“Zhamanak” Armenian-American Political Daily

«Հիսուս, փրկիր բոլորին»

14:40 Yerevan | 10:40 GMT | Wednesday 26 March 2008

Կարինե Հարությունյան

Այս աստվածահաճո խնդրանքը Հրազդանի ճանապարհին էր, աջակողմյան մի բլուրի վրա: «Գրված»` սպիտակ քարերով:

Իսկ Հրազդանի Վանատուր թաղամասում հանրահավաք էր: Ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ մյուս քաղբանտարկյալների: Բավականին մարդ էր հավաքված: Մեծ մասամբ` կանայք եւ երեխաներ: «Տղամարդկանց տարել են, կանայք ու երեխաներն են մնացել», - ասացին միտինգավորները: Սակայն հավելեցին, որ կանանց եւ երեխաներին էլ են «հյուրընկալել» ոստիկանությունում ու նրանցից ոմանց որոշ ժամանակ անց բաց են թողել: Ընդհանրապես միտինգին նախորդող գիշերը մարդկանց տներից հանել-տարել էին` ամեն օր տեղի ունեցող ցույցերին մասնակցելու պատճառով, ու գյուղացիներն արդեն կատակի էին վերածում. «- Էսօր գա՞մ ձեր տուն: - Բա որ իմ հետեւից գան, քեզ էլ հե՞տս բռնեն»: Երեկ, ժամը 16-ի դրությամբ դեռ բերման ենթարկվածներն այնտեղ էին: Նրանց մեջ էր նաեւ չորս երեխաների մայր մի կին, որի ամուսնուն իրենից առաջ էին ձերբակալել:

Ժողովուրդը լրագրող տեսնելով շրջապատեց ու իրար հերթ չտալով պատմում էին, թե ինչպես են ոստիկանները իրենց ձեռքից խլել Սասուն Միքայելյանի նկարներն ու «Ազատություն» կարգախոսը: «Մենք մեր պատգամավորին ենք պահանջում: Մենք ենք ձայն տվել նրան, մենք ենք ընտրել ու իրեն ենք պահանջում: Ի՞նչ է արել: Էդ մարդը ազգի հերոս է, ժողովրդի թիկունքին միշտ կանգնած է եղել: Մեկը չի եղել, որ օգնության կարիք զգա ու ինքը չօգնի: Հիմա էլ մեզ ասում են` գնացեք, թե չէ գլուխներդ կջարդենք: Չորս-հինգ հոգու ուզում էին տանել, չթողեցինք: Քաշքշեցին, կանանց մեկի թեւը վնասվեց», - պատմեցին: Ի դեպ` իմ աչքով տեսա այդ կնոջ վնասված ձեռքը:

«Իմ համագյուղացին է Սասունը, իմ հերոսն է: Վեց ժամ ինձ տարել, պահել են: Ինչի՞ համար: Գողություն ե՞մ արել, թե՞ զենք եմ պահում: Իմ ուզածը իմ ընտրած դեպուտատի ազատությունն է», - ասաց Կարինե Գեւորգյանը: Այդ պահին ոստիկանները էլի գործի անցան: Մարդկանց հեռացնում էին, երեխաներին` նույնպես: Երեխաները հետ-հետ էին գնում ու «Սասուն» վանկարկում: 16 տարեկան մի անառողջ տղա կպավ մի մեծ քարի ու ընկավ: Մոտեցա Հրազդանի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանին: Վերջինս իմ որեւէ հարցին չպատասխանեց: «Պարոն ոստիկանապետ, ինչու՞ չեք խոսում», - հարցրի: «Խոսելու բան չունեմ», - ասաց ու հետո էլ, թե. «Երեխեքին բացատրեք թող գնան տուն»: Սա էլ ոստիկանապետը, որի թափը ավելի ուշ տեսանք, երբ ինձ եւ խմբագրության վարորդին բռնի ուժով բերման ենթարկեցին: Սակայն սրա մասին ավելի ուշ:

...Մինչ հրազդանցի իրավապահների հետ բախվելը, հարցուփորձ էի անում ցույցի մասնակիցներին, որոնց մեջ շատ էին ուսուցիչները: Նրանք կարող էին ավելի շատ լինել, եթե, ինչպես ասացին մյուսները, ոմանց դպրոցում փակած չլինեին: «Ժողովուրդը իր արդար պահանջը ունի, իր ազգային հերոսին է պահանջում, որը ապօրինի կալանքի տակ է եւ նրա հետ էլ բոլոր քաղբանտարկյալներին: Արդարություն ենք պահանջում: Ազատություն քաղբանտարկյալներին` Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Մարդիկ այստեղ ոչ մեկին չեն վնասում, պարզապես կանգնած իրենց արդար պահանջն են առաջադրում: Մարդկանց բռնում-տանում են, նույնիսկ` երեխաներին: Սա ընտրությունների հարց չէ, որ ասեն` երեխան ընտրող չէ: Սա քաղաքականություն չէ: Երեխան իր ազգային հերոսին է պահանջում: Այդ հերոսը ժամանակին այս երեխաների ապագայի համար է կռվել եւ այսօր մեր այս մանկահասակ սերունդը իր հերոսին է արդարացիորեն պահանջում: Սրանք հայրենասիրական դասեր են նաեւ այս երեխաների համար: Մեր ազգային հերոսին դավաճանի պիտակ են ուզում կպցնել, վարկաբեկել: Անհնար է: Նա այնքան է մեր սրտում, որ ոչ ոք չի կարող նրան վարկաբեկել կամ նրա հեղինակությունը նսեմացնել», - ասաց թիվ 6 դպրոցի ուսուցչուհի Գայանե Սիմոնյանը: Այդտեղ էին Սասուն Միքայելյանի քրոջ որդու` ձերբակալված Սոս Գեւորգյանի երկու փոքրիկ երեխաները, որոնք իրենց թոթով լեզվով «Սասուն, Սասուն» էին կանչում: Իսկ մեկն ասաց. «Աղբամանի միջից զենքը հանեցին, Սոսի վրա գործ սարքեցին»: Մի պապիկ էլ, թե. «Մեր ազգային հերոս Վազգեն Սարգսյանի գլուխը կերան, հիմի էլ Սասունի ու մյուսների գլուխն են ուզում ուտել: 37 թիվն են գլխներիս սարքում»: Այդ ամբողջ ընթացքում տեղական իշխանության ներկայացուցիչը նկարահանում էր: «Նկարում են, որ տեսնեն հետո ում են բաժին տանելու: Մեզ էլ ասում էին` շնորհակալ եղեք, որ «սպեցնազ» չենք կանչում: Սասունի նկարից են վախենում, որովհետեւ սատանեն չի կարա նայի էս սրբության դեմքին», - ասում էին կանայք: Իսկ մի տատիկ. «Թուրքը չկարաց Սասունի ձեռքը ոլորի, իրանք ոլորեցին` դավաճանի պես»: «Սասունը էն ժամանակ ազգային հերոս էր, հիմի դարձավ դավաճա՞ն: Էդ ո՞նց եղավ: Դավաճանները դարձրին դավաճան», - ասաց Ալեքսան Վարդանյանը:

...Այսպես կարելի է երկար շարունակել, քանի որ ժողովուրդը այնքան «լցված» էր, որ բոլորն ուզում էին խոսել: Իսկ նրանք շատ-շատ էին: Երեխաները գոռում էին «Սասուն, Սասուն»: Ու դա տեսնողը կարող էր հասկանալ ոստիկաններին: Նրանց եւ ընդհանրապես վարչախմբի վախի պատճառը ոչ թե Սասուն Միքայելյանն ու մյուսներն են, այլ հենց ժողովուրդը: Ժողովրդի այս ոգին ոչ միայն մայրաքաղաքում է, ոչ միայն Հրազդանում է, այլ` ամենուր, Հայաստանի բոլոր անկյուններում: Ու այդ վախն է, որ նրանց թելադրում է հետապնդել ոչ միայն ազատատենչ ժողովրդին, այլեւ իրենց պարտականությունը կատարող լրագրողներին: Եվ այդ վախն էր նաեւ պատճառը, որ Հրազդանում տեղական ոստիկանությունը սեւեռվել էր մեր ուղղությամբ: Մի երկուսը` քաղաքացիական հագուստով մոտեցան, թե. «Մենք ձեզ հրավիրում ենք մի քիչ հեռու: Մեկը ուզում է Ձեզ հետ խոսել: Բան ունի ասելու»: «Դուք ո՞վ եք, ներկայացեք: Ո՞վ ուզում է խոսել, թող գա այստեղ խոսի», - ասում եմ: Իսկ ժողովուրդն էլ իր հերթին չէր թողնում. «Չգնաս, կբռնեն-կտանեն, ապարատդ ու ձայնագրիչդ կխլեն»: Սրանք մի քիչ էլ պնդեցին ու...«ձեռնունայն» հետ գնացին:

Երբ որոշ ժամանակ անց արդեն վերադառնում էինք, նկատեցինք, որ առանց պետհամարանիշի մի սպիտակ «Նիվա» մեզ հետեւում է: Եկան առաջ անցան ու ոստիկանական մի մեքենայի հետ կանգնեցրին մեզ: Վարորդին դուրս հանեցին, իսկ ինձ չթողեցին դուրս գալ: Դուռը բացեցին, թե. «Մենք ձեզ հրավիրում ենք ոստիկանություն, խոսել ենք ուզում»: «Ներկայացեք, դուք ո՞վ եք», - ասում եմ: «Կգաք` կիմանաք: Մենք Ձեզ հրավիրում ենք»: Ասացի` ես ձեր հրավերը չեմ ընդունում ու ոտքս դուրս հանեցի մեքենայից` դուրս գալու համար: Դուռն ուզում էին փակել: «Ոտքս տակն եք թողնելու՞», - ասում եմ ու հրում դուռը, որ դուրս գամ: Դուռը ուժով հրեցին ու տեսան, որ համառում եմ, մեկը ինձ հրելով նստեցրեց մեքենան, վարորդին էլ նստեցրին իրենց մեքենան եւ մեզ բերման ենթարկեցին Կոտայքի մարզային ոստիկանություն: Ճանապարհին. «Քեզ խելոք պահի, տեսեք ինչ ենք անելու, էսա ակտ ենք գրելու...»: Ոստիկանատան բակում էլ չթողեցին մի քանի քայլ իրենցից հեռու կանգնել: Այնպիսի տպավորություն էր, թե հետախուզման մեջ գտնվող քրեական հանցագործի են բռնել ու բավականին գռեհիկ եւ կոպիտ էին իրենց պահում: Բջջայինս զանգեց. «Չխոսես, անջատի հեռախոսը»: Երբ միացրի երկուսով հարձակվեցին ու մեկը փորձում էր ուժով` ձեռքս քաշելով-ոլորելով վերցնել այն: Իսկ ես արդեն կանգնած էի մեքենաներից մեկի ու պատի արանքում, որի լայնությունն ընդամենը 10-15 սմ էր: Երբ կատաղած գնդլիկ սեւ բաճկոնավորը եւ մյուսը նորից հարձակվեցին եւ ձեռքս էին քաշում, ճչացի: Ես ճչում եմ` իրենք գոռում են: Ի վերջո, բարձրացանք ոստիկանապետի աշխատասենյակ: Բայց ես արդեն ի վիճակի չէի ոչ լսելու, ոչ էլ առավել եւս խոսելու, քանի որ կատարվածից հետո սրտի թուլություն էի զգում ու բավականին երկար ժամանակ ուշքի չէի գալիս: Եկան մարզային ոստիկանապետ Ռոբերտ Ստեփանյանն ու քաղաքային ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանը: Պարզվեց, որ նրանց հուզել էր փաստը, որ ես «անմահացրել» էի իրենց: Սկզբում բավականին կոպիտ էին խոսում: Նույնիսկ մեկն ասաց, թե ես վատ չեմ եւ ընդամենը դերասանություն եմ անում: Այստեղ նույնպես արգելում էին հեռախոսազանգերին պատասխանել: Մոտ մեկ ժամ այդտեղ ինձ ու վարորդին պահելուց հետո ասացին, որ կարող ենք գնալ: Այդ օրը, ի դեպ, Կոտայքի մարզային ոստիկանությունը նույն` բերման ենթարկելու փորձ էր արել նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողներ Գագիկ Շամշյանի եւ Թագուհի Թովմասյանի նկատմամբ, բայց միտինգավոր կանայք կարողացել էին փրկել նրանց: Իսկ հետո եկել էին նաեւ ՄԻՊ աշխատակիցները:

Հարց կարող է ծագել. ինչու՞ այդպես անակնկալ մեզ ազատ արձակեցին: Կարծում եմ` իրենք ավելի լավ գիտեն:

Իսկ ետդարձի ճանապարհին նորից աչքս ընկավ բլուրին գրվածը. «Հիսուս, փրկիր բոլորին»:

Արխիվ
Վերլուծական

«Ընդհանուր սահմա՞ն», թե՞ «ցամաքային կապ»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարությունների պակաս վերջին օրերին չի զգացվել:

Քաղաքական

Այսօր: Մատենադարանի մոտ: 19.00

Սիրելի հայրենակիցներ Այսօր, ժամը 19-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ Համաժողովրդական Շարժումը հրավիրում է համահանրապետական ՀԱՆՐԱՀԱՎԱՔ...

Աշխարհ

Ի՞նչ է գոռացել. գուցե` «առաջ, Հայաստա՞ն»

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ԱԺ պատգամավոր...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.