“Zhamanak” Armenian-American Political Daily

Անշրջելի գործընթաց

13:59 Yerevan | 9:59 GMT | Saturday 29 March 2008

Գոհար Բարսամյան

Հարավային Կովկասում ժողովրդավարության կայացման գործընթացները անշրջելի բնույթ են կրում եւ, ի տարբերություն փետրվարյան սառնաշունչ անտարբերության` շարունակվում են դիտարկվել արտերկրի փորձագետների կողմից:

Այսպես` փորձագետ Մայքլ Քոֆմանը իր` «Դիվանագիտական սուրհանդակ. Հայաստանում ավարտվեց արտակարգ դրությունը: Երկրում ժողովրդավարությունը կասկած է հարուցում» հոդվածում ներկայացնում է Հայաստանի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական ողջ գործընթացը: «Անսովոր համարվող Կովկասում այդ ընտրությունների ենթատեքստն այդքան էլ սովորական չէ, մասնավորապես` թեկնածուների համապատկերում», - գրում է Քոֆմանը եւ հավելում, որ Հայաստանը երկար ժամանակ տնտեսական եւ քաղաքական հիմնախնդիրներ է ունեցել` ներառյալ տեղի կոռուպցիան եւ հասարակական վստահության անբավարար լինելը` կապված գործազրկության եւ արժույթի գների բարձրացման հետ, որոնք հիմնական սպառման ապրանքները դարձնում են անհասանելի` ներկրման մենաշնորհի երկարատեւության պատճառով: Կառավարությունը չի անդրադառնում այն հիմնախնդիրներին, որոնց պատճառով հասարակությունում հիասթափություն է առաջանում: Բացի այդ` երկրի խորհրդարանի անդամները ավելի շատ կենտրոնացած են անձնական եւ ոչ թե հասարակական շահերի վրա: Հարկ է ընդգծել, որ փորձագետ Մայքլ Քոֆմանը կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի երկարատեւ սառեցված գործընթացը հանգեցրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների կատարելագործմանը: Սակայն հարկ է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղը միակ գործոնը չէ, որ նպաստում է Ադրբեջանի եւ Թուրքիայի մերձեցմանը: Մեկ այլ դիտարկում եւս. փորձագետի նկատառումներով` ընդդիմության բողոքի դրդապատճառ էր նաեւ Լեռնային Ղարաբաղի չհանգուցալուծված կարգավիճակը, հարկ է հավելել, որ բողոքի հիմնախնդիրը շատ ավելի խորը արմատներ ունի: Անդրադառնալով մարտի 1-ի ողբերգական եւ ցնցող իրադարձություններին` Մայքլ Քոֆմանը նշում է, որ հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի բռնություններ գործադրելը ի շահ Սերժ Սարգսյանի էր, իսկ Քոչարյանի` առանց այն էլ «նեխահոտ» վարկանիշը էլ ավելի ընկավ: Ամեն դեպքում` պետությունը կորցրեց հասարակությանը կառավարելու իր ներուժը: Իրապես Հայաստանի առաջադեմ հասարակայնությունը վրդովված էր միջազգային հանրության լռությունից եւ հանդուրժողականությունից: Այդ առնչությամբ Մայքլ Քոֆմանը նշում է, որ միջազգային ճնշումը թուլացավ, որպեսզի երկրի քաղաքական իրավիճակը էլ ավելի չապակայունանա: Ինչ վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հանրահավաքի մասնակիցների դեմ իշխանությունների կողմից զենք կիրառելու փաստին` Քոչարյանը պատճառաբանում է, որ հանրահավաքի մասնակիցները զինված են եղել, իսկ ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացնում է, որ զենք կիրառել են ազգային անվտանգության ծառայությունները եւ նշել է, որ սա սադրանք էր խաղաղ հանրահավաքները ճնշելու համար: Փորձագետը իր հոդվածը ավարտում է հարցադրմամբ. կայունությունը կպահպանվի մինչեւ նորընտիր նախագահի երդմնակալությունը, իսկ հետո՞...

Արխիվ
Վերլուծական

Մտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն

1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական...

Քաղաքական

Հերթական անակնկալը

Հյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր:

Աշխարհ

Եվ դարձյալ հայ-թուրքական թեմայով

Սեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.