|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ստեփան Դեմիրճյան. «Իրավիճակը պայթունավտանգ է»12:27 Yerevan | 8:27 GMT | Thursday 27 March 2008Մարինե Խառատյան Մեր հարցերին պատասխանում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: -Պարոն Դեմիրճյան, Դուք ազատության մեջ գտնվող սակավաթիվ ընդդիմադիր գործիչներից եք, Ձեր կարգավիճակում գտնվող ընդդիմադիրների շրջանում այսօր հանդիպումներ, խորհրդակցություններ լինու՞մ են: Քաղաքական որեւէ գործընթաց կա՞: - Հանդիպումներ, խորհրդակցություններ լինում են, սակայն փաստորեն ընդդիմությունը զրկված է քաղաքական լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորությունից: Մինչդեռ ճգնաժամի լուծումը հնարավոր է քաղաքական գործընթացների ճանապարհով: Խոսվում է երկխոսության մասին: Ստեղծված իրավիճակում իշխանությունները պետք է գիտակցեն, որ ռեպրեսիվ մեթոդներով անհնար է հաղթահարել ստեղծված ճգնաժամը: Պետք է գիտակցեն, որ խնդիրը ոչ թե անձերի, կուսակցությունների մեջ է, այլ իրենք խնդիր ունեն հասարակության հետ եւ այս ռեպրեսիվ մեթոդները ավելի են խորացնում այն վիհը, որ առաջացել է իշխանության եւ հասարակության միջեւ: Այս իրավիճակում մենք առաջնահերթ խնդիր ենք համարում քաղաքական հետապնդումների դադարեցումը: Ինձ առաջին հերթին հետաքրքրում է, որ անմեղ մարդիկ չձերբակալվեն, չհետապնդվեն իրենց քաղաքական հայացքների համար, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Հստակ պետք է տարանջատել կոնկրետ քրեական հանցանք կատարած անձանց քաղաքական դիրքորոշումն արտահայտած մարդկանցից: Իսկ շատերը, այդ թվում` կուսակցությունների ղեկավարներ, այսօր ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար, ինչն անթույլատրելի է: Հանրահավաքները կրել են բացառապես խաղաղ բնույթ Ազատության հրապարակում: Այսօր ինչ-որ վերլուծություններ են անում, թե մարդկանց վրա ներազդել են տարբեր «տեխնոլոգիաներ» կիրառելով, բայց իրականում այդ հանրահավաքները հետեւանք էին իշխանության կիրառած տեխնոլոգիաների` ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքների եւ բռնությունների: Մարդկանց բերել էին հրապարակ հենց այդ բռնություններն ու կեղծիքները: Հիշում եք` ինչպես անցան 2003-ի ընտրությունները, ինչպիսի բռնություններով ու կեղծիքներով: Մենք տարիներ շարունակ պահանջում էինք, որ պատասխանատվության ենթարկեն կեղծարարներին, բռնություններ իրականացրած անձանց, այդպիսի պահանջ էր դրել իշխանությունների առաջ նաեւ ԵԽ-ն: Այդպես էլ որեւէ քայլ չարվեց, եւ նույնը կրկնվեց այս ընտրությունների ժամանակ: Այս ամենը հետեւանք է անպատժելիության: Ի վերջո ընդդիմությունը պետք է հասնի նրան, որ արտոնվեն խաղաղ հանրահավաքները: Մենք նաեւ պահանջում ենք, որ անկախ, անաչառ հետաքննություն իրականացվի: Նաեւ պատասխանատվության ենթարկվեն ընտրությունների ժամանակ բռնություններ իրականացրած անձինք եւ իրականացվի անաչառ, ոչ միակողմանի հետաքննություն: Այսինքն` պետք է քննել նաեւ ոստիկանության գործողությունները: Այն, ինչ տեղի ունեցավ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում, ի վերջո, հետեւանք էր Ազատության հրապարակի խաղաղ նստացույցը բռնի ուժով ցրելու: Ուժի կիրառումը բացարձակապես հիմնավորված չէր: Մյասնիկյանի արձանի մոտ ընդդիմության լիդերները ամեն ինչ արել են, որ այդ ինքնաբուխ հանրահավաքն անցնի խաղաղ, հանդարտ: - Պարոն Դեմիրճյան, այսօր, սակայն, իշխանությունը գնում է տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Ոչ միայն ազատ չեն արձակվում քաղբանտարկյալները, այլեւ ավելանում են քրեական հոդվածները, նոր մարդկանց են կալանավորում, իշխանությունն իր առաջ ծրագիր է դրել գլխատել ժողովրդական շարժումը: Ի՞նչ ելքեր եք տեսնում: - Արդեն ասացի, որ խնդիրը անձերի, նույնիսկ կուսակցությունների մեջ չի: Խնդիրը հասարակության եւ իշխանության մեջ է: Այն, ինչ անում է իշխանությունը` հեռանկար չունի: Այսօր քաղաքացիները պայքարում են իրենց իրավունքների համար: Ընդդիմադիր ուժերն էլ, բնականաբար, պետք է առաջնորդեն մարդկանց պայքարը: Իշխանությունները պետք է գիտակցեն, հասկանան, որ մարդիկ վիրավորված, վրդովված են եւ այստեղ խնդիրը անձերը չեն: Դա է պատճառը, որ շատ ակցիաներ ուղղակի ինքնաբուխ են: Այս դժգոհությունը, այս վրդովմունքը կուտակվել է նաեւ տարիների ընթացքում: Տարիներ շարունակ մարդիկ տեսել են անարդարություն, կեղծիքներ, գումարած սոցիալական բեւեռացումը: Իրավիճակը պայթունավտանգ է: Իշխանությունը պետք է գործնական քայլեր անի, որ մեղմացնի լարվածությունը, ոչ թե շարունակի ռեպրեսիվ մեթոդները: Առայժմ մենք այդ քայլերը չենք տեսնում: - Ապրիլի 9-ին կայանալու է Սերժ Սարգսյանի երդման արարողությունը. Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյանը կարո՞ղ է նախագահի պարտականությունների մեջ մտնել որպես իրավիճակը լիարժեք տիրապետող, երբ հասարակության մեջ նման իրավիճակը այսքան պայթունավտանգ է: - Դա Սերժ Սարգսյանը պետք է գիտակցի եւ առաջինը իրականացնի քայլեր` ուղղված լարվածության մեղմացմանը: Ես արդեն ասացի` որոնք են այդ քայլերը: Ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը, բնականաբար, պետք է հաղթահարվի նոր, արդար ընտրությունների միջոցով: - Ելնելով հոկտեմբերի 27-ի դատավարության փորձից` հնարավոր համարու՞մ եք, որ Հայաստանում արդարադատություն իրականացնող մարմինը արդար, անաչառ հետաքննություն իրականացնի մարտի 1-ի գործով: - Հոկտեմբերի 27-ի դատավարության վերաբերյալ մեր տեսակետը հայտնի է` իշխանություններն ամեն ինչ արեցին, որ կոծկվի այդ գործը: Այսօր իշխանությունը խնդիր ունի հասարակության հետ: Առհասարակ, հասարակության մեջ արդարադատության նկատմամբ հավատ չկա: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՃանապարհից ու վերահսկողությունից դուրս գալուն սպասելիսԵրբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա... ՔաղաքականԵռաբլուր: 8 մայիսիԵրեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր... ԱշխարհԱշխարհաքաղաքական մեծ խաղի իրողությունները...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |