“Zhamanak” Armenian-American Political Daily

Քաղաքական սնանկություն` պատմության ծանրաչափով կամ Հրապարակի տարեգրություն

12:13 Yerevan | 8:13 GMT | Thursday 27 March 2008

Գոհար Սիմոնյան

Ազգագրագետ այս տիկնոջը վաղուց եմ ճանաչում, նաեւ` հաճախ հանդիպում Ազատության հրապարակում: Միշտ լուռ է, մի տեսակ` մեկուսի: Ավելի շատ հետազոտողի է նման: Մոտենում եմ, զրուցում: Եվ այդպես` օրեր շարունակ: Ու հիմա` Ազատության հրապարակը «նարկոմանների, թափթփուկների անդեմ զանգված» ներկայացնելու այս օրերին, այս զրույցը հրապարակի տարեգրության չափ է կարեւորվում...

Սկիզբը՝ նախորդ համարում

-Իսկ եթե մենք Ձեզ հետ միասին հիմա Հրապարակին բաներ ենք վերագրում, որ իրականում գոյություն չունե՞ն: Կարծում եք` այստեղ հավաքված ժողովուրդն իսկապե՞ս գիտակցեց եւ նոր միայն մերժեց վերոհիշյալ սցենարը...

- Չեմ կասկածում: Դրա համար եմ ասում, թե օրերի տարեգրությունը պիտի հրատարակվի: Տոկոսային հարաբերությունն անկարեւոր է. քանի՞սը հստակ կշարադրեն, խնդիրը դա չէ, չգրողն իր ստորագրությունը կդնի, հրապարակ չեկող ընթերցողը կդնի. բոլորը չէ, որ հարթակից են խոսում, եւ արձագանքը միակամ է: Պիտի արձանագրվի, թե ժողովուրդն ինքն իրեն ինչպե՞ս է տեսնում եւ ինչպիսի՞ն գիտե: Հավաքականության օրերը մաքրող սարք են, եւ այդ օրերով է չափվում պատմության տարեգրությունը: Պետք չէ սպասել դրսի արձագանքներին. դրսի աչքը, որքան անկողմնակալ, ունակ չէ ներսից տեսնել մեկ այլ ժողովրդի, բացի այն, որ արդեն նախնական դիտանկյուն ունի, որ կոչվում է պետական շահից բխող դիվանագիտություն: Այն, որ 88-ի հրապարակի տարեգրությունը չգրվեց, մնացին բանավոր պատմություններ, որ մոռացվել են, մեծ բաց է: Այսօր էլ հույզ, ոգեւորություն է, երբ այն օրերի կադրերն ենք դիտում: Գիրք-տարեգրությունը եթե ոչ ոգեւորության աղբյուր, իշխանությանը գոնե զսպանակ կլիներ. այսօր շատ բան նաեւ ուրացվում է: Ցանկացած ճշմարտություն լռեցնելը, վերելք եւ վտանգ սվաղելը փորձված զենք է լրատվության ձեռքին, որ ուղղվում է իր եւ իր պատվիրատուի դեմ: Միակողմանի լրատվությունն արդեն քաղաքական սնանկություն է, հատուկ կոշտ ուժ, որ արագորեն սնանկացնում է տեղյակության, ապա եւ անհատի, ապա եւ հասարակության հոգեբանական դաշտը: Դաշտը սոսկ արտաքուստ պատմական չէ, օրվա իրականություն է. իշխանության անհեռատեսությամբ հավաքականության հոգեբանությունն իրականություն չի գիտակցվում: Սա, ցավոք, միայն արտաքին կողմն է: Ցավագին սնանկությունը, որ ազգագին է, խորքում է: Տաս տարում լրատվությունն իշխանական ձեռքով ոչ քայլ առ քայլ, այլ միանգամից եւ վերջնական հայտով մտավ մտավոր սնանկության դաշտ. փաստերի աղաղակ էր եւ վերլուծականի համրություն: Լրատվության կերպարն իր նախադեպն ուներ. յոթանասուն տարի խորհրդային մամուլը հասել էր սովետական մարդու բարոյական կերպարի տաս պատվիրանին. մի տեղ, որ ընկալվել էր զավեշտ: Այդքան էլ զավեշտական չէր. խորհրդային մարդն իր աշխարհայացքով, մտածողության համակարգով իրողություն էր, նախորդ պատմության ու մշակույթի դասագրքային կերպարն անխոս վկան եւ ապացույցն էր: Քաղաքական սնանկությունն էր նախորդել տնտեսական սնանկությանը եւ հզորագույն Միության փլվելու ամենազորեղ պատճառն էր: Գաղափարախոսական մեքենան համառում էր կամ չէր ուզում տեսնել, որ Ստալինա-Բերիա-ՊԱԿյան սապոգի հետ կողք կողքի քայլում էր մի անտես ստվեր` հավաքական անհատականությունն իր բազմազգյա կառույցով եւ ավանդականի պահպանման իր աստիճանով: Եվ հավաքականության ուժը ներկայացվում էր այս ու այն անհատի դեմքով` այլախոհից մինչեւ ազգի եւ ընդհանուր հայրենիքի դավաճան, քաղաքական բանտից մինչեւ կարգերից փախուստ: Մամուլը փառաբանական էր, բառի բարեկրթությունը պահվում էր: Սարսափը եւ թմբիրը փոխվել էր թեթեւ նիրհի. լրատվությունը լսում էին չլսելու նման, պարտադրված գրվում էին թերթ եւ չէին կարդում: Կոշտ ուժի հզորությունը թվում էր հավերժող. ներշնչում էր ապահովության զգացում եւ ստեղծագործ ուժին ապավինելու գիտակցություն: Արդյունքում դրված էր գիտության եւ մշակույթի վերելքը, որը միագաղափարախոսական երկրին հանգստավետության, բավարարվածության, պատվախնդրության եւ հզոր հայրենիքի հպարտության զգացմունք էր մատակարարում: Այսօրն իր նախադեպի հետ եւ նույնական է, եւ տարբեր. խոսքի ոգեշնչվածություն է, եւ հնչարտաբերումն անգամ ատելի է, խոսքի անկառավարելի ազատություն է, եւ անսանձ բառն ատելի է. սա մտավոր սնանկության ապացույցն է, փաստվում է ամեն օր իշխանամետ եւ ինքն իրեն հակակշիռ կարծող լրատվամիջոցներում: Նախադեպն արդեն բավարար պայման էր, որ պետության վտանգվածության զգացումը դառնա գիտակցություն. նման գիտակցության աղոտ արտացոլանքը չկա լրատվական վերլուծականում. հնի հանդեպ անլուրջ վերաբերմունք է, անստույգ գնահատական է եւ թմբիր, թե անցյալն սպանել ենք, մահախոսականն էլ հումորի պես կարդացել ենք: Սա պատմական եւ հասարակագիտական սնանկություն է, որն անսպասելի բոլոր կողմերից չի կարող չծնել քաղաքական սնանկություն: Մամուլ-եթերը չի էլ տեսնում, որ լրագրողական մեկ բառակաղապարը փոխարինվել է մեկ այլ բառակաղապարով, եւ ինքն է արագ սնանկանում: Հարցազրույցների ֆորմատը, որի միջոցով հասարակությունը լուր է առնում հայտնի անհատի մտքից, կավե կաղապար է: Լրատվությունը դառնում է մտավորականության սնանկության պատճառ եւ ապացույց: Մտավորականության մեկ այլ շերտն ընդերքում է, լրատվությունն այդ ընդերքի հետ միտումնավոր գործ չունի, անկեղծ եւ քողարկված ընդվզում է` ու՞ր է մտավորականությունը: Ակնհայտ դատարկությունն ինչո՞վ պիտի լցվի. արշավանք մտավորականության դեմ եւ ընտրովի մտավորական, անկեղծ խոսքի տեղակ հերոսական կեցվածք, ժողովուրդ երեւույթի բաց անգիտության դիմաց` ազգային հոգեկերտվածքի վերլուծականների աճուրդ, ընտրության շահեկանի դիմաց` անշահախնդիր խոհեմի եւ հեռուն տեսնողի մանրադրամ, սեփական անմեղության եւ այլոց մեղքերի ծալվեծալ փաթեթ, որը ենթատեքստերի եւ ենթադրությունների առատ հունձք է նախատեսում, եւ ատելությունը ձաղկողների ատելությունից ծռմռվող դեմքեր: Կեցվածքներով գերհագեցած օրվա աուրան սա է` որքան խորքային, նույնքան ակնհայտ: Երեւույթը կարող էր մնալ խորքի դանդաղ ընթացք. մտավոր սնանկության եւ մտավորականության տարտամ կերպարի գինը միշտ ազգն է վճարում: Կվճարեր եւ գլխի չէր ընկնի. խորհրդային փուլը նաեւ փորձառություն է: Իշխանական սնանկությունն ավելին է, քան կարող է կոչվել միակողմանի լրատվություն. դրա համար եմ ասում` քաղաքական սնանկություն եւ ոչ լրագրողական: Երկրորդ անգամ մտավորականությունը ծառս եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ իր հետ տարավ բոլոր խավերին:

Շարունակությունը՝ հաջորդիվ

Արխիվ
Վերլուծական

Ճանապարհից ու վերահսկողությունից դուրս գալուն սպասելիս

Երբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա...

Քաղաքական

Եռաբլուր: 8 մայիսի

Երեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր...

Աշխարհ

Աշխարհաքաղաքական մեծ խաղի իրողությունները

...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.