|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ՄԱԿ-ի բանաձեւը` «փնթի» դիվանագիտության արդյունք13:45 Yerevan | 9:45 GMT | Saturday 29 March 2008Հ.Մ. ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը «ՄԱԿ-ի հակահայկական բանաձեւ. քաղաքական հետեւանքները» թեմայով քննարկում էր կազմակերպել` նվիրված մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հավանությանն արժանացած «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւին: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը, քաղաքագետներ Աղասի Ենոքյանը, Ստեփան Գրիգորյանը եւ ՍԴՀԿ ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը: ՄԱԿ-ի վերջին բանաձեւը վերջինիս գնահատմամբ «բանաձեւ է Հայաստանի դեմ» եւ ՀՀ դիվանագիտական կորպուսի պարտությունը, որն, ըստ բանախոսի, մեր երկրի համար ունենալու է խիստ ծանր հետեւանքներ: Վերջինս վերհիշեց նաեւ Վազգեն Սարգսյանի այն խոսքը, թե ամեն ազգ գոնե մի անգամ պետք է իր պատերազմը մինչեւ վերջ հասցնի, նկատելով. «Այս վիճակով մենք մեր պատերազմը հասցրել ենք մի կատաստրոֆիկ վերջի, որի հարցում չեմ կարող միանշանակ մեղադրել ՀՀ ԱԳՆ-ին: Այստեղ կա մեկ ուրիշ հանգամանք, դա երկրի նախագահն է, ով լինելով Ղարաբաղի նախագահ, ազատամարտի մասնակից, պետք է ավելի շահագրգռված լիներ արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակն արձանագրելու մեջ, սակայն այս 10 տարիներին մեր նահանջը հաղթանակն արձանագրելու խնդրից այնքան զգալի է եղել, որ կարելի է միանշանակ ֆիքսել` դրա մեղքը հենց Ռոբերտ Քոչարյանինն է», - կարծում է Շիրխանյանը: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԼՂՀ խնդրի շուրջ ստեղծված վերջին զարգացումները կապում է Հայաստանի ներքին իրավիճակի հետ: «...Այս բանաձեւը ծնվեց այն պատճառով, որ Հայաստանը ժողովրդավարության իմաստով կտրուկ ետ ընկավ Ադրբեջանից: Եթե այդ ետ ընկնելը դանդաղ լիներ, այսպիսի որոշում չէր լինի: Դա ես կապում եմ Հայաստանի այսօրվա թույլ վիճակի հետ: Քաղաքագետն անդրադարձավ բանաձեւին կողմ քվեարկած 39 երկրների փաստին` ասելով. «Ինչու՞ միայն 7 երկիր մեզ պաշտպանեցին, իսկ Ադրբեջանին կողմ քվեարկածների թվում էին նաեւ Վրաստանն ու Մոլդովան: Ստացվում է, որ նույնիսկ մեր հարեւանի հետ մենք չկարողացանք աշխատել այնպես, որ իրենք գոնե կարողանային ֆորմալ պարիտետ պահել, եթե ոչ` մենք էլ իրենց կհարվածենք Աբխազիայի հարցի հետ կապված: Պատկերացնու՞մ եք, նույնիսկ հարեւան երկիրը մեզ դեմ է քվեարկում, իսկ սա մթնոլորտ է ստեղծում»: ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Ձյունիկ Աղաջանյանը եւս իր ելույթում անդրադառնալով բանաձեւին կողմ քվեարկած երկրներին` նկատեց. «Բանաձեւին աջակցել են Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրները եւ ՎՈՒԱՄ-ի անդամ երկրները: Այս առումով նրանք հանդես են գալիս մեկ ընդհանրական դիրքորոշմամբ, որն է` տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումը որպես հակամարտությունների լուծման միակ սկզբունք: Իսկ այս բանաձեւի նման աջակցության հանգամանքը որեւէ դեպքում զարմանալի չէր: Մեր դիվանագիտության հաղթանակն էր այս պարագայում այն, որ Հայաստանը միակ երկիրը չէր, որ դեմ քվեարկեց այս բանաձեւին. դեմ քվեարկեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների ամբողջ կազմը: Սա նշանակում է, որ բանաձեւն ինքնին այսօր Մինսկի խմբում ընթացող գործընթացներին լիովին հակասում է, այլապես այդ երկրներն այսքան հեշտությամբ, իրենց` սովորաբար հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշումը չէին դնի մի կողմ եւ դեմ քվեարկեին բանաձեւին, որն ամբողջությամբ հակասում է այն փաստաթղթին, որը ներկայացվել է Մադրիդում»: Ձ.Աղաջանյանը հայկական դիվանագիտության լավ աշխատանքի վկայությունն է համարում այն, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպության այսօր արդեն 56 երկրներից միայն 37-ն են, որ աջակցում են Ադրբեջանին: «Գլխավոր ասամբլեայի որեւէ բանաձեւով որեւէ հակամարտություն առ այսօր չի լուծվել` Աբխազիա, Կիպրոս, Արեւմտյան Սահարա, Հարավային Օսեթիա եւ այլն: Հակամարտությունները հնարավոր է լուծել միայն հակամարտող կողմերի միջեւ համաձայնության գալուց հետո, եւ սա միակ հնարավորությունն է որեւէ, այդ թվում նաեւ ԼՂՀ հակամարտությունը լուծելու համար: Ադրբեջանն այս բանաձեւի ընդունումից հետո փորձ է անում նոր պայմաններ դնել բանակցային գործընթացը տանելու համար: Սա է եղել ամբողջ նպատակը: ...Սա չի նշանակում, որ այս բանաձեւի գոյությամբ մեր կյանքն ավելի է թեթեւանում, որ դիվանագիտությունը չի աշխատել, որովհետեւ այս բանաձեւի գոյությունն ինքնին ասում է, որ բանակցային գործընթացը բավական հաջող է ընթացել, ինչի պատճառով ադրբեջանական կողմը փորձել է գտնել այլ ուղիներ` իր ակնկալիքներն ապահովելու համար»: Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ ԼՂՀ հարցի հետ կապված վերջին զարգացումները կապված են ՀՀ իշխանությունների լեգիտիմության կտրուկ անկման հետ: «Ես չեմ ասում, որ մինչ այս նրանց լեգիտիմությունը փառապանծ վիճակում էր, բայց եղավ կտրուկ անկում, ինչն էլ մեր երկիրը կտրուկ թուլացրեց միջազգային ասպարեզում, որոնք իրենց հետ բերեցին լուրջ տեղաշարժեր: «Ոչ թե հայկական դիվանագիտությունն է շուրջ 4 տարի կասեցնում Ադրբեջանի կողմից վերոնշյալ հարցը քվեարկության դնելը, այլ Մինսկի խումբը: Մինսկի խումբն էր, որ մի քանի անգամ ուլտիմատում ներկայացրեց Ադրբեջանին, որ եթե վերջինս այդ հարցը դնի քվեարկության, ապա ինքը կանի ինչ-ինչ քայլեր: Հիմա Մինսկի խումբը այդ ուլտիմատումներն առաջ չտարավ եւ թույլ տվեց հարցը տեղափոխել այլ հարթություն... Եկեք նաեւ դիտարկենք այն երեւույթը, որ Մինսկի խմբի համանախագահին, որից էապես կախված է հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի քննարկումը եւ լուծումը, Երեւանում իջեցնում են դիվանագիտական մեքենայից եւ փորձում են խուզարկել, որը դիվանագիտական մեծ անպատվություն է, հետո ուզում ենք, որ նա փորձի հավասարակշռությու՞ն պահպանել կոնֆլիկտի կարգավորման հարցում: Նա մարդ է, որը խորը անձնական վիրավորանք է տարել Հայաստանից: Այսինքն` մենք ստեղծել ենք մի շարք հանգամանքների համադրություն, ըստ որի, եթե դրանցից առաջ Ադրբեջանը փորձ չէր անի այս հարցը մտցնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, հիմա փորձ արեց եւ շատ հանգիստ անցավ այդ փորձը: Ես կարծում եմ, որ այստեղ մեր դիվանագիտությունն աշխատել է շատ փնթի ձեւով: Եթե ԱԳ նախարարն ամբողջ օրը զբաղված է ներքաղաքական հայտարարություններ անելով, ապա հարցի շուրջ ստեղծված իրավիճակը բնական է»: Իսկ առկա իրավիճակից ելքը, ըստ քաղաքագետի, Հայաստանում իշխանության լեգիտիմության բարձրացումն է, ավելի ստույգ` լեգիտիմ իշխանության հաստատումը, որովհետեւ եղած իշխանության լեգիտիմությունը հնարավոր չէ բարձրացնել, եւ արտաքին քաղաքականության կուրսի կտրուկ փոփոխությունը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |