|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Հերիք մարդ գողանաք»14:41 Yerevan | 10:41 GMT | Wednesday 26 March 2008Է.Գ. Հյուսիսային պողոտայում արդեն ավանդական դարձած «զբոսանքը» երեկ թվում էր թե առանց միջադեպերի է անցնելու. մարդիկ դարձյալ քայլում էին, մի քանի խումբ երիտասարդներ շախմատ էին խաղում, ոստիկանները մոտ երկու ժամ կանգնած էին, ոմանք երբեմն քայլում էին ժողովրդի մեջ, իսկ ոստիկաններով շրջապատված մի երիտասարդ տեսախցիկով մանրազնին նկարահանում էր զբոսնող մարդկանց: Ժամը 19.00-ին արդեն Հյուսիսային պողոտայում մեծ բազմություն էր զբոսնում, մարդիկ անգամ զարմացած էին, թե իրավապահները ինչու ավանդական նախազգուշական պահանջը չեն ներկայացնում` «ձեր գործողությունները անօրինական են...» եւ սկսում` «ցրելու» գործընթացը, ինչի արդյունքում նախորդ օրը ըստ էության` երթ անցկացվեց: Ի դեպ, երեկ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն էր եւ այդ առիթով Օպերայում հուշ-երեկո էր անցկացվում, եւ սա էր պատճառը, որ Ազատության հրապարակում երեկ ոստիկանության աշխատակիցներ եւ մեքենաներ չկային: Մեզ հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը մի ուշագրավ դեպք պատմեց. նա բարձրացել էր Օպերայի հարթակ, կանգնել էր այն տեղում, որտեղ սովորաբար ելույթ ունեցողներն էին կանգնում եւ սկսել էր մեն-մենակ նայել Ազատության հրապարակին: Կարճ ժամանակ անց նրան են մոտեցել երկու հաղթանդամ գնդապետներ եւ ի՞նչ եք կարծում` ի՞նչ են հրամայել Ա.Զեյնալյանին: Ցրվել: «Ասացին, որ գնամ այդտեղից, իրենց հետ քայլելով հեռանամ այդ տեղից», - տեղեկացրեց Ա.Զեյնալյանը: Ինչեւէ, երեկ իրավիճակը ակնհայտորեն փոխվեց այն բանից հետո, երբ Հյուսիսային պողոտայում հայտնվեց ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը եւ Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը: Զբոսնող համաքաղաքացիներից մի քանիսը խմբով զբոսնելիս շատ հստակ լսել էին, թե ինչպես է Ներսես Նազարյանը հեռախոսով այսպես խոսում` «Ուրեմն, նայում եք ով է ու հավաքում եք»: Մի ականատես էլ (ազատազրկված քաղբանտարկյալներից մեկի կինը) մեզ պատմեց, թե ինչպես է ոստիկանության պաշտոնյաներից մեկը հայհոյանքներով համեմված ինչ-որ ցուցումներ տվել, դժգոհել, թե մարդիկ «համը հանում են», «ուզում են բորբոքեն, էսա կստանան...»: Քիչ անց այդպես էլ «հավաքեցին»: Ժամը 19.55-ին, երբ արդեն մթնշաղ էր, լրագրողների մեծ մասը հեռացել էր Հյուսիսային պողոտայից եւ դեռ չէր միացվել այդ տարածքի լուսավորությունը, ոստիկանության մի քանի խմբեր արդեն տեղաշարժված, խմբված էին շենքերի հետեւում: Հանկարծակի նրանցից երեք-չորսը մոտեցել են մի երիտասարդի, որը բջջային հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանի թողարկումը լսելիս է եղել, ձեռքերը ոլորելով արագ հեռացրել են տարածքից: Ուղիղ հինգ րոպեի ընթացքում նույն կերպ հայրենի իրավապահները բերման ենթարկեցին եւս հինգ մարդու, ականատեսները վստահեցնում էին, թե նրանցից մեկը կին էր: Դեպքից միայն երկու ժամ անց պարզվեց, որ նրանցից մեկը «Այլընտրանքի» անդամ Մուշեղ Միլիտոնյանն է: Հյուսիսային պողոտայում հավաքված կանայք, որոնց չէր հաջողվել կանխել քաղաքացիներին բերման ենթարկելու պրոցեսը, զայրացած բղավում էին ոստիկանության պաշտոնյաների վրա` «ինչու՞ գողացաք այդ մարդկանց, հանգիստ քայլում էին, անամոթներ», «հերիք մարդ գողանաք», «ինչու՞ չեք թողնում մեր քաղաքում զբոսնենք», «զբոսնելու համար մա՞րդ եք ձերբակալում», իրավիճակը բավականին լարվել-թեժացել էր մի պահ, մարդկանց դժվար էր հանդարտեցնել: Մոտեցանք Արաբկիր համայնքի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանին տեղեկություն ստանալու, թե ի՞նչ պատճառով են այդ մարդկանց բերման ենթարկում կամ գիտե՞ն, թե ովքեր են այդ մարդիկ, սակայն նա խիստ տոնով հրաժարվեց որեւէ տեղեկատվություն տալուց, նշեց, թե ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանանք: Մարդկանց «որսից» անմիջապես հետո Հյուսիսային պողոտան լուսավորվեց, մարդիկ սկսեցին հեռանալ, իսկ Ներսես Նազարյանը դեմքի բավական գոհ արտահայտությամբ զննում էր հեռացող երեւանցիներին: Հյուսիսային պողոտայի դեպքերից հետո «ԺԵ»-ի տեղեկություններով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը գնացել էին Կենտրոնի ոստիկանություն, որտեղ ԱԺ պատգամավորները մեկուկես ժամ ոստիկանության շենքի մոտ են եղել, սակայն նրանց թույլ չեն տվել ներս մտնել, հավաստիացրել են, թե բերման ենթարկվածներին բաց կթողնեն: Բերման ենթարկված մյուս հինգ անձանց ինքնությունը ուշ երեկոյան դեռ չէր հաջողվել պարզել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծական«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել: ՔաղաքականԱյսօր: Մատենադարանի մոտ: 19.00Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ... ԱշխարհԻ՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |