|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Զարմանալի է... ամոթ է... ծիծաղելի է...14:24 Yerevan | 10:24 GMT | Friday 28 March 2008Մարինա Բաղդագյուլյան Երեկ դարձյալ բազում քաղաքացիներ ձերբակալվել էին, որովհետեւ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են ուզում ապացուցել, թե` «Տեսեք-տեսեք, ձեզ խելոք պահեք, մենք հեչ էլ չենք ամաչում մեր արածի համար, էլի կջարդենք, կսպանենք, ձեզ կուտենք` հում-հում: Մենք ամոթ չունենք: Մենք, իսկապես, շատ վատն ենք: Շա~տ...»... Անպատժելիության զգացողությունը լկտիացնում է, ավելի ճիշտ` ավելի է լկտիացնում, որովհետեւ նախ` պիտի ի բնե մի քիչ լինես այդպիսին, երկրորդ` դեւը ավելի է ոգեւորվում, երբ խրախուսվում է: Համատարած եւ չհիմնավորված ձերբակալությունները նախ զարմանք, հետո զայրույթ առաջացրին: Բայց հիմա արդեն ուզում ես ծիծաղել, թե ինչ վախեցած են, ինչ մեղք են: Եվ հասկանում ես` ինչու են այդքան հիմար վայրագ. մի քիչ ի բնե լկտիությունից է, մի քիչ էլ խղճուկությունից, իսկ ամենակարեւորը` վախից, եւ` ոչ մի քիչ, այլ` բավականին: Վախ ամեն ինչից` անմեղությունից, արդարությունից, անվախությունից, քաջությունից եւ ամենակարեւորը` Լույսի հաղթանակից: Նրանք Լույս չեն սիրում: Դա դեռ հասկանալի է` հաշվի առնելով նրանց բնույթը, էությունը: Բայց որ կանանց էլ չեն սիրում ու սարսափելի վախենում են, այ, իսկապես, շատ... ծիծաղելի անբնական է: Սոնա Մուրադյանի ձերբակալության պատմությունը ասվածի վառ ապացույցն է: «18-ն անց 10 րոպե էր, երբ ես ու աղջիկս Ազատության հրապարակից բարձրացանք Հյուսիսային պողոտա: Ճանապարհին մեզ միացավ մեր ընկերներից Արսենը: Երկու քայլ էլ չէինք արել, տեսա, որ ոստիկանները մոտենում են: Աղջիկս նկատել էր, որ կարճահասակ, դաշտային համազգեստով, կապույտ աչքերով մի ոստիկան մատով մեր կողմն է ցույց տվել, թե` «Արագ վերցնել»: Ինձ թվաց` Արսենին են ուզում տանել: Մեկ էլ զգացի, որ ետեւից իմ թեւերը ոլորեցին, գետնից կտրեցին ու փողոցով մեկ` մինչեւ ոստիկանական մեքենան, այդ վիճակով վազեցնելով տարան: Քանի հոգի էին, չգիտեմ, չէի կարող տեսնել, հասկանալ, նրանք իմ մեջքի ետեւում էին ու քարշ էին տալիս»: Սոնա Մուրադյանը պատմում է, որ նախօրդ օրը մետրոյի «Երիտասարդական» կանգառում կանգնած են եղել, կանայք զգուշացրել են. «Տիկին, զգույշ եղեք, ձեզ լուսանկարեցին: Ձեզ երեւի ձերբակալելու են»: Քիչ անց մի խումբ տղամարդիկ` քաղաքացիական հագուստով, մոտեցել են, թե` «Քրեական հետախուզությունն է»: Տիկին Մուրադյանը ասվածի հավաստիացում է պահանջել, քանի որ մեր օրերում ամեն ոք էլ կարող է այդ կերպ ներկայանալով` խելքին փչածը անել: «Նրանցից մեկը` ոմն Սիմոնյան (անունը չեմ հիշում, որովհետեւ չհասցրի կարդալ), պարզեց գրքույկը: Դեռ չէի հասցրել նայել, միայն ազգանունը աչքովս ընկավ, ձեռքիցս կոպիտ խլեց, թե` հասկացա՞ր... Եվ սպիրտի ուժեղ հոտ էր գալիս: Նրանք խմած էին: Ասացին` «Առանց աղմուկի ձեզ պիտի տանենք»: Ասացի. «Առանց ձեր պահանջներն ասելու, առանց որեւէ պատճառի ուզում եք «տանել» հերիք չէ, դուք հարբած էլ եք»: Թե` «Մի կտոր հաց ենք կերել, մի բաժակ էլ խմել ենք»»: Մոտ քսան հոգի էին: Սկսել են քաշքշել տիկին Սոնայի հետ կանգնած տղաներին, թե` պիտի տանենք: Տիկին Սոնան ձայնը բարձրացնում է. «Դուք անօրինականություն եք գործում»: Մեկ ուրիշ հարբած «քրեական հետախույզ» մոտեցավ, թե` «Ձենդ կտրի, շոու մի սարքի, քեզ էլ հետներն ենք տանելու: Լավ ենք անում` տանում ենք»... Բայց տիկին Սոնային հաջորդ օրը «տարան»` մի քանի հոգով` ուժով, բռնությամբ, ասես այդ նիհար կինը պիտի ջարդեր իրենց կամ էլ` փախուստի դիմեր, եւ դա շատ վտանգավոր կլիներ երկրի անվտանգության համար: «Ինձ տարան Կենտրոնի ոստիկանություն: Ասացի` «Ինձ բացատրեք, ի՞նչ է նշանակում այս բռնությունը, կոպտությունը: Ես հանցագո՞րծ եմ, ինչ է... Ո՞վ է թույլ տվել, որ տղամարդիկ այդպես, այդ ձեւով ինձ բերեն հասցնեն այստեղ»: Երբ տիկին Սոնան մարդկանց իրավունքները ոտնահարելուց էր խոսում, մեկը ներս է մտնում եւ պարզվում է, որ ոստիկանապետն է` Մեհրաբյանը: - Էյ, դու, ի՞նչ ես միտինգ անում: - Ես փորձում եմ իմ իրավունքները պաշտպանել: Եվ բարի եղեք ինձ հետ «դու»-ով չխոսել: - Ընկի առաջ, քո հարցերը պիտի լուծվի: Եվ ոստիկանապետը խոստանում է, որ «նրա նմաններին» պիտի մաքրեն: «Իսկ ովքե՞ր են «ինձ նմանները»` ովքեր Սահմանադրությունի՞ց են խոսում, օրենքի՞ց, իրավունքների ոտնահարումի՞ց», - հարցրել է կինը: Այդ ժամանակ ոստիկանապետ Մեհրաբյանն իրեն թույլ է տվել դատողություններ անել հայ կնոջ կերպարի մասին: Տիկին Սոնան խնդրել է, որպեսզի թույլ տան զանգել աղջկան եւ իմանալ` ի՞նչ եղավ նրա հետ: «Ընենց մի արա, որ աղջկադ ընենց կորցնենք, որ սաղ կյանքդ ման գաս, չգտնես... Ու ընենց մի արա, որ ես քո հարցերը ուրիշ ձեւով լուծեմ...»... Տիկին Սոնան անհապաղ փաստաբան է պահանջել: Նրան մեկուսացրել են մի սենյակում, հետո ժամը 21: 00-ին տարել են Նոր Նորքի ոստիկանություն: Ժամը 2-ին բաց են թողել: Ոչ բացատրագիր են պահանջել «հանցագործից», ոչ էլ իրենք են բացատրել «ձերբակալության» պատճառը: Ուղղակի, հենց այնպես: Այդպես են ուզել: «Ես 1988-ին սովետական տանկերի տակ եմ մնացել, մահակների հարվածներն եմ «կերել», որ ազատ, անկախ Հայաստան ստեղծեմ, ու, փաստորեն, նրա համար, որ ոմն ոստիկանապետ ինձ հետ այդպե՞ս խոսի, ինձ հետ այդպե՞ս վարվի: Ես չկարողանա՞մ ազատ տեղաշարժվել իմ երկրում, իմ քաղաքում: Ինչ-որ մեկը պատասխան պիտի տա՞ սրա համար: Ես վիրավորված եմ որպես ՀՀ քաղաքացի, որպես կին: Եվ քանի որ ոչ ոք էլ պատասխան չի տալու ինձ հետ կատարվածի համար, ես ամեն օր գնալու եմ Հյուսիսային պողոտա, որ վիրավորանքս փարատեմ, որ հասկանան` ինձ չվախեցրին, որ ամոթ է...»... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |