“Zhamanak” Armenian-American Political Daily

Մեր օրերում «Բոմարշեներ» ու «Մոլիերներ» չկան

12:12 Yerevan | 8:12 GMT | Thursday 27 March 2008

Մարինա Բաղդագյուլյան

Հոմոսափիենս-մարդը դեռեւս բեմ-քարանձավից կապկում էր, երեւի շատ բնական ու հաջող. դինոզավրերին ու մամոնտներին, անձրեւ, ամպրոպ ու կայծակ խաղում, մարմնավորում իրեն անհանգստացնող, դեռեւս անբացատրելի երեւույթները: Երեւի հրճվել է, նորից վախ ապրել, մտածել...

Շատ ավելի ուշ, երբ լուսարձակներով, պտտվող բեմով, շքեղ ջահերով թատրոն ֆրակով կամ կոստյումով գնացող մարդն ինքն արդեն «ամպրոպ» ու «կայծակ» որոտացող թնդանոթ էր ստեղծել, արվեստի մասին ասում էին. «Երբ թնդանոթներն են խոսում, մուսաները լռում են»...

Բայց եղել են ժամանակներ, երբ թատրոնը` արվեստի տեսակներից ամենաժողովրդականն ու կենդանի անմիջականը, արդարացի արձագանքելով ժողովրդի բորբոքված կրքերին, «խոսեցրել է» թնդանոթները:

2004 թվին էր, երբ թատրոնի մասին զրուցելու էի գնացել Խորեն Աբրահամյանի մոտ: Նա, խորը ներս քաշելով ծխախոտի ծուխը, ասաց. «Ճիշտ թատրոնը, ճիշտ ներկայացումը կարող է երկրի ընթացքը, ժողովրդի կյանքը փոխել... Իսկ հիմա թատրոնին որ նայում ես... մանր-մունր խնդիրներով... Ամենակարեւորը մոռացված է: Կարծես թատրոնը իր համար, կյանքը` իր համար, եւ կյանքը բոլորովին ուրիշ բան է, ուրիշ բարդություններով, ուրիշ մեծ ցավերով ու հարցերով...»...

Բարդություններով, մեծ ցավերով ու հարցերով մեր կյանքում, քաղաքական-հասարակական տրամադրությունների սրացման պայմաններում ժողովուրդը համարձակ խոսք է ուզում լսել: Արժանապատվության վերականգնման տարերային բնազդի բռնկումները ոչ գրգռել, ոչ մեռցնել է պետք, այլ` խաղացանկային քաղաքականությամբ ուղղորդել դեպի ճիշտ նպատակը: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցի թատերագետ Վարսիկ Գրիգորյանի հետ, ով բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ է, ում ուշադրության կենտրոնում են հայ թատրոնի ու, առհասարակ, արվեստի հրատապ խնդիրները:

«Մեր ռեժիսորները շատ են կառչած ավանդականին, նրանք չեն խախտում սկզբունքները, կաղապարները: Օրինակ` Սունդուկյանի թատրոնը. անընդհատ հին պիեսներ է կրկնում»:

Վարսիկ Գրիգորյանը ինձ ասաց, որ այդքան էլ հեշտ չէ կաղապարներից դուրս գալը: Պատմեց, թե ինչպես տարիներ առաջ Ժորա Հարությունյանը այդպես էլ չկարողացավ բեմադրել նոր ժամանակների եւ նոր «հերոսների»` օլիգարխների մասին պատմող իր պիեսը: Տիկին Գրիգորյանն ինձ բացատրեց, թե ինչումն է խնդիրը: Թատրոնի ղեկավարները կախված են մեծահարուստներից, այս կամ այն առիթով դիմում են, խնդրում: Այդ պատճառով արատավոր երեւույթները քննադատող ոչ մի պիես չի բեմադրվում:

Լույս է տեսել Կարինե Խոդիկյանի «Դրամատուրգիա» հանդեսը: «Այնտեղ հոյակապ պիեսներ կան, - ասում է, - Վ.Գրիգորյանը, - Բայց ոչ ոք չի բեմադրում: Մի քիչ արկածային, մի քիչ կենցաղային, մի քիչ սիրային պիեսներ են ընտրում: Իսկ դրամատուրգիայում շատ ավելի խորը ենթատեքստ ունեցող պիեսներ կան: «Բոլոր ժամանակների համար» վերնագրով պիեսում մի դաժան միապետի կերպար կա` կազմալուծող, մարդկանց վերացնող: Ոչ ոք չի համարձակվում այդ պիեսը բեմադրել»: Սակայն տարիներ առաջ հեռուստատեսային թատրոնը բեմադրել էր Կարինե Խոդիկյանի պիեսներից մեկը` «Դարպասներ»: Այն պատմում էր մի քաղաքի մասին, որի բնակիչներից շատերը թողել, գնացել էին ուրիշ քաղաքներ: Օրերից մի օր հեռացողներից մեկը վերադառնում է: Բայց քաղաքապետը ժամը վեցին քաղաքի դարպասները փակելու մասին օրենք էր ընդունել: Այդ մարդը հասնում է այն պահին, երբ դարպասներն արդեն փակվում են: Որքան բացատրում, խնդրում է ներս թողնել հայրենի քաղաք, թույլ չեն տալիս: Այդ մարդը ողջ գիշեր դարպասների ետեւում պիտի մնար, մինչեւ առավոտյան կբացեին քաղաքի դարպասները: «Դուք հասկանու՞մ եք, ես իմ տունն եմ եկել: Կարոտ կա, ես ուզում եմ րոպե առաջ մտնել», - խնդրում էր վերադարձածը: Ոչինչ չի ազդում, այնպիսի ոստիկանական, չինովնիկական ռեժիմ էր, այնպիսի մեքենայական դաժանություն էր մտել դռնապանների մեջ, որ անհնար է լինում նրանց վրա ինչ-որ կերպ ազդել: Այս խիզախումը վաղուց էր` հին ու բարի այն ժամանակներում, երբ դեռ գործում էր հեռուստատեսային թատրոնը...

Մեր օրերի համար թատերագետը խիզախելու ելքեր առաջարկեց. «Այլ պիեսներում կարող են առանձին նախադասություններ շեշտել, մարտականացնել, պաթետիկանացնել, հերոսականացնել այն մտքերը, որոնք բռնության, փողի ապականման, ընտանեկան հարաբերություններում կապիտալի միջամտությանը համակերպվելուն դեմ են, ամենայն մարդկային բարոյականի պաշտպանության համար են: Այդ նախադասություններն էլ թնդանոթի պես կարող են հնչել»:

Իսկ ինչպե՞ս էր լինում, որ թատրոնը, ոչ առանձին նախադասությունները շեշտելու խորամանկությամբ, այլ ակնհայտ` ողջ սյուժեով, «խոսեցնում էր» թնդանոթներին: «Այն ժամանակ էլ արգելքներ կային, - ասաց Գրիգորյանը, - բայց Բոմարշեն Բոմարշե էր, Մոլիերը` Մոլիեր: Միապետը նրանց մասին ասել էր. «Նրանք ավելի զորավոր են իրենց գրչով, քան ռումբ արձակեին կայսրության վրա»»:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.