|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Ժողովրդավարությունն ու բռնապետությունը անհամատեղելի են»14:25 Yerevan | 10:25 GMT | Friday 28 March 2008 Քաղաքագիտության դոկտոր, «21-րդ դար» անկախ միջազգային ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանը բաց նամակ է հղել Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Փրեսքոթին, որում փաստել է, որ Ջ.Փրեսքոթի հայտարարությունը մեծ դժգոհություն եւ խորը հիասթափություն է առաջացրել բազմահազար հայերի շրջանում ոչ միայն Հայաստանում: Խոսքը Ջոն Փրեսքոթի այն առաջարկության մասին է, որով նա կոչ է անում իշխանություններին եւ ընդդիմությանը առաջնորդվել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ: Արտակարգ դրության պայմաններում ընդդիմության բողոքը եւ դրա վերաբերյալ ընդունած որոշումը Արկադի Վարդանյանը համարում է իշխանությունների կողմից ՍԴ-ի վրա գործադրված ակնհայտ ճնշման փաստ, որի անկողմնակալությունը չի կարող կասկածի տակ չդրվել: Անդրադառնալով ՍԴ-ում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից բողոքին Արկադի Վարդանյանը հիշեցնում է, որ գործող վարչապետը կարող էր գրանցվել որպես նախագահի թեկնածու, եթե նա նաեւ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար լիներ. Սահմանադրության սույն պահանջը իմպերատիվ է եւ դիմող կողմը պահանջում էր ընտրությունների արդյունքները չեղյալ համարել, քանի որ Սերժ Սարգսյանը որպես թեկնածու անօրինական էր: Անօրինական էր նաեւ «ռազմական եւ արտակարգ դրության» պայմաններում նախագահի ընտրություններ անցկացնելը: Սակայն ՍԴ-ն իր վճռում չի անդրադարձել այդ կարեւոր փաստին: Ա.Վարդանյանը օրինաչափ է համարում որ իշխանությունների կոշտ եւ հանցավոր գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ արժանացան միանշանակ խիստ բացասական արձագանքի համաշխարհային ԶԼՄ-ներով, ինչպես նաեւ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների եւ Եվրոպայի մի շարք ժողովրդավարական երկրների եւ ԱՄՆ-ի քաղաքական գերատեսչությունների կողմից: Ա.Վարդանյանը Ջոն Փրեսքոթին հիշեցնում է, որ նրա հայտնի հայտարարությունը համընկավ ՀՀ Ազգային ժողովի կողմից հերթական հակասահմանադրական օրենքի ընդունմանը` երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելուն, որոնք ըստ էության գործող ռեժիմի կողմից արտակարգ դրությունը մշտապես լեգիտիմացնելու ու պահպանելու հարցը լուծեցին: Դրանով իսկ Քոչարյան-Սարգսյանական ռեժիմի անօրինական, հակաժողովրդավարական եւ ակնհայտ քրեականացված լինելու փաստը ամեն օր է արտահայտվում. արտակարգ դրության վերացումից հետո ոստիկանությունը կոպտորեն ցրել է մարտի 1-2-ին զոհված խաղաղ ցուցարարների հիշատակի ակցիային հավաքվածներին, Երեւանի փողոցներում լուռ բողոքի ակցիա անցկացնող մոմերով կանգնած կանանց նկատմամբ մահակներ եւ էլեկտրաշոկ է կիրառվել, տասնյակ մարդիկ ձերբակալվում են, ահաբեկվում են ոստիկանության բաժիններում` փաստել է իր բաց նամակում Ա.Վարդանյանը ընդգծելով, որ գործող ռեժիմի ամրապնդման հեռանկարը` Սադամ Հուսեյնի բռնապետության օրինակով, մեկնաբանությունների կարիք չունի. դա, անկասկած, լուրջ սպառնալիք է ժողովրդավարական սկզբունքների եւ խաղաղության նկատմամբ: Հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի խորացման պայմաններում` Ա.Վարդանյանը գտնում է, որ ամբողջ աշխարհի հայերը պետք է ապավինեն միայն եվրոպական ժողովրդավարական պետությունների եւ ԱՄՆ-ի աջակցությանը: Ա.Վարդանյանը արտահայտելով հարյուր հազարավոր հայրենակիցների կամքը` դիմում է Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Փրեսքոթին` կոչ անելով նրան Հայաստանի իրավիճակի վերաբերյալ անկողմնակալություն ցուցաբերելու հարցում արժանի ներդրում ունենալ Ստրասբուրգում ապրիլի 17-ին կայանալիք նստաշրջանի ընթացքում: Ա.Վարդանյանը նկատում է, որ չի կասկածում եվրոպացի պաշտոնյայի մոտ առկա այն համոզմունքի անկեղծությանը, որ ժողովրդավարությունն ու բռնապետությունը անհամատեղելի են, եւ որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է միայն այնտեղ, որտեղ իշխանությունը օրինական է, ընտրվում է ժողովրդի կողմից` ազատ եւ թափանցիկ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԱրման Գրիգորյան. «Վրաստանը կորցրեց անգամ ձեւական վերահսկողության հույսը»- Պարոն Գրիգորյան, ես գիտեմ, որ դուք հակամարտությունների, այդ թվում ներքին հակամարտությունների եւ ինտերվենցիաների... ՔաղաքականՔայլող եւ կանգնած ցուցապաստառներՀյուսիսային պողոտայում նախօրեին հայրենի իրավապահների կողմից անցկացված «շաբաթօրյակից» հետո, որի... ԱշխարհՎախճանվեց նախորդ դարի սպանության վկայագիրներից մեկը81 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ի հարավում օգոստոսի 23-ին վախճանվեց ՊԱԿ-ի նախկին գործակալ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |