“Zhamanak” Armenian-American Political Daily

«Լույսն արեւմուտքից է ծագում», իսկ Հայաստանը պաշտպանվում է նրանից

12:16 Yerevan | 8:16 GMT | Thursday 27 March 2008

Մուսա Միքայելյան

Դեպի «Շանհայ», կամ Հայաստանը Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու քայլեր է ձեռնարկում Նախօրեին Իրանի արտգործնախարար Մանուչեhր Մոթաքին Տաջիկստան կատարած պաշտոնական այցի ժամանակ, այդ երկրի նախագահ Էմամոլի Ռահմոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաշտոնապես դիմել է Շանհայյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ դառնալու խնդրանքով:

Այդպիսով Թեհրանը ակնկալում է ստանալ Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը Միացյալ Նահանգների հետ առաջիկա հնարավոր առճակատման դեպքում: Սակայն, ոչ Մոսկվան, ոչ իսկ Պեկինը չեն պատրաստվում ավելացնել Արեւմուտքի դեմ հակազդեցությունը, հետեւաբար եւ առայժմ չեն կարող բավարարել Իրանի դիմումը: Ռուսաստանն առայժմ չի շտապում ընդլայնել ՇՀԿ-ն, թեեւ այդ որոշման վրա կարող են ազդել ռուսական «Գազպրոմի» շահերը, որն Իրանի հետ հարաբերությունների խաթարման պատճառով կարող է հրաժեշտ տալ մերձավորարեւելյան Եվրոպայի ուղղությամբ հոսելիք գազի հսկիչ փաթեթին: Հայաստանը եւս առաջիկայում հետեւելու է Իրանի օրինակին եւ Ռուսաստանի աջակցությունն է փնտրելու Արեւմուտքի` մասնավորապես ԵՄ եւ ԱՄՆ կառավարությունների հարաճող ճնշումները երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս մեղմելու համար: Հիշենք միայն, թե ինչպես 2005թ. մայիսին Անդիջանի դեպքերից հետո, Կենտրոնական Ասիայում ամենաարեւմտամետ Ուզբեկստանի առաջնորդ Իսլամ Քարիմովը մեկեն դարձավ ռուսամետ եւ խաղաղ ցուցարարների դեմ գործած սպանդից հետո Արեւմուտքի ճնշումներից պաշտպանվելու համար առաջինն այցելեց Չինաստան` Պեկին, ապա Ռուսաստան` Մոսկվա: Երկու երկրների առաջնորդներն էլ Ուզբեկստանից ամերիկյան զորքերի դուրսբերման դիմաց առաջարկեցին զորակցություն, որի հետեւանքով Քարիմովի բռնատիրական իշխանությունը երկարաձգվում է մինչ օրս: Հայաստանի դեպքում վիճակն առավել անմխիթար է: Եթե Ուզբեկստանի դեպքում նրա առաջնորդի պաշտոնավարումը պաշտպանելու գինն այդ երկրից ամերիկյան զորքերի ներկայությունը ռուսականով փոխարինելու պայմանն էր, ապա Հայաստանում գինն ավելի քան բարձր է. պաշտոնական Երեւանից պահանջվում է դուրս բերել հայկական զորախումբը Իրաքից, այնուհետեւ հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ԱՄՆ գլխավորությամբ Իրաքում հակաահաբեկչական կոալիցիայից: Այս ամենը քաջ գիտակցում է Հայաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ եւ ճնշումներ պատրաստող Արեւմուտքը` ի դեմս Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների: Ակնհայտ է, որ Հայաստանի շուրջ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մեկնարկող «առեւտուրը» բազմաշերտ է լինելու` սկսած ղարաբաղյան հարցում զիջումներից, մինչեւ Աբխազիա, Հարավային Օսեթիա, Վրաստանի եւ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցում, մինչեւ իսկ Կոսովոյի հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեղմացում: Բայց այս ամենը Հայաստանը կլլելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի սոսկական ցանկություններով չի ավարտվելու, որովհետեւ Հայաստանի դեպքը եզակի է: Որքան Հայաստանում երկարաձգվի սարգսյանական բռնատիրական ռեժիմը, այնքան «առուծախն» ավելի մեծ շերտեր կներառի, որովհետեւ երկուստեք` թե Արեւմուտքը եւ թե Ռուսաստանը բազմաթիվ կարեւոր հարցեր կարող են հաղթահարել հենց Հայաստանի շուրջ քննարկումների ժամանակ: Մյուս կողմից` աշխարհաքաղաքական «առեւտուրը» պայքարելու մեծ հնարավորություն է ընձեռում հայաստանյան ընդդիմությանը վերակազմակերպվելու եւ պայքարի հուժկու ալիքն ավելացնելու ու Հայաստանի բռնատիրական ռեժիմին նոր ընտրություններ պարտադրելու համար:

