|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Միանշանակից անմիանշանակ` մի քայլ է12:20 Yerevan | 8:20 GMT | Thursday 27 March 2008Արամ Ամատունի Միգուցե շատերի համար զարմանալի էր, բայց Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած հերթական այցի ժամանակ որեւէ կազինոյում, որեւէ հայ պատգամավորի հանդեպ հարձակում տեղի չունեցավ: Ինչ խոսք, սա հայ-ռուսական հարաբերություններում կարելի է համարել նկատելի առաջընթաց կամ առնվազն առաջընթաց կարելի է համարել Սերժ Սարգսյանի համար, որին Մոսկվան այս անգամ փաստորեն խնայեց: Երեւի թե պատճառն այն է, որ այցն այս անգամ աշխատանքային էր եւ ոչ պաշտոնական: Սակայն խնայելն այս դեպքում կարող է հարաբերական լինել, որովհետեւ եթե կազինոյից որեւէ հարված չեկավ, ապա հարված եկավ «Կոմերսանտից», որի հրապարակումը Սերժ Սարգսյանի այցի մասին երեւի թե ավելի դաժան էր, քան կարող էր լինել հայկական պատվիրակության անդամի հանդեպ որեւէ խուլիգանական հարձակում: «Կոմերսանտի» թղթակիցը, կարելի է ասել, տվել էր վերջին օրերի հայկական իրականության եւ մասնավորապես իշխանական հոգեվիճակի ամբողջ ախտորոշումը, ընդ որում` այնպես դիպուկ, կարծես նյութը հատուկ ռեպորտաժ էր հենց Հայաստանի իշխանությունների հոգու խորքից: Թեեւ, մյուս կողմից, «Կոմերսանտի» հարգարժան թղթակից Անդրեյ Կոլեսնիկովի դիտողունակության հանդեպ ամբողջ հիացմունքով հանդերձ` պետք է նկատենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների եւ հատկապես նոր նախագահ հռչակված Սերժ Սարգսյանի հոգեվիճակի նրբերանգները հասկանալու համար հիմա այդքան էլ մեծ հմտություն պետք չէ: Հենց միայն այն, որ Սերժ Սարգսյանը դեռեւս իր երդման արարողությունից առաջ հարկադրված էր մեկնել Մոսկվա օգնության հետեւից` արդեն իսկ վկայում է, թե ինչ բարդ իրադրության մեջ է Հայաստանի իշխանական համակարգը: Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը գնացել էր օգնության համար, հաստատվում է թերեւս հենց նրա իսկ խոսքից, որ հնչեց Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրան շնորհակալություն հայտնեց նախագահական ընտրություններից եւ առաջ, եւ հետո ցուցաբերած աջակցության համար, որը, ըստ Սերժ Սարգսյանի, երբեք այդպես միանշանակ չի եղել: Այս խոսքերի տակ իրականում կարծես թե բավական նուրբ երանգներ են թաքնված, հատկապես եթե ուշադրություն ենք դարձնում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակագրությանը: Սարգսյանը Մոսկվայում նախ հանդիպեց Ռուսաստանի նորընտիր նախագահ, առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Պուտինի հետ հանդիպումը հաջորդեց Մեդվեդեւի հետ հանդիպմանը: Այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Մեդվեդեւին, Վլադիմիր Պուտինը զբաղված էր Ռուսաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցությամբ: Այսինքն` այն պահին, երբ այդ երկրի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպում էր Հայաստանի նոր նախագահի հետ, այսինքն` զբաղված էր արտաքին հարաբերությամբ, եթե իհարկե Ռուսաստանի համար Հայաստանի հետ շփումը դեռեւս համարվում է այդ երկրի արտաքին հարաբերություն, գործող, բայց արդեն հեռացող նախագահ Պուտինը հանդիպում էր կառավարության անդամների հետ եւ քննարկում ներքին խնդիրների հետ կապված հարցեր: Ըստ էության ստացվում է, որ այդպիսով ակնհայտորեն ցուցադրվում էր, քանի որ քաղաքականության, հատկապես այդ մակարդակի քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, որ Ռուսաստանում Պուտինն առաջիկայում այլեւս իր հիմնական ուշադրությունը բեւեռելու է ներքին խնդիրների վրա, արտաքին գործընկերների ու մրցակիցների հետ հարաբերությունները թողնելով Մեդվեդեւին: Այդպես է Ռուսաստանի Սահմանադրությամբ, բայց այդ երկրի վերնախավը փաստացի դրսեւորում է նաեւ, որ այդպես է լինելու իրականում: Թե ինչ կա Ռուսաստանի վերնախավի այդ մարտավարության տակ իրականում` երեւի թե առայժմ շատ դժվար կլինի հասկանալ եւ արձանագրել: Սակայն ինչպես ռուսները կասեն` «փաստը աչքի առաջ է»: Պուտինին աննախադեպ միանշանակությամբ աջակցության համար Սերժ Սարգսյանի շնորհակալությունը հնց այդ ֆոնի վրա է ձեռք բերում ոչ սովորական եւ ըստ էության բավական բազմաշերտ նշանակություն: Շեշտելով «երբեք այդպես միանշանակ» չեղած աջակցության փաստը` Սերժ Սարգսյանը ըստ երեւույթին իր տպավորությունն էր ակնարկում Մեդվեդեւի հետ հանդիպումից, որի հետ էլ այսուհետ ստիպված է լինելու աշխատել, եւ թերեւս Սերժ Սարգսյանը պարզապես ցավ էր հայտնում Պուտինի միանշանակ աջակցության երկրորդ պլան մղվելու կապակցությամբ: Ու չի բացառվում, որ հենց այդ ցավն էր Սերժ Սարգսյանի աչքերում նկատել «Կոմերսանտի» թղթակիցը եւ մանրամասնորեն ու հանգամանալից նկարագրել իր հոդվածում, թեեւ որպես ցավի պատճառ դիտարկելով ավելի շատ Հայաստանի ներքաղաքական իրողությունները եւ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառման փաստը, քան Պուտինի միանշանակ աջակցության հնարավոր կորուստը, Մեդվեդեւի, ըստ երեւույթին, ոչ միանշանակ աջակցության ֆոնին: Սակայն խնդիրն այն է, որ աջակցության աստիճանի համար ներքաղաքական իրողություններն ունեն բավական կարեւոր նշանակություն, ինչպես նաեւ հակառակը` այդ աջակցությունն ունի շատ կարեւոր նշանակություն ներքաղաքական իրողությունների համար: Սա էլ երեւի թե դիպուկ ընկալել է Սերժ Սարգսյանը, այլապես ինչ իմաստ ուներ այդպես միանշանակորեն բացահայտել Վլադիմիր Պուտինի «միանշանակ աջակցությունը Հայաստանի նախագահական ընտրություններից առաջ եւ հետո»: Միջազգային դիվանագիտական պրակտիկայում սովորաբար բացահայտվում են այն հանգամանքները, որոնք այլեւս կորսված են որպես օրակարգային խնդիրներ կամ առկա իրողություններ, կամ առկա է կորստի վտանգ, որը անցանկալի է կողմերից մեկի համար եւ այն դառնում է հրապարակային, բացահայտ, որպեսզի մյուս կողմերն այլեւս չկարողանան խուսափել առկա իրողությունից: Մյուս կողմերին մնում է միայն կամ ընդունել բացահայտված հանգամանքի առկայությունը կամ կտրականապես հրաժարվել: Սերժ Սարգսյանը Մոսկվայում ըստ էության այդպիսով փորձեց Ռուսաստանի վերնախավին, եւ առաջին հերթին Պուտինին, կանգնեցնել փաստի առաջ, քանի որ միանգամայն հասկանալի է, որ Պուտինը չէր հերքելու միանշանակ աջակցության փաստը, որովհետեւ այդ դեպքում նա պետք է հայտարարեր, որ աջակցությունը չի եղել միանշանակ: Սակայն այստեղ է ահա, որ կարեւոր է դառնում այն հանգամանքը, որ Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպման ժամանակ Պուտինը զբաղված էր Ռուսաստանում ներքին խնդիրների քննարկումով: Այսինքն` Պուտինը ըստ էության նախապես է պատասխանել «միանշանակ» աջակցության մասին Սերժ Սարգսյանի բացահայտմանը: Չնայած գլոբալ առումով դրա լավագույն պատասխան կարելի էր համարել այցն ինքնին, քանի որ միանշանակ աջակցության դեպքում պետք է որ բոլորովին էլ կարիք չառաջանար այդպես հապշտապ աշխատանքային այց կատարել Ռուսաստան, եթե դա կարելի էր անել երդման արարողությունից հետո պաշտոնական մակարդակի այցով, այդպիսով հենց ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների այդ միանշանակությունը, ոչ թե բացահայտելով: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՃանապարհից ու վերահսկողությունից դուրս գալուն սպասելիսԵրբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա... ՔաղաքականԵռաբլուր: 8 մայիսիԵրեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր... ԱշխարհԱշխարհաքաղաքական մեծ խաղի իրողությունները...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |