“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ոստիկանության սիրտը ահ է ընկել»

12:25 Yerevan | 8:25 GMT | Thursday 27 March 2008

Կարինե Հարությունյան

Կոտայքի ոստիկանությունը լուրջ պրոբլեմների մեջ է արդեն մի քանի օր: Պրոբլեմի անունն էլ հանրահավաք է` ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների:

Ամեն Աստծո օր իրավապահները ուշ գիշերին կամ վաղ առավոտյան այցելում են միտինգավորների տները եւ բերման ենթարկում նրանց: Երեկ ոստիկանական հինգ մեքենայով գնացել են Վանատուրի բնակչուհի Աննա Առաքելյանի տուն: Աննային այնտեղ չգտնելով` նրա փոխարեն ձերբակալել են ամուսնուն եւ նրա եղբորը` Արմեն եւ Արայիկ Առաքելյաններին: Ժամեր անց եղբայրներին ազատ են արձակել, իսկ Աննա Առաքելյանից բացատրություն են վերցրել այն մասին, թե վերջինս եղե՞լ է դպրոցում եւ երեխաներին տարե՞լ է հանրահավաքի: Աննան ասել է, որ հանրահավաքները կազմակերպիչ չունեն, դրանք ինքնաբուխ են: Երեկ ձերբակալել են նաեւ Ապրես Բարսեղյանին, որոշ ժամանակ անց ազատ արձակել:

Առավոտյան ոստիկանները «այցելել են» նաեւ դպրոցներ եւ աշակերտներին վախեցրել: Հարցրել են, թե Սասուն Միքայելյանին ինչու են պաշտպանում: Անանիա Շիրակացու անվան թիվ 6 դպրոցի յոթերորդ դասարանի մի աշակերտ ասել է. «Լավ մարդ է»: Իսկ նույն դասարանից Քնարիկ Մեսրոպյանը. «Նա մեր ազգային հերոսն է»: Քնարիկից հետո երեխաները միաձայն վանկարկել են. «Սասուն, Սասուն»:

Երեկ Վանատուրի հանրահավաքին ավելի շատ մարդ է եղել` ավելի քան 500 հոգի: Ուսուցիչներին կրկին փակել են դպրոցում ու հանրահավաքին քիչ ուսուցիչներ են կարողացել մասնակցել: Սակայն ժողովրդի համերաշխությունը ավելին է, քան որեւէ արգելք: Երեկ ոստիկանները առավելապես քաղաքացիական հագուստով են եղել` ջայլամի հոգեբանությամբ: Այս մարդիկ զարմանալիորեն մի պարզ բան չեն հասկանում. ոստիկանը ինչ հագուստով էլ լինի` ոստիկան է: Ու կողքից դա անզեն աչքով էլ նկատվում է: Այսինքն` խնդիրը ձեւի մեջ չէ, այլ` բովանդակության:

...Նույն միտինգն է եղել, նույն ոգին, նույն միակամությունը: Մասնակցել են նաեւ երեխաներ ու «Ազատություն» եւ « Սասուն» վանկարկել: Սասուն Միքայելյանի մարտական ընկեր, հաշմանդամ Արշավիր Բոզինյանը հացադուլ է հայտարարել` բոլոր քաղբանտարկյալներին եւ Սասուն Միքայելյանին ազատ արձակելու պահանջով: Երեկոյան ժամը իննի դրությամբ նրան ընկերակցում էին մոտ 50 տղամարդիկ, ովքեր պատրաստվում էին գիշերը անցկացնել ազատամարտիկի հետ: Սակայն երեկոյան նույն ժամին Վանատուրում շրջում էին նաեւ ոստիկաններ, եւ լուրեր էին պտտվում, թե պատրաստվում են ձերբակալել գյուղի տղամարդկանց, հատկապես` ազատամարտիկներին: Սա տեղիք է տալիս ենթադրելու, որ այսպիսով իրեն ամենազոր համարող ոստիկանությունը ուզում է մեկուսացնել հացադուլավոր Արշավիր Բոզինյանին միանալ ցանկացող մյուս ազատամարտիկներին: Այս առիթով գյուղի բնակիչներից մեկն ասաց. «Ոստիկանների սիրտը ահ է ընկել: Տանում ու տանում են: Մինչեւ ե՞րբ: Չհասկացան, որ անհնար է: Իշխանությունը վաղուց պարտված է: Լավ կլինի իրենք էլ գան ու կանգնեն մեր կողքին»:

Երեկ հանրահավաքի մասնակիցներին առաջարկվել է ձեւակերպել հանրահավաքի պահանջները եւ ներկայացնել ոստիկանություն: «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին եւ Սասուն Միքայելյանին» պահանջների պատասխանը ակնկալում են այսօր:

Հ.Գ. Հոդվածի հետ հրապարակում ենք լուսանկարներ, որոնք կատարվել են մարտի 25-ին Վանատուրում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Ստիպված կգնան արտահերթ ընտրությունների

Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.