Բոլորի համար ակնհայտ է, որ 1999թ. հոկտեմբեր 27-ի իրադարձությունների հետեւանքով Հայաստանում ստեղծված իրադրությունից հետո, Հայաստանը վերջնականապես լծվեց բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով Ռուսաստանին փարվելուն: Ռուսաստանի իշխանավորները, հենց Երեւանում մեկը մյուսի ետեւից, հայ պաշտոնյաների ամենաթող «լսելիների» տակ մեզ անվանում էին էլ «ֆորպոստ», էլ «առաջադիրք», էլ «Ռուսաստանի հարավային դարպաս», եւ ռուսներին նույնիսկ նրանց հայ պաշտոնակիցների պատասխան լռությունը չէր բավարարում: Այս ամենը ստիպեցին, որ Հայաստանի դռները հիմնավորապես փակվեն Արեւմուտքի առաջ: Տարիներ շարունակ Արեւմուտքի ներկայությունը մեր երկրում կրում էր զուտ արարողակարգային բնույթ, ավելին` արեւմտյան կառույցների եւ պետությունների ներկայացուցիչների ամենաթող հայացքի ներքո միայն Հայաստանի իշխանությունները կարողացան մարսել 2005թ. նոյեմբերի 27-ի Սահմանադրական հանրաքվեն, եւ 2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական խայտառակ ընտրությունները, որոնք ըստ միջազգային դիտորդների` տեղի են ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է. մարտմեկյան հետընտրական իրադարձությունները Արեւմուտքին հրաշալի առիթ են տալիս գալ եւ տեր կանգնել Հայաստանի ժողովրդավարությանը: Պարադոքսալ է, բայց փաստ, որ ի տարբերություն նախկին խորհրդային այլ հանրապետությունների, Ռուսաստանն ու Արեւմուտքը հավասարապես` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած շարժման, Հայաստանում ունեն վստահելի եւ կանխատեսելի գործընկեր, այնպես որ` մինչ վերջինիս քաղաքականություն վերադառնալու պահն ունեցած մտավախությունը Հայաստանում հնարավոր իշխանափոխության անկանխատեսելիության շուրջ, այլեւս դադարել է մտավախություն լինել հավասարապես թե Արեւմուտքի եւ թե Ռուսաստանի համար:

«Ռուսաֆիկացիա»

Հետընտրական Հայաստանի «ռուսաֆիկացումն» ավելի խորացնելու է Արեւմուտքի նկրտումները դեպի Հայաստան, որոնք ուղեկցվելու են հասարակական սեկտորի ֆինանսավորմամբ, եւ մյուս կողմից` իշխանության հանդեպ արեւմուտքի քաղաքական հետաքրքրությունների ու շահերի պարտադրմամբ: Արեւմուտքի ջանքերը` անհապաղ սկսելու բանակցությունները Ղարաբաղի շուրջ խոսում են մեկ բանի մասին. թե ԵՄ-ն եւ թե ԱՄՆ-ն հասկանում են, որ Ղարաբաղյան հիմնահարցը այն անկյունաքարն է, որը կկարողանա Հայաստանում վերստին օրակարգային դարձնել իշխանափոխության հրամայականը: Նույն Արեւմուտքը հրաշալի հասկանում է նաեւ, որ Սերժ Սարգսյանի կողմից կարգավորման վերաբերյալ ստորագրված եւ ոչ մի փաստաթուղթ չի կարող վավերական համարվել, քանի որ Սերժ Սարգսյանը զուրկ է ժողովրդի վստահության նվազագույն մանդատից, ուստի եւ նրա հետ կայացրած ցանկացած համաձայնագիր դատապարտված է ձախողման: Բայց այդ ստորագրությունը կամ համաձայնագիրը, ըստ արեւմտյան դիտորդների, հրաշալի միջոց եւ առիթ կարող է հանդիսանալ հայաստանյան ընդդիմության համար վերջնականապես լուծելու Հայաստանում իշխանափոխության հարցը: Ասել է թե` Արեւմուտքը եւ մասամբ նրան միացած Ռուսաստանը Երեւանին պարտադրում են անհապաղ վերսկսել ղարաբաղյան բանակցությունները, մարտի սկզբին հայ-ադրբեջանական շփման գծում աննախընթաց հրադադարը խախտող կրակահերթերից եւ երկու կողմերից մոտ տասնյակի հասնող զոհեր տալուց հետո: Ակնհայտ է, որ գործընթացները հուշում են մեկ բանի մասին. Արեւմուտքը մանեւրելու հնարավորությունից զրկելով Սերժ Սարգսյանին` գործելու ընդարձակ ճակատ է ապահովում Հայաստանում ընդդիմության համար: Արեւմուտքը պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան կարգավորման բանաձեւը, եւ ի զարմանս նույն Արեւմուտքի եւ Ռուսաստանի շատ քաղաքագետների` կարգավորման այդ տարբերակը պաշտպանում է Հայաստանի բնակչության 350 հազար քաղաքացի (պաշտոնապես հենց այսքան մարդ է ձայն տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ): Ուստի արեւմուտքին հարկավոր է ղարաբաղյան կարգավորման հաստատուն եւ երկարատեւ խաղաղություն, որը ոչ մի դեպքում չի կարող հաստատվել Սերժ Սարգսյանի կողմից վավերացված որեւէ փաստաթղթի առկայության դեպքում:

