|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Շարժումը չի կարող չշարունակվել»14:38 Yerevan | 10:38 GMT | Wednesday 26 March 2008Հեղինե Մանուկյան Ներկայացնում ենք տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանի հետ մեր զրույցի` քաղաքական ներկա իրավիճակին առնչվող հատվածը: (Սկիզբը` նախորդ համարում): -Պարոն Շիրխանյան, ինչպե՞ս կգնահատեք քաղաքական իրավիճակի ներկա փուլը: - Ես մինչեւ փետրվարի 19-ը ինձ համար մի երեւույթ էի արձանագրել, որ Հայաստանը ազատվում է հոկտեմբերի 27-ի տասնամյա դժոխքից, որովհետեւ հոկտեմբերի 27-ը սկսել է ոչ թե 1999-ին, այլ սկսել է այն պահից, երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է Հայաստան, նշանակվել վարչապետ ու սկսել իր խաղերը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ` նպատակ ունենալով հասնել նրա աթոռին ու պահել այն: Իսկ դրան հասնելու համար ինքը պետք է չեզոքացներ Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին, Էդվարդ Եգորյանի ամբողջ թիմին, այնուհետեւ Վազգենի ամբողջ թիմին, Կարեն Դեմիրճյանին, Ստեփան Դեմիրճյանին եւ այսպես 10 տարի շարունակ: Դժոխք Հայաստանում, որը այլասերեց հասարակությունը, ոգեզրկեց հայ ժողովրդին Ղարաբաղը պահելու գաղափարից: Իմ ոգեւորությունը մեծ էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց մինչ մարտի մեկը հասնել հասարակական զարթոնքի, սակայն եղավ արյունալի գարնանամուտը: Ի՞նչ փոխեց դա: Իրականում` ոչինչ, բայց հստակեցրեց խնդիրը: Այն ժամանակ դա մի ժողովուրդ էր, որը բարձրացել էր պաշտպանելու իր արդար ընտրական իրավունքը, այժմ արդեն ողջ ժողովուրդն է հասկացել, որ ինքը պետք է մղի ազատագրական պայքար Հայաստանն ազատագրելու համար: Իշխանությունները իրենց աթոռը պահելու համար այդ պահին ժողովրդին մարտահրավեր նետեցին, իսկ ժողովուրդը պատվով ընդունեց այն ու առ այսօր ապացուցում է, որ այնուամենայնիվ ազատագրելու է Հայաստանը: Վատ է հնչում չէ՞, կարծեք օտար ուժը եկել ու տիրել է Հայաստանին, բայց դա այդպես է, որովհետեւ այս իշխանությունները հայանպաստ, Ղարաբաղին նպաստող որեւէ գործողություն այս ընթացքում չարեցին, ընդհակառակը ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը փակուղի մտցրին: Ո՞վ պետք է ավելի շատ ուրախանար մեր ժողովրդի հոգեւոր վերելքով, ե՞ս, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, եթե նա ղարաբաղցի է, նա պետք է ավելի շատ ոգեւորվեր, նա պետք է ավելի շատ շնորհապարտ լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ հենց վերջինս վերականգնեց այն ուժը, որը տեր է կանգնելու Ղարաբաղին: Փոխանակ նրանք դրանից ուրախանային, փորձում են նորից կոտրել այդ ուժը: Սա նշանակում է, որ այդ մարդկանց համար Ղարաբաղը որեւէ բան չի ներկայացնում, որ նրանց համար հիմնական ուժը միայն աթոռն է ու փողը: Սա պետք է հասկանա ոչ միայն մեր ժողովուրդը, այլ առաջին հերթին ղարաբաղցիները: Ղարաբաղում ես շատ լավ, ազնիվ, հայրենասեր ընկերներ եմ ունեցել` վիտոներ, մուրդներ, ռոլեսներ, ռազմիկներ, ղարաբաղյան հիմնադիր շարժման մարտիկներ: Ու հիմա ինձ համար զարմանալի է, թե ինչի են նրանք լռում, չեն տեսնու՞մ, որ իրենք ոչ թե կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են, այլ վառում են այն` իրենց էլ այդ ճյուղի հետ: Գուցե վախենում են, աչքի առաջ ունենալով բազմաթիվ դեպքեր, երբ ճշմարիտ ասված խոսքին հետեւել է փողոցում գտնված դիակը: Մենք բոլորս ունենք պատասխանատվության մի հսկայական բեռ մեր ուսերին, պարտավորված ենք այն բազմաթիվ զոհերի եւ հաշմանդամների առաջ, որ հաղթանակը պետք է անպայման արձանագրվի, հակառակ դեպքում անիմաստ է դառնում, թե ինչու՞ մենք տարանք այդ տղաներին, ինչու՞ հրամայեցինք, ինչու՞ հասցրեցինք այն բանին, որ շատ ընտանիքներ մնան առանց հոր... Այս պարտականությունը մեր վրայից կարող է վերցնել միայն մի բան` Ղարաբաղի հաղթանակի պաշտոնական արձանագրումը միջազգային ատյաններում: Եթե հանկարծ, Աստված չանի, այս ռեժիմը գոյատեւի, սա իր հետ բերելու է մի քայքայիչ ու ամենադաժան արտագաղթ Հայաստանից, բայց նախեւառաջ Ղարաբաղից: Այն ճնշումները, որոնք մենք այսօր ունենք ամենաազդեցիկ երկրների, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կողմից, բերելու է ղարաբաղյան խնդրի «կարգավորման» այն բանաձեւին, որին այսքան տարիներ ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան: - Ինչո՞վ եք բացատրում Ձեր հիշատակած ընկերների լռությունը: - Ես կասկածում եմ, որ նրանք պահպանվել են այնպես, ինչպես եղել են նախկինում` հոգեւոր, հայրենասեր, հանուն իրենց հողի ամեն ինչի գնացող: Ես նույնսիկ կարծում եմ, որ այդ դիմակավորների մեջ, ովքեր մարտի 1-ին գնդակահարում էին մեր ժողովրդին, հնարավոր է իրենք էլ են եղել: Շատ ցավալի բան է սա, որովհետեւ կարծես թե Քոչարյանին հաջողվել է մի շատ ստոր միտք մտցնել բոլոր ղարաբաղցիների մեջ, որ` այ Հայաստանն ուզում է Ղարաբաղը ծախել, իսկ մենք ուզում ենք ամեն գնով պահել այն: Եթե նա մտածող մարդ է, թող վերցնի իր 10 տարվա աշխատանքն ու նայի, կտեսնի, որ 10 տարի Ղարաբաղը կիսով չափ դատարկվել է, կորցրել է հայ ժողովրդի հոգեւոր աջակցությունը, եւ ամենակարեւորը դիվանագիտական դաշտում մենք իրար ետեւից տանում ենք սարսափելի պարտություններ: - Ըստ Ձեզ, ո՞րն է գործող իշխանությունների` Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ցուցաբերած անգործության պատճառը: - Մարդու համար ամենածանր փորձությունը աթոռն ու փողն են: Եթե նա չի դիմանում այդ փորձություններին, ուրեմն ամենավեհ գաղափարներն անգամ նրա մոտ փոշիանում են: - Նույնիսկ այնպիսի գաղափար, ինչպիսին Ղարաբա՞ղն է եւ դրա շուրջ ստեղծված կոնֆլիկտը լուծված տեսնե՞լը: - Այո, նույնիսկ եւ առաջին հերթին, որովհետեւ դավանելով այդ գաղափարին, ինքը չէր կարող դավանել միաժամանակ աթոռին ու փողին, դրանք համատեղելի չեն: Կամ-կամ-ի խնդիրը կար, եւ ինքը ընտրեց փողն ու աթոռը: - Անդրադառնանք մարտի 1-ին հայտնի պատճառներով ընդհատված Շարժմանը: Այս իրավիճակում, երբ իշխանությունները ամեն կերպ հոգացին, որպեսզի չեզոքացնեն հանրահավաքների վերսկսման շանսերը, ի՞նչ եք կարծում, այսուհետ ի՞նչ կերպ պետք է շարունակվի Շարժումը, եթե իհարկե շարունակվելու է: - Շարժումը չշարունակվելու շանս չունի: Իշխանությունը փորձում է այն կասեցնելու համար գործի դնել ղեկավարներին «հավաքելու» մեխանիզմը: Բայց եթե շարժումը համաժողովրդական է, այն կազմակերպիչներ եւ առաջնորդներ չի ունենում, բոլորն են մասնակիցներ ու կազմակերպիչներ եւ եթե այն այսօր հայաստանյան է, վաղը դառնալու է համահայկական, ազատագրման գաղափարն արդեն տիրում է մարդկանց հոգիներին, ուղեղներին: Բիրտ միջամտությունն էլ ավելի է նպաստելու, որ շարժումը հզորանա եւ էլ ավելի նոր շարքեր ընդունի, իսկ ամեն մի բռնություն ավելացնելու է իշխանությունների պատասխանատվության բեռի ծանրությունը: Իսկ ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը վստա՞հ է, որ կկարողանա այս ժողովրդին այս մթնոլորտում կառավարել այն թիմով, որն իր կողքին այսօր հավաքված է: Իհարկե ոչ: Նման բան որեւէ երկրի նախագահ կարող էր երազել մի 50-80 տարի առաջ, այսօր նման հասարակարգ, պետական կառավարման համակարգ ստեղծելն անհնար է: Աշխարհը փոխվել է, իսկ գլոբալիզացված աշխարհում հնարավոր չէ ստեղծել ստրուկների եւ տերերի կղզյակ: - Իսկ իշխանություններն ընդունա՞կ են այդքան բան ըմբռնել եւ ստեղծված իրավիճակին համարժեք քայերի գնալ, մասնավորապես` «նորընտիր նախագահը»: - Նա առիթ ունեցել է իր գործունեության ընթացքում շփվել ավելի խելոք մարդկանց հետ: Ես առաջին հերթին նկատի ունեմ Վազգեն Սարգսյանին, երբ նա վարչապետ դարձավ, ծրագիր ստեղծեց Հայաստանի զարգացման համար: Եթե այդ խելոքներից որեւէ բան իր մոտ մնացել է, նա կարող է գտնել ինչ-որ ելքեր: Իրավիճակը նրան դրել է մի կոնկրետ դիրքի մեջ, որտեղ նա ճիշտ քայլեր անելու ելք չունի, որովհետեւ իր աթոռի համար պարտավոր է այն թիմին, որն իրեն բերել է այդ աթոռի վրա եւ չի կարող խախտել իր պարտավորություններն իր թիմի առաջ: Եթե նա այնքան ռիսկ ունենա, որ սկսի մաքրել թիմը, ընդ որում` անկեղծորեն մաքրել, ոչ թե ժողովրդին դուր գալու համար, ինքը ելք կունենա: - Իսկ ու՞մ պետք է առաջին հերթին, ինչպես դուք ասացիք, «մաքրի»: - Բոլորին, բոլորին, այնտեղ կան հատուկենտ մարդիկ, որոնց միգուցե արժե թողնել: Եվ հետո, ինչու՞ մենք պետք է իրեն խորհուրդ տանք, թող ինքը գլխի ընկնի: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԵթե թողնեն բանալինՈր Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում... ՔաղաքականՓաստահավաք խմբի զեկույցը մարտիմեկյան դեպքերին բանակի մասնակցության մասին կլինիՓաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները, ինչպես հայտնի է, աշխատում են իրենց թվով 5-րդ` վերջնական զեկույցի վրա: ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |