|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Սա ազատության պատերազմ է»14:16 Yerevan | 10:16 GMT | Saturday 29 March 2008Կարինե Հարությունյան Հրազդանում անձրեւ էր: Իսկ ժողովուրդը կանգնած էր: Կանգնած էր առավոտվա 10-ից: Կին, տղամարդ, երեխա ու տարեց: Այստեղ են: Վանատուր թաղամասի Սբ. Աստվածամայր եկեղեցու հարեւանությամբ: Ոստիկաններ` ժամը 16-ի մոտակայքում արդեն քիչ կային: Հավանաբար անձրեւն էր պատճառը կամ էլ վերջապես հասկացել են, որ այս ժողովրդի վրա ոչինչ չի ազդում: Պարզապես երկու-երեք ոստիկան ինչ-որ ծանուցագիր բերեցին, թե` ծանոթացեք, ձեր հանրահավաքը անօրինական է: Ժողովուրդն էլ, թե. «Տուն գնալ չկա, մինչեւ մեր պատգամավորը չգա: Սասունը բռնված է, մենք գնանք տնե՞րը»: Անձրեւն ուժգնանում էր, իսկ մարդիկ դեռ կանգնած էին. որը` անձրեւանոցով, որն էլ՝ գլխին դրած տոպրակով. «Մեր տունն էստեղ է, շատ-շատ` գնանք գիշերը քնենք, առավոտ էլի գանք»: Գրետա Ստեփանյանը ակտիվ միտինգավորներից է. «Ինչու՞ մեզ մոտ ոստիկանին չեն հարգում, իսկ ուրիշ երկրներում հարգում են: Որովհետեւ նրանք օրենք են պաշտպանում, ոչ թե օրենք խախտում մերոնց նման` անօրինական մարդկանց բռնելով: ...Էդ հեռուստատեսությունը մենակ իրե՞նցն է, ժողովրդի համար էս երկրում ոչ մի լավ բան չկա՞»: Երկու օր առաջ մարզային իշխանությունը միջնորդ էր ուղարկել միտինգավորների մոտ, թե երեք օր միտինգ մի արեք՝ ձեր պահանջները ուսումնասիրենք, տեսնենք ինչ կարող ենք անել: Տարօրինակ է առնվազն, որ օրեր շարունակ միտինգ անող, օրեր շարունակ «ազատություն» եւ «Սասուն» վանկարկող ժողովրդին «այցելած» մարզային-քաղաքային ոստիկանապետերից մինչեւ վերջին ծպտված շարքային ոստիկանը դեռեւս չգիտեին ժողովրդի պահանջների մասին: Վլադ Վարդանյան անունով նախկին ոստիկանապետ-միջնորդը փորձել է գործը գլուխ բերել, բայց ժողովուրդը չի հավատացել նրա ազնիվ մղումներին: «Լա~վ, ուզածն ի՞նչ էր», - հարցրեցի: «Ի՞նչ պիտի: Վլադը կուզի գեներալ դառնա», - ասաց մի պապիկ: Ճիշտ են ասում, որ ժողովուրդը իմաստուն է: Իսկ երեխաներն իրենց պապիկներից ետ չեն մնում իրենց` ժամանակի ճիշտ զգացողությամբ: Այստեղ հավաքված դպրոցական երեխաներին հարցրեցի. «Բա դուք դպրո~ց, դա~ս չունե՞ք»: Սրանք էլ թե. «Դպրոց գնում ենք, հետո գալիս ենք այստեղ, երեկոյան էլ դասերն ենք սովորում»: «Ինչու՞ եք գալիս», - ասում եմ: «Ազատության կոչ անելու»: Դե գնա ու սրանց հետ խոսիր: Այս դպրոցահասակ երեխաների հետ, ովքեր դեռ զարմանում են, որ այդքան միամիտ հարց ես տալիս. մի՞թե պարզ չի: Իշխանությունը միտինգավորներին ցրելու նոր ձեւեր է փնտրում, որոնցից մեկն էլ սուտ լուրեր տարածելն է, թե Սասուն Միքայելյանին ազատ են արձակել: Բայց այս ժողովրդին խաբել կլինի՞: Նրանք կհավատան, եթե տեսնեն իրենց հերոսին` ողջ-առողջ իրենց դիմաց կանգնած: Արդեն հայտնի է, որ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը 3-4 օր հացադուլ է անում: Երեկ նրան է միացել ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտ» ջոկատի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը: Վերջինս միացել է Արշավիրի պահանջներին. «Ազատություն Սասուն Միքայելյանին եւ բոլոր ազատամարտիկներին», սակայն հացադուլավորները պահանջում են, որ իրենց այցելեն մարդու իրավունքների պաշտպանը եւ Կարմիր խաչի ներկայացուցիչը: Գեւորգ Գեւորգյանն ասաց. «Ես ուզում եմ, որ օմբուդսմենը այցելի եւ լսի մեզ: Ինչպես նաեւ Կարմիր խաչի ներկայացուցիչը գա: Մեր հացադուլով պահանջում ենք բոլոր ազատամարտիկներին