“Zhamanak” Armenian-American Political Daily

«Այստեղ քաղաքական խնդիր է, ուրիշ բան չկա»

14:26 Yerevan | 10:26 GMT | Friday 28 March 2008

Գագիկ Աբգարյան

Երեկ Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանը քննեց հունվարի 27-ին` ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած իբր քաշքշուկի առիթով հարուցված քրեական գործը:

Երեկ դատարանը լսեց տուժողին` Ս.Կարապետյանին եւ երկու վկաների: Տուժողի մոտ հավանաբար ամոթի նման մի բան էր արթնացել եւ համառորեն կրկնում էր նույն արտահայտությունը` ինչ եղել-եղել է, ես էս մարդկանց դեմ բան չունեմ ու չեմ ուզում, որ նրանք նստեն: Չհրաժարվելով իր նախաքննական ցուցմունքներից` նա դատարանում, այնուամենայնիվ, փորձում էր «չեմ հիշում» ասելով խուսափել ուղիղ պատասխաններից, ինչը համբերությունից հանեց մեղադրող կողմին, եւ նա սպառնաց. «Դու քրեական պատիժ կստանաս սուտ ցուցմունք տալու համար: Ուրեմն էսքան ժամանակ զրպարտե՞լ ես էս մարդկանց»: Թակարդում հայտնված Կարապետյանը դահլիճում նստած բազմաթիվ համաերկրացիների ներկայությամբ սկսեց ցուցմունք տալ: Ակնհայտ էր, որ նա հոգեբանական ծանր վիճակում էր եւ իրեն արդարացնելու համար անընդհատ կրկնում էր, որ ինքը ներել է ամբաստանյալներին եւ չի ուզում, որ նրանք նստեն: Ինչ-որ մի պահի նրա պահվածքը նյարդայնացրեց նաեւ ամբաստանյալի աթոռին գտնվող Ժորա Սափեյանին եւ ի պատասխան «տուժողի» խոսքին, թե ես այսպես եմ ասում, որ քեզ օգուտ լինի, նա արձագանքեց. «Դու իմ օգտին մի խոսա, դու ճիշտն ասա»:

Նրանից հետո հարցաքննվեցին վկաները: Պարզվեց, որ ոչ վկա Մ.Թումոյանը, ոչ էլ Ս.Ասատրյանը չեն լսել, որ մեղադրյալներից որեւէ մեկը հայհոյի: Ավելին` նրանք նույնիսկ չեն տեսել, որ նրանցից մեկը գեթ մոտ լինի տուժողին: Վկա Ասատրյանը միայն պնդեց, որ տեսել է Տիգրան Բաղդասարյանին տուժողին մոտենալիս, սակայն ինքն անձամբ նրա դեմը փակել է, եւ նա չի կարողացել մոտենալ Կարապետյանին: Վկա Ասատրյանը վկայեց նաեւ, որ տեսել է տուժողին խփողներին` 20-25 տարեկան, միջին կազմվածքի 3-4 հոգու, բայց բոլորն էլ անծանոթ:

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով նիստն ընդհատվեց` շարունակությունը թողնելով հաջորդ օրվան: Վերջում ամբաստանյալների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը պատասխանեց մեր հարցերին:

- Վկաների ցուցմունքներով կարծես թե չի ապացուցվում Ձեր պաշտպանյալների մեղքը: Սակայն մեղադրող կողմն անընդհատ խոսում է մի տեսաերիզի մասին, որտեղ հստակ երեւում են նրանց գործողությունները: Ինչպե՞ս եք կառուցելու պաշտպանությունը:

- Տեսաերիզում նրանք գոյություն չունեն: Բացարձակ: Նրանք ոչ մի ապացույց չունեն: Հայհոյանքներ էլ չեն եղել: Կարապետյանը բացատրություն ունի գրած, որտեղ հայհոյանքների մասին խոսք չկա: Հունվարի 28-ի գիշերով են սկսում գործ սարքել, որ հայհոյանք էլ է եղել: Պետք էր խուլիգանության գործ թխել, որպեսզի 258 հոդված կիրառեին, որը հնարավորություն կտար տղաներին անազատության մեջ պահել եւ քարոզարշավը խափանել: Այստեղ քաղաքական խնդիր է, ուրիշ բան չկա:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.