“Zhamanak” Armenian-American Political Daily

«Հանցագործներին» ծափերով են դիմավորում

14:00 Yerevan | 10:00 GMT | Saturday 29 March 2008

Գագիկ Աբգարյան

Երեկ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Թալին քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի, ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական վարկածի հանդիպման ժամանակ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները, Հայկ Գեւորգյանը ու անչափահաս Անդրանիկ Սափեյանը ծեծի են ենթարկել նախկին ազատամարտիկ, ՀՅԴ անդամ` Սարգիս Կարապետյանին: Հարկ է նկատել, որ դատական նիստերն ընթանում են լեփ-լեցուն դահլիճում, իսկ երբ ներս են բերում վերը նշված կալանավորվածներին` բոլորը հոտնկայս ծափահարում են նրանց, ինչպես վայել է հերոսներին: Մեզ հետ զրույցներում մասնակիցներից որեւէ մեկը կասկած անգամ չհայտնեց, որ այս ամենը քաղաքական պատվեր է եւ իրականում տեղի ունեցածը եղել է պրովոկացիա, Լեւոնի կողմնակիցներին չեզոքացնելու նպատակով: «Թալինում էս տղերքին էլ են ճանաչում, Սաքոյին էլ: Խի ո՞վ չի հասկանում, թե ստեղ ի՞նչ է կատարվում ու Սաքոն ինչի՞ էր եկել միտինգի», - ասում է Թալինի բնակիչներից մեկը, ով խնդրեց անունը չհրապարակել, - «Չեմ վախենում, քանի դեռ առիթ չեմ ունեցել իրեն ասելու, թե ինչ եմ մտածում իր մասին, չեմ ուզում, որ ըսենց ըլնի»: Որ տեղի ունեցածը պրովոկացիա է եղել` համոզված է նաեւ մեղադրյալների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը. «Ուշադրություն դարձրեք, Կարապետյանը խոստովանում է, որ երբ իր հետի մարդկանց ասել է, թե բարձրանալու է հարթակ ու իր խոսքը ասելու, նրան ասել են. «Ի՞նչ գործ ունես, կռիվ կլինի: Բայց ես իմն արեցի»: Այսինքն` նա գիտակցաբար գնացել է միջադեպ հրահրելու», - ասում փաստաբանը: Երեկվա նիստն ընթացավ առանց տուժողի` Ս.Կարապետյանի մասնակցության, քանի որ նա դեռ նախորդ նիստի ժամանակ արդեն ամաչում էր այս պատմության մեջ ընկնելու համար եւ մինչեւ վերջ ցուցմունք չտված ուզում էր դատարանից հեռանալ: Ցուցմունք տվեցին երեք ոստիկան, ովքեր հանդիպման օրը ի պաշտոնե պետք է պահպանեին հասարակական կարգը: Երեքն էլ միաձայն պնդեցին, որ իրենք ոչ կռիվ են տեսել, ոչ ծեծող, ոչ էլ ծեծվող: Իրենք շատ հեռու են կանգնած եղել ու հեռվից միայն անորոշ, բարձր ձայներ են լսել ու նկատել են, որ ժողովուրդը թեքվում է դեպի ետ ու ինչ-որ բանի նայում: Երբ հասել են ենթադրվող իրադարձության տեղը, ոչինչ չեն տեսել ու տպավորություն է եղել, որ ոչինչ էլ չի եղել: Նրանք հայհոյանքներ էլ չեն լսել, ինչպես գրված է մեղադրականում: Ակնհայտորեն Թալինում եւս խաղարկվել է պրովոկացիայի արտաշատյան տարբերակը, որի դեպքում ոստիկանները պետք է հեռու մնան իրադարձությունների կենտրոնից, հետագայում չքմեղանալու համար, թե իրենք ոչինչ չեն տեսել, հակառակ դեպքում հարց կառաջանա. այդ դեպքում ինչու՞ չեք կանխել: Նկատի ունենալով այս տարբերակը` փաստաբան Արսենյանը ոստիկաններից մեկին հարցրեց. «Դուք ասում եք, թե հրապարակում ժողովուրդը շատ խիտ էր կանգնած եւ մինչ տեղ հասաք արդեն ամեն ինչ ավարտվել էր: Ինչու՞ չօգտվեցիք ձեզ տված սուլիչից, որ արագորեն ճանապարհ բացեիք` տեսնելու համար, թե ի՞նչ է կատարվում»: Հարցից անակնկալի եկած ոստիկանը պատասխանեց, որ ինքը սուլել չի սիրում: Այսինքն` մեր հասարակական կարգի բախտը կախված է նրանից, թե որ ոստիկանը ինչ չի սիրում: Ինչեւէ, անկախ նրանից, որ ոստիկանները առաջին փուլում ճշգրտորեն կատարել են իրենց հանձնարարված առաջադրանքը, երկրորդ փուլում` դատարանում, մեղադրանքը փլվում է, որովհետեւ մինչ այժմ ցուցմունք տված վկաներից ոչ մեկը չի տեսել գործով մեղադրյալներին տուժողին հարվածելիս կամ հայհոյելիս` ինչպես գրված է մեղադրականում: Երեկ դատը մնաց անավարտ: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի երկուսին:

Մեզ հետ առանձնազրույցում Արսենյանը անդրադառնալով ոստիկանների գործողություններին` նկատեց. «Հասարակական կարգի պահպանումը շատ ավելի պատասխանատվությամբ պետք է կազմակերպված լիներ, քան եղել է: Ընդ որում` անպայմանորեն, քանի որ իրազեկվել էր քաղաքապետարանին: Կա կազմակերպիչ Մկրտիչ Սափեյանի դիմումը քաղաքապետին, կա քաղաքապետի մակագրությունը ուղղված ոստիկանապետին` ներկայացուցիչ ապահովել, նաեւ իրենց ներկայացուցիչն ապահովել եւ այլն: Ու՞ր էին նրանք: Ինչու՞ համապատասխան վերակարգ չի եղել, որպեսզի իսկապես կարգուկանոն ապահովեին: Այսպես են ապահովել: Եվ պատահական չէ, որ առայժմ կայացած երեք դատական նիստերը սկսելուց առաջ ժողովուրդն այս անձանց ծափահարություններով է դիմավորում: Որովհետեւ շատ լավ գիտակցում է, որ նրանց արարքում խուլիգանություն գոյություն չունի»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.