«Բաղդադում հայերի

համար խուրմա չկա»

Արեւմուտքից պաշտպանվելու Սերժ Սարգսյանի քայլերը եւս միանշանակ չեն ընկալվելու մեդվեդեւյան Ռուսաստանում, որի հետ Տեր-Պետրոսյանն ունի, մեղմ ասած, լավ հարաբերություններ: Այս մասին գիտի նաեւ ինքը Սերժ Սարգսյանը: Իր լեգիտիմությունը վերականգնելու նրա վերջին փորձը` քառակողմ կոալիցիայի մասին համաձայնագրի ստորագրումը, հասարակական տրամադրությունների վրա ոչ միայն դրականորեն չանդրադարձավ, այլեւ ավելի խորացրեց ապատիան այդ կոալիցիայի անդամ դարձած եւ նախագահական ընտրությունների ժամանակ բացառապես ընդդիմության դիրքերից հանդես եկող «Օրինաց երկրի» եւ «Դաշնակցության» նկատմամբ: Եթե Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարությունը երկարաձգելու համար Ռուսաստանին ուղղակի հայկական ձեռնարկություններ էր շնորհում, Սարգսյանի դեպքում այդպիսիք ուղղակի չեն մնացել, մանավանդ որ` Ռուսաստանն այլեւս Հայաստանում այլ ձեռնարկությունների անհրաժեշտություն չի զգում: Սարգսյանին Ռուսաստանն ավելի դժվար ընտրության առջեւ է կանգնեցնելու նրա պաշտոնավարությունը քարշ տալու համար, այն է` Իրաքից հայկական զորախմբի դուրսբերումը դառնալու է անկյունաքարային հայ-ռուսական հարաբերությունների անկեղծության ճանապարհին: Բոլորն են հիշում, թե Ռուսաստանի քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները ինչ վայնասունով ընդունեցին 2004թ. ամռանը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հետ ձեռք բերված համաձայնությունը Հայաստանի` ԱՄՆ գլխավորությամբ իրաքյան հակաահաբեկչական գործողություններին միանալու մասին: Երեւանում լավ են հիշում նաեւ 2005թ. մոսկովյան զատուլինական բարբաջանքները ռուս-վրացական լարված հարաբերությունների ընթացքում ընդամենը լոյալություն դրսեւորելու համար Հայաստանին ուղղված Լեոպոլդ կատվին չնմանվելու կոչ-հորդորները եւ հայաբնակ Ախալքալաքի ու Ախալցխայի շրջաններում պաշտոնական Թբիլիսիի դեմ էսկալացիա սկսելու Ռուսաստանի անհաջող փորձերը:

Այժմ հենց Սերժ Սարգսյանին է վերապահված ետ կանչել հայկական զորախմբին Իրաքից, ինչպես նաեւ հարեւանների, այդ թվում Վրաստանի հետ հարաբերությունները պայմանավորել բացառապես ռուս-վրացական հարաբերություններով:

Վերջ կոմպլեմենտարությանը

Վերջին տասը տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության կոմպլեմենտարությունը հնարավոր եղավ իրականացնել ռուսամետ Քոչարյանի եւ արեւմտամետ կամ այդպիսին երեւալ ցանկացող Սերժ Սարգսյանի միջոցով: Մի կողմից` Քոչարյանն իր պաշտոնավարումը երկարաձգելու համար Հայաստանի գույքն էր տալիս Ռուսաստանին պարտքի դիմաց` վերջինիս անվերապահ սիրո մեջ խոստովանվելով, մյուս կողմից` Սերժ Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործակցության խորացման անհրաժեշտության մասին հայտարարություն էր անում Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: ԱՄՆ-ը Քոչարյանին այդպես էլ պաշտոնապես չհրավիրեց Վաշինգտոն: Վերջինս էլ բավարարվեց միայն մեկ անգամ` 2001թ. Սպիտակ տուն այցելությամբ, այն էլ Քի Վեսթում` Մեղրին հանձնելու տարբերակի շուրջ Հեյդար Ալիեւի հետ համաձայնություն կայացնելուց հետո: Մի կողմից Քոչարյանը 2004թ. ապրիլյան դեպքերից հետո զորակցության համար մեկնում էր Պուտինի մոտ, մյուս կողմից` նույն թվականի ամռանը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հրավերքի էր արժանանում Պենտագոնից եւ կայացնում հայ-ամերիկյան կարեւոր համաձայնագրեր: Ահա այսպիսի իրավիճակում մոտ տասը տարի շարունակ Հայաստանը կարողացավ մանեւրել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, ինչը չի կարողանալու անել այս շաբաթասկզբին պաշտոնական այցով Մոսկվա մեկնած եւ Ռուսաստանի զույգ նախագահներին սիրո խոստովանություն արած Սերժ Սարգսյանը: Իրավիճակը չի կարող փրկել կառավարության նախագահի հնարավոր բոլոր թեկնածուներից եւ ոչ ոք, այդ թվում Սերժ Սարգսյանի բացառած Ռոբերտ Քոչարյանը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.