եւ, ընդհանրապես, բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակեն: Նրանց անօրինական են ձերբակալել: Մարտի 1-ը հենց իշխանության սարքածն է, իսկ ազատամարտիկները հայրենիք ազատագրող են, հայրենիք պաշտպանող են, ոչ թե խուլիգաններ, ինչպես ասում են նրանց մասին: Էս մեդալները, էս հաշմանդամության կարգը ինչի՞ համար են տվել ինձ: Մյուս ազատամարտիկներին ինչի՞ են կոչումներ տվել, որ տանեն բե՞րդ: Արդեն 20-25 օր է` ինձ երկու օրը մեկ կանչում են, թե` բացատրություն տուր, չմասնակցես միտինգներին: Իմ տան մեջ ես իրավունք չունե՞մ նստելու: Իմ գյուղն է, իմ հողն է, ես իրավունք չունե՞մ ազատ ման գալու: Էլ որտե՞ղ է ազատ ու արդար պետությունը: 88-ին ես հացադուլ եմ հայտարարել իմ երկրի անկախության համար ու հիմա էլ հացադուլ եմ հայտարարում բռնապետության դեմ: Ես չեմ ուզում, որ իմ երեխեքն ու թոռները վախենալով ման գան: Իմ փոխարեն իմ երեխեն է նստելու: Նրան էլ տանեն՝ իմ թոռը կնստի: Նրանք չեն կարող մեզ կոտրել: Հրամանատարին տարան՝ զինվորն է նստելու, զինվորին տարան՝ իր երեխեն է նստելու: Էս բռնապետությունը պիտի պրծնի: Երեք հոգով չի ստեղծվել էս երկրի պատմությունը ու պիտի պահպանենք մեր արժեքները: Մինչեւ Սասուն Միքայելյանին ազատ չարձակեն, ես դուրս չեմ գա հացադուլից: Էստեղ եմ մնալու, էստեղ էլ մեռնելու եմ»: Արշավիր Բոզինյանն ասաց, որ իրեն մարտի 27-ին շտապօգնություն դիմելուց հետո բժիշկ է այցելել, ինչպես նաեւ երեկ` արդեն առանց կանչի: Իսկ ինչու՞ են շտապօգնություն կանչել. «Երեկ, երբ վրանը տարան, ինքնազգացողությունս վատացավ: Ոչ թե տարան, այլ` գողացան: Ոստիկանապետն էլ էր իրենց հետ: Երբ մի քիչ հեռու էի, տեսա, որ վրանը շարժվում է: Մտածեցի` անասուն-մանասուն կլինի: Մեկ էլ տեսնեմ՝ մարդու ձեռքեր են` ոստիկանի համազգեստով: Թելերն էր կտրում: Գոռացի, որ վրանին ձեռք չտան, ոստիկանապետն ասաց՝ արագացրեք-արագացրեք ու խոտախառը հավաքեցին, փաթաթեցին, գցեցին մեքենայի մեջ: ...Ինձ շատ ընկերներ կարող են միանալ, բայց իմ խնդրանքով է, որ չեն միանում: Միայն որպեսզի մենակ չլինեմ, համաձայնեցի, որ Գեւորգն էլ միանա: Իմ խոսքով այսօր հազարավոր մարդ իմ կողքը կնստի, բայց դեռ ժամանակը չի: Մինչեւ իմ հրամանատարը չգա, ես հացադուլը չեմ դադարեցնի: Ես Ղարաբաղ գնացի կռվելու, շատ լավ գիտակցելով, թե ինչի եմ գնում եւ որ կարող է չվերադառնամ: Այնպես որ, ինձ համար տարբերություն չկա` էն ժամանա՞կ, թե՞ հիմա: Հիմա էլ է պատերազմ: Ազատության պատերազմ է: Իմ հրամանատարը Շուշիում վիրավորվեց: 107 բեկոր կա մարմնի մեջ, որից 88-ը բժիշկները արգելում են ձեռք տալ, վտանգավոր տեղում են: Նրա առողջության համար ազատության մեջ 5 րոպեն էլ, 5 վայրկյանն էլ նշանակություն ունի: Ու եթե որոշ ժամանակից հետո ազատ չարձակեն, ես կհայտարարեմ եւ շատ մարդիկ կմիանան մեզ: Ու պետք լինի` ես առաջինը կհրկիզեմ ինձ»: Տխուր է: 21-րդ դարի Հայաստանը դեռեւս չի լուծել ամենատարրական խնդիրները: Հայ ժողովուրդը դեռեւս կռիվ ունի տալու ամենապարզ հարցերի համար: Իր ներսում իր, կարծես թե, տեսակի հետ: Տխուր է ու... վիրավորական: Երեկ ուշ երեկոյան, երբ հոդվածն արդեն պատրաստ էր, իմացանք, որ հացադուլավորներին փորձում են քշել այն ամայի տարածքից, ուր ոստիկանների կողմից վրանը գողանալուց հետո տեղափոխվել էին նրանք: Սա էլ քիչ է, եկել են այն վայրը, ուր հացադուլավորներն են եւ ցանկացել են բերման ենթարկել Գեւորգ Գեւորգյանին: Վերջինս հասցրել է փախչել: Էստեղ են ասել` մեռնեմ օրենքիդ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |