“Zhamanak” Armenian-American Political Daily

Ոչ մեկը դեռ չի ձանձրացել: Ոչ տանողները, ոչ տարվողները: Բոլորը գալիս են՝ կարծես աշխատանքի

14:58 Yerevan | 10:58 GMT | Friday 28 March 2008

Է.Գ.

Ինչպես քաղաքական «զբոսանքի» մասնակիցները չեն փոխվում` անգամ «բերման ենթարկվելուց» հետո, այնպես էլ Հյուսիսային պողոտայի «մարդաորս» իրականացնողները` Ռոբերտ Մելքոնյան` ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար, Վալերի Օսիպյան` Արաբկիրի համայնքի ոստիկանապետի տեղակալ: Ի դեպ, Ռոբերտ Մելքոնյանը, ասում են, լուսնկարվել չի սիրում: Երեկ երբ լրագրողները այս մասին ասում էին իրար, «զբոսանքի» եկած մի կին, ով լսեց այդ խոսակցությունը` նկատեց. «Մարդանց ջարդելու հրաման տալուց չեն ամաչում` նկարվելու՞ց են ամաչում...»:

Հյուսիսային պողոտայում «զբոսանքի» եկող քաղաքացիների համար արդեն օրերը միապաղաղ են անցնում: Թեեւ ոստիկանության աշխատակիցները շարունակում են բերման ենթարկելու գործընթացը եւ 21 մարդ «հավաքեցին», սակայն անվիճելի փաստ է, որ այն ազդեցությունը, որ իշխանությունները նախատեսում էին գործել մարդկանց վրա` հօդս է ցնդել:

Նախ իրավապահների մոտ մի տեսակ բացակայում է նախկին էնտուզիազմը. օրինակ` չեն ոլորում մարդանց ձեռքերը, այլ միայն թեւանցուկ են անում, ընդ որում` պարտադիր չէ երկու ոստիկան դա անի. հաճախ մեկն է ձեւական մասը ապահովում: Բերման ենթարկվողները եւս` հանգիստ, առանց աղմուկ-աղաղակի ժպտալով նստում են ոստիկանական մեքենաները ու հեռանում են: Ավանդական «զբոսանքի» եկողներն էլ գալիս են «հանդիպման վայր», ողջունում իրար, առաջին բանը, որ միմյանց հարցում են, սա է` «քանի՞ մարդ են արդեն տարել...»: Նախորդ օրերին «բերման ենթարկվածները» հանդարտեցնում են այդ օրվա «բերման ենթարկվածների» հարազատներին. «Ոչինչ, մի անհանգստացեք, սրանց վրա պլան է դրված, տանում են երկու-երեք ժամ պահում են, զրուցում են, սուրճ կամ թեյ են հյուրասիրում, բաց են թողնում...»: Բաց է մնում մեկ հարց` ի՞նչ խնդիր են լուծում սրանով Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, իրենց է հայտնի... «Զբոսանքի» մասնակիցներին նրանք մեկ բանում, թերեւս, հաստատ օգնեցին. «էլիտար» Հյուսիսային պողոտան, այսուհետեւ վերանվանվել է «մարդաորսի» պողոտա: Ինչեւէ, երեկ ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին Տիգրան Պասկեւիչյանին, «Նոր ժամանակներ» կուսակցության փոխնախագահ Հրաչյա Սարգսյանին, Ռուբեն Առաքելյանին, Նորիկ Գալստյանին, Սերգեյ Ավետիսյանին` Ջերմուկից: «Զբոսանքից» նաեւ չորս կանանց բերման ենթարկեցին, որոնցից երկուսի` Հասմիկ եւ Ֆլորա Մարգարյանների հարազատները մոտեցան մեզ, նախ հարցրին, թե լրագրո՞ղ ենք, ապա ո՞ր թերթից ենք եւ պատմեցին կատարվածը. «Մոտեցան ոստիկանները, առանց որեւէ խոսք ասելու` տարան, ես էլ ասացի` ինձ էլ տարեք, բայց ոստիկանները ասացին` «Չէ, դու մնա»», - ասաց Վիկտորյան, ով բերման ենթարկվածերից մեկի աղջիկն է: Նա ասաց, որ այսօր Հասմիկ եւ Ֆլորա Մարգարյանները, փաստորեն, երկրորդ անգամ է, որ եկել էին «զբոսանքի» եւ առաջին անգամ գալու օրը նրանց արդեն մոտեցել էին ոստիկաններ. «Հարցրել էին` որտեղից ենք, զգուշացրել էին` մյուս անգամ այստեղ չերեւաք: Այսօր էլ զբոսնում էինք, ոստիկանները եկան, հարցրին մեզ` «Հրազդանի՞ց եք», ասացինք` ոչ, Տիգրան Մեծի վրա ենք ապրում, ասացին` «գնացեք, այստեղ էլ չերեւաք», բայց մենք քայլելով եկանք ժողովրդի մոտ, նստեցինք նստարաններին, բայց զգում էինք, որ նրանց ուշադրության տակ էինք, ու ոստիկաններից մեկը ինչ-որ բան հաղորդեց, հետո մոտեցավ մեկը, ասաց. «Դուք երկուսով եկեք», իսկ մեզ ասացին` «Գնացեք տուն» եւ նստեցրին մեքենա, գնացին»: Վիկտորյան հայտնեց, որ Բամբակաշատից են, Երեւանում վարձով են ապրում: Երեկ, ժամը 22.30-ին Վիկտորյան զանգահարեց մեզ եւ տեղեկացրեց, որ «Հասմիկին եւ Ֆլորային ազատ են արձակել, նրանք արդեն տանն են եւ ամեն ինչ նորմալ է»: Ոստիկանները երեկ փորձել են բերման ենթարկել նաեւ` ՀՀՇ անդամ Սամսոն Ղազարյանին, որը պահանջել է ծանուցագիր ներկայացնել:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.