“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ի նկատի ունեմ քաղաքական առումով դոշից կախ»

13:57 Yerevan | 9:57 GMT | Saturday 29 March 2008

Մարինե Խառատյան

«ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը մայիսին կհրատարակի բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողները նրան հորդորեցին շարունակել քաղաքական թեմաներով բանաստեղծությունների շարքը, թեեւ Տիգրան Կարապետյանն ասաց, որ չի կարող չգրել նաեւ սիրո եւ այլ թեմաներով, իսկ քաղաքական հերոսների շարքում հերթի մեջ են Վարդան Օսկանյանը, Ս.Սարգսյանը եւ Ռ.Քոչարյանը:

Նախօրեին ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, թե իրենց մասին բանաստեղծություն գրելու համար Տիգրան Կարապետիչը պատասխան է տալու: «Գիտեք ինչ, երբ ես գրում եմ, որ Հեղինեն Արթուրի դոշից է կախ, ես ի նկատի չունեմ սեռական պատկանելությունը, ես ի նկատի ունեմ որպես շքանշան: Այնպես որ, պետք չէ դա ընդունել յուրովի», - ասաց բանաստեղծության հեղինակը` շարունակելով. «Ես ի նկատի ունեմ քաղաքական առումով դոշից կախ: Ես նորից եմ ասում, որ այդ ամենի մեջ դրել եմ քաղաքական կոնտեքստ, թող ոչ մեկն իրեն վատ չզգա»: Ի դեպ, Կարապետիչին դուր էին եկել Բիշարյանի ասուլիսում լրագրողների ուղղած հարցերը եւ «ԱԼՄ»-ն այն եթեր էր տվել առանց մեկնաբանության. «Որովհետեւ հենց այդ նյարդային պահվածքը արդեն շատ բանի մասին ասում էր»: Մեր հարցին, թե իր համար տարօրինա՞կ չէ, որ պատվախնդիր Հեղինե Բիշարյանը պատասխանատվություն չի պահանջում Ռոբերտ Քոչարյանից, որն «ազգային դավաճան» որակեց Արթուր Բաղդասարյանին, որի տեղակալն է ինքը, Կարապետիչը պատասխանեց. «Եթե հարգարժան Հեղինե Բիշարյանը, որի երեկվա ասուլիսը եւ իր պահվածքը ես որոշակիորեն կհամեմատեի ԺԵԿ-ի աշխատողի հետ, ոչ թե ԱԺ պատգամավորի, եթե իրենք ցանկանան ինձ հետ դատավարության մեջ մտնել, ես շատ շնորհակալ կլինեմ իրենց: Եվ ինձ համար դա կլինի պարծանք չարի դեմ պայքարելու»:

Լրագրողները Կարապետիչին հարց ուղղեցին նաեւ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: «Ընդդիմության հետ պետք է նստել երկխոսության, առանց դրա անհնարին է», - տեսակետ հայտնեց Տիգրան Կարապետյանը` շարունակելով. «Չի կարող մի պետության մեջ ընդդիմությունը լինի մեկուսացված, ընդհանրապես չունենա քաղաքական ապագա»: Ըստ Տիգրան Կարապետիչի` քաղաքական գործընթացների մեջ չպետք է ներգրավվեն միայն նրանք, «ովքեր կդավաճանեն եւ այդ առումով կընդգրկվեն քաղաքական գործընթացների մեջ»: Ապագա կառավարության վերաբերյալ բանախոսը նկատեց, որ «շատուշատ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, եւ այսօր այդ լուծումներից է կախված հետագա կայունությունը: Առաջին դեմքը` նորընտիր նախագահը, պետք է դրսեւորի քաղաքական կամք եւ ձերբազատվի օլիգարխներից եւ այն մարդկանցից, ովքեր պետության թուլությունն են օգտագործում, եւ ընդդիմության հետ նստի երկխոսության: Պետականությունը միայն իշխանամետների համար չի»: Հարցին, թե կարո՞ղ է մարդը, որը ընտրվել է նաեւ հենց այդ օլիգարխների աջակցությամբ, ձերբազատվել օլիգարխներից, Կարապետյանը հայտարարեց. «Կարող է: Ոչ թե ձերբազատվի, ասի` հերիք եղավ, բոլ եղավ: 16 տարի է ոչ հարկ եք մուծում, աշխատում եք այնպես, ինչպես ուզում եք: Ի վերջո` եկեք ժողովրդի մասին մտածենք եւ պետականության մասին: Բոլոր պետությունները անցել են այդ պահը, երբ հասել են ինչ-որ գծի, ասել են` հերիք եղավ, բոլ եղավ, պետք է աշխատենք օրինական: ...Ինչքա՞ն կարող են ժողովրդի գումարները ներդնել իրենց գործերի մեջ: Եթե չլինեն փոփոխությունները, սրությունը կմնա, հարցը չի լուծվի: Այսօր ժողովուրդն ակնկալում է կտրուկ քայլեր: Այլնտրանք չկա»: Ինքը` Տիգրան Կարապետիչը ցանկություն չունի աշխատելու ապագա կառավարության կազմում, ուզում է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Ի դեպ, ինքը մարդու իրավունքների պաշտպան է «սրտով, ոչ թե ձեւական»:

Հարցին, թե իր կարծիքով, կա՞ն մարդիկ, որ անկախ ամեն ինչից, պետք է չլինեն ապագա կառավարության կազմում, Կարապետիչը պատասխանեց. «Այն կարկառուն դեմքերը, որոնք նեգոտիվ երանգավորված են: Ասենք` ժողովուրդը որոշակիորեն դժգոհ է տարածքների հետ կապված» (թերեւս նկատի ունենալով Հովիկ Աբրահամյանին):

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.