ Վիկտոր Յուշչենկոն հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինք մուտքի առնչությամբ հանրաքվե անցկացնելու իր համաձայնության մասին: Բուշը հույս ունի Պուտինին համոզել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային համակարգեր տեղակայելու հարցում: «Իմ խնդիրը Ռուսաստանի նախագահին եւ ժողովրդին համոզելն է, որ այդ հակահրթիռային համակարգը Ռուսաստանի դեմ չէ: Սա հակառուսական համակարգ չէ», - ասել է Բուշը: Նրա խոսքով` ԱՄՆ-ի այս քայլը այդ տարածաշրջանում անվտանգությունը ապահովելն